Լրահոս

17.02.2014 14:25


Կինոգետ. ««Նիմֆոմանուհին» պոռնոդրամա չէ»

Կինոգետ. ««Նիմֆոմանուհին» պոռնոդրամա չէ»

Այսօրվա ասուլիսին կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, կինոգետ Զավեն Բոյաջյանը և բլոգեր Տիգրան Քոչարյանն անդրադարձել են աշխարհահռչակ կինոռեժիսոր Լարս ֆոն Թրիերի վերջին աղմկահարույց ֆիլմին՝ «Նիմֆոմանուհուն» («Հեշտամոլը»)։ Ֆիլմի պրեմիերան կայանալու էր Հայաստանում՝ «Սինեմասթար» կինոթատրոնում, Տեառնընդառաջի օրը, սակայն կինոթատրոնն անսպասելիորեն հրաժարվել է ցուցադրել այն՝ պատճառաբանելով, որ մի շարք անձինք և հասարակական խմբեր դեմ են ֆիլմի ցուցադրությանը, կինոթատրոնն ընտանեկան ժամանցի վայր է, Հայաստանն էլ պատրաստ չէ այդ ֆիլմի դիտմանը։

Կինոգետ Զավեն Բոյաջյանը մասնավորապես նշել է, որ ֆիլմը պոռնոդրամա որակելն անհեթեթություն է, քանի որ կինոգիտության մեջ այդպիսի ժանր գոյություն չունի։ Եվ «Հեշտամոլը» ոչ թե պոռնոգրաֆիա է, այլ բարձրակարգ արտ-հաուսի նմուշ:

«Ես հակված եմ համարելու, որ այս ամենը կինոթատրոնի վատ, ես կասեի՝ անգրագետ, տգետ կամ տհաս մարկետինգի կամ մարկետինգային սխալ քաղաքականության հետևանք է»,–նշել է կինոգետը:

Բլոգեր Տիգրան Քոչարյանն էլ կինոթատրոնի այդ քայլը որակել է «վիրուսային» մարկետինգ, այսինքն՝ աղմուկ բարձրացնել իր վրա ուշադրություն գրավելու նպատակով.

«Իմ կարծիքով «Սինեմասթարն» ուղղակի սադրեց ժողովրդին, և այստեղ պետք է հաշվի առնենք, թե որ օրն էին ուզում ցուցադրել. դա եկեղեցական տոնի օրն էր՝ Տրնդեզի օրը, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, որպեսզի հավատացյալ մարդիկ իրենք էլ ընդվզեն»,–նշել է բլոգերը:

Նա ֆոն Թրիերի ֆիլմն անվանել է պոռնոգրաֆիա և նշել, որ մեր ժողովրդին պոռնո ժանրով զարմացնելը զավեշտալի է:

Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն էլ, կինոթատրոնի որոշումը մարկետինգային քայլ որակելով, տվել է «պոռնո» ժանրի բնորոշումը. այն ոչ թե խոշոր պլանով սեռական օրգանների ցուցադրությունն է, այլ ֆիլմ, որը նկարահանված է միմիայն անձնավորությանը գրգռելու նպատակով: Ռեժիսորը նաև շեշտել է, որ անձնավորության սեռական կյանքը ցուցադրելու միջոցով կարելի է ջրի երես հանել շատ ու շատ հոգեբանական խնդիրներ:

Այս խորագրի վերջին նյութերը