Մեկնաբանություն

18.02.2014 00:20


Բելին սպանել են, Շամիրամի ու Ավարայրի փղերի հարցը «մի սուտկում» լուծել են

Բելին սպանել են, Շամիրամի ու Ավարայրի փղերի հարցը «մի սուտկում» լուծել են

Անցնում է մեկ օր, հետո՝ երկրորդը, բայց չես մոռանում, չես կարողանում հանել-ջնջել ուղեղիցդ այն ամենը ինչ տեսել ու լսել ես:

Չի ստացվում: Չի ստացվում, քանի որ ժամերն ու օերերն անցնում են ու դու ավելի ես համոզվում, որ ապրում ես Բոլշեւիկյան Հայաստանի Հանրապետությունում առաջնորդ բոլշեւիկի նախագահությամբ (ականջդ կանչի Աշոտյան, ի՞նչ Արեւեւլյան, միա՛յն Բոլշեւիկյան):

Հե՛նց Բոլշեւիկյան Հայաստանի Հանրապետությունում, քանի որ միայն Բոլշեւիկյան Հայաստանի ամենամեծ դահլիճում էր հնարավոր տեսնել ու լսել նորմալ մարդու համար անհնարին ու անեւեակայելի ամեն բան:

«Համայնական-լայնարձակ» դահլիճի բեմից շատ բոցաշունչ ելույթներ հնչեցին՝ ի գովաբանումն երկու անձի եւ «երկրապահական» դահլիճի, որի առնվազն 70 տոկոսը ոչ մի կապ չուներ երկրապահի եւ երկրապահության հետ:

Բաց քվերակություններն էլ «համայնական» ոճով էր տեղի ունենում. «Ո՞վքեր են կողմ…Շնորհակալություն դեմ, ձեռնպահ չկա»:

Բայց մի կին հռետորի սրտամաշ ու սրտամորմոք ելույթն անմոռանալի է:

«Հարգելի պատվիրակներ, ավանդունթի համաձայն, ուզում եմ ողջունենք դահլիճում ներկա մեր բոլոր մայրերին, քույրերին, կանանց ու աղջըկերքին եւ ձայնը տանք նախագայության անդամ ազատամարտիկների մայր…»,- հայտարարեց նախագահությունում նստածը, ով դեռ 30 տարի էլ նստելու է:

Տիկինը մոտեցավ ամբիոնին եւ երկույթն սկսեց նախ դիմելով «Վերջի բոլշեւիկին». «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Արցախի հերոս Սերժ Ազատի»։

Ծափերի ընթացքում երեւաց մի փոքր կանաչած դեմք, ով, կարծես, մի թեթեւ քրտնեց: Դե, առաջին պահին ականջին անսովոր բան լսելը, այն էլ իրեն արված նման պատիվը անսպասելի է: Հնարավոր է ամեն բան, բայց, երբ տեղնուտեղը կամ չեղած տեղից քեզ սարքում են «Արցախի հերոս»՝ անակնկալ մի բան է: Պահն անցնում է, դառնում է սովորական, այդպես էլ պետք է լիներ, բա ի՞նչ: Մանավանդ, երբ հետո հռետոր կինն ավելի առաջ գնաց եւ ասմունքելու պես հայտարարեց, որ դահլիճում նստածներին նաեւ պետք է «Ազգային հերոսի» կոչում տալ:

Այնուհետ նա դիմեց ԵԿՄ երկրորդ հավերժ նախագահին. «Երկրապահ կամավորականների միության նախագահ, ֆիդայապետ, զորավար, գեներալ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյան»:

Հիմա էլ սա, ոնց որ մի թեթեւ քրտնեց ու կողքինին ինչ-որ բան ասաց: Երեւի, ի տարբերություն «Վերջի բոլշեւիկի», իրեն շատ երկար ներկայացրեց, մի երկու ածական ավելի էր ասվել:

Շարունակելով խոսքը՝ տիկինը ոնց որ էլի «համը հանեց»։ Զորավարի, «Արցախ աշխարհի պատերազմի լեգենդի» առողջությունը թանկ է նրա համար եւ «որպես հոգատար մայր» առողջություն եւ արեւշատություն մաղթեց Մանվել Գրիգորյանին, որից, ինքը, երեւի մի քանի տարով էր մեծ: Հա, ի դեպ, ավելի ուշ պարզվեց, որ «հոգատար մայրը» ոչ թե «նախագայության անդամ» է , այլ՝ վարչության:

Ինչեւէ, ասմունքանման ելույթը շարունակելով՝ կին հռետորը դիմելով դահլիճին ասաց. «Դո՛ւք, սիրելի երկրապահներ, հանգցրիք պատերազմի կրակը, հանգցրիք ձեր իսկ արյունով, եւ արյունը շաղախելով մեր հողին, այդ հողը դարձրիք մեզ համար արյունակից…. Եվ Քարանձավից դուրս եկած այդ Մհերն ու մարգարե Մովսեսը այդ դո՛ւք էիք, որ բռնեցիք հայոց ազգային ձեռքը եւ տարաք դեպի անկախության, դո՛ւք եք այն հերոսները, որոնք մեր առասպելական այլ հերոսների պես՝ ինչպես Հայկը Բելի դեմ, ինչպես Արա Գեղեցիկը Շամիրամի դեմ, ինչպես Վարդանը Ավարայրում, ինչպես Անդրանիկն ու Նժդեհը՝ դարձաք Վազգեն ու Մանվել, դարձաք Հայրո ու Մեխակ, դարձաք Ավո եւ ա՛յն հերոսները, որոնք ահա այսօր նստած են այս դահլիճում: Փառք ձեզ, սիրելի երկրապահ…»:

Լսում ես տիկնոջն ու նայում ես դահլիճին. Էդուարդ Շարմազանով ու Սամվել Ալեքսանյան, Հերմինե Նաղդալյան ու Արթուր Բաղդասարյան, ՀՀԿ-ական նախարարներ ու պատգամավորներ, կարիերիստ բազեականներ, չծառայած քաղաքապետ ու տարբեր տրամաչափի անհաշիվ պաշտոնյաններ։ Ողջ պարտերը սրանք են՝ կարմրաթուշ ու հաստավիզ, այն տիպերից որոնց կոկորդը մի թեթեւ սեղմնես՝ «իկրա» դուրս կգա՝ կարմիր ու սեւը միանգամից:

Էսպես չաղ ու բախտավոր, թանկ ու շիկ «կաստում-շըլվար-գալստուկով» կիսափռված նստած են: Բելին սպանել են, Շամիրամի ու Ավարայրի փղերի հարցը «մի սուտկում» լուծել են, իրենց արյունը շաղախել են հողին ու եկել-նստել են «ամենամենձ զալում»:

Հազիվ են թաքցնում ձանձրույթը, բայց ճիշտ ժամանակին ծափ են տալիս, հետո նայում են ժամացույցին, ժամանակը փող է, փողը՝ ժամանակ, շուտ արեք պրծեք, գնանք-հասնենք մեր բիզնեսներին՝ մինչև այդ օբյեկտում սնվելով:

Միայն «Վերջի բոլշեւիկը» կարող էր այսպիսի «Լավատեսական ողբերգություն» բեմադրել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը