Լրահոս

17.02.2014 17:42


«Դ!ԵՄ ԵՄ» թիմի անդամ. «Ինձ թվում է՝ բոլորն են ողջունում, որ նման բան է հայտարարում Գագիկ Ծառուկյանը»

«Դ!ԵՄ ԵՄ» թիմի անդամ. «Ինձ թվում է՝ բոլորն են ողջունում, որ նման բան է հայտարարում Գագիկ Ծառուկյանը»

Հարցազրույց «Դ!ԵՄ ԵՄ» թիմի անդամ Հայկ Ավետիսյանի հետ

–Փետրվարի 15–ին՝ ԵԿՄ համագումարի ժամանակ, Սերժ Սարգսյանը, խոսելով կուտակային կենսաթոշակային օրենքի պարտադիր բաղադրիչի մասին, իր ամբողջական սատարումը հայտնեց՝ չնայած միաժամանակ խոստովանելով, որ հասարակության 80%–ը դեմ է այդ օրենքին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը։

–Նախագահն իր բերանով ասում է, որ 80%–ը դեմ է։ Ժողովուրդն ամե՛ն կերպ թույլ չի տալու, որ այդ օրենքն անցնի։ Իսկ որ իրենք այդ օրենքին կողմ են, հայտնի է եղել սկզբից, երբ «Դ!ԵՄ ԵՄ» շարժումը սկսվում էր։ Ի դեպ, այն, որ հիմա շատ են դրա մասին խոսում, նշանակում է՝ իրենք արդեն ինչ–որ անհանգստություն ունեն։

–Փաստորեն, Սերժ Սարգսյանը գիտի, որ ժողովրդի 80%–ը դեմ է, բայց, միևնույն է, հայտարարում է՝ մենք անցկացնելու ենք «ժամանակի մեքենան», քանի որ մտածում ենք հենց այդ նույն ժողովրդի մասին։ Այսպիսի գործելաոճը նորմա՞լ է։

–Բնականաբար, նորմալ չէ՛։ Ու որ ասում է՝ մենք հո ախմախ չե՞նք, ճի՛շտ է ասում. այդ օրենքն իրե՛նց՝ կառավարության համար շատ լավ է, բայց շատ վատ է ժողովրդի համար։ Մարդկանցից վերցնում են «երկար և էժան» փողեր, մի մասը տալիս են դուրս, իսկ մյուս մասն էլ չգիտեմ՝ ուր են ծախսելու. անհայտ ուղղությամբ են գնալու։ Մի խոսքով, այդ օրենքը՝ որ հետո մարդկանց, իբր, թոշակով են ապահովելու, բացահայտ սուտ է։ Նախ՝ բոլորն էլ շատ լավ գիտեն՝ ՍՍՀՄ–ի ժամանակ մարդկանց կուտակած փողերն ինչ եղան, և շատ լավ գիտեն Հայաստանի ներկայի՛ս վիճակը։ Եվ հետո, պարտադիր կուտակայինը պաշտպանող քաղաքական գործիչներն էլ բացահայտ սուտ մեկնաբանություններ են տալիս, մեկը մյուսին հակասող հայտարարություններ անում։ Ամեն ձև փորձում են իրենց ուզածն անցկացնել։

–ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանն «ինքնաասուլիսի» ժամանակ չբացառեց, որ այդ օրենքում կան անհարթ իրավաբանական ձևակերպումներ, պատրաստակամություն հայտնեց այդ անհաջող ձևակերպումներն ուղղել: Բայց, միաժամանակ, վստահություն հայտնեց, որ իմաստը չի՛ փոխվելու, և այդ «էժան և երկար փողը» իրենք պետք է ունենան։ Սա Սահմանադրական դատարանի վրա ակնհայտ ճնշում չէ՞։

–Այո՛, Սերժ Սարգսյանը փորձում էր ճնշել։ Մենք կոչ ենք անում ՍԴ–ին չենթարկվել որևէ ճնշման, որովհետև ՍԴ–ի կոչումն է՝ լինել անկախ և սահմանադրական որոշում կայացնող մարմին։ Սա բացահայտ հակասահմանադրական օրենք է, և ո՛րևէ մեկը չպետք է կարողանա խոչընդոտել այդ որոշումը կայացնելուն։

–Նույն օրը, բայց արդեն այլ դահլիճում, ընթանում էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը, որտեղ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հայտարարություններից տրամագծորեն հակադիր դիրքորոշում հայտնեց կուտակայինի մասին. «Հանրապետությունում իրականացվող տնտեսական և սոցիալական անպտուղ քաղաքականության պարզ օրինակ է կենսաթոշակային, այսպես կոչված, ռեֆորմը: Սրանից ավելի անմարդկային և անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է»,–հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։ Նրա այս խոսքերն ինչպե՞ս եք գնահատում։

–Շատ լավ է, որ քաղաքական գործիչների մի մասը նման գնահատական է տալիս, այսինքն ճի՛շտ են գնահատում օրենքի անմարդկային ու սխալ լինելը։ Դա նշանակում է, որ քաղաքական գործիչների մի մասն ուղղակիորեն կողմ է, որ ժողովրդին վնասող այդ օրենքը չընդունվի։ Ես դա ողջունում եմ, և ինձ թվում է՝ բոլորն են ողջունում, որ նման բան է հայտարարում Գագիկ Ծառուկյանը։

–Գագիկ Ծառուկյանը խոսեց նաև լայն կոնսոլիդացիայի անհրաժեշտության մասին, որում նա տեսնում է խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերին (նաև` ՀՀԿ–ի առողջ զանգվածին) և հասարակական սեկտորին։ Այս լայն կոնսոլիդացիայի մեջ դուք անձամբ ինքներդ ձեզ, «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությանը տեսնո՞ւմ եք։

–Ես՝ որպես հասարակ քաղաքացի, գտնում եմ, որ ՀՀ–ի մյուս բոլոր քաղաքացիներին էլ չպետք է հետաքրքրի, թե որ քաղաքական ուժն ինչ ուղղվածություն, քաղաքական ինչ կողմնորոշում ունի՝ լիբերալ է, թե պահպանողական և այլն։ Ամենակարևորը միացյալ ուժերով պայքարն է։ Ինչը հայ ժողովրդի շահերից է բխում, այդ հարցի շուրջ պետք է միավորվեն բոլո՛րը։

–Իսկ «Դ!ԵՄ ԵՄ» անդամների շրջանում ինչպիսի՞ տրամադրություններ են կոնսոլիդացվելու հարցի վերաբերյալ։

–«Դ!ԵՄ ԵՄ»–ն այնքան մեծ թվով մարդկանց է ընդգրկում, որ ես դժվարանում եմ նման կարծիք հայտնել։ Ես իմ անունից եմ ասում ու համոզված եմ, որ մարդկանց մեծ մասն էլ այդ կարծիքին է՝ ինչը հարում է հայ ժողովրդի շահերին, դրա վերաբերյալ պետք է բոլորը միավորվեն ու պայքարեն։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը