Տնտեսական

18.02.2014 13:12


Գարեգին Մելքոնյան. «Չենք կարող ասել՝ գնաճ կլինի՞, թե ոչ»

Գարեգին Մելքոնյան. «Չենք կարող ասել՝ գնաճ կլինի՞, թե ոչ»

Այսօրվա ասուլիսին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանն ասել է, որ նախարարության կողմից կազմվել է առաջնային այն ապրանքների ցուցակը, որոնք համարվում են զգայուն, և Մաքսային միությանը միանալու դեպքում պետք է գործեն ՀՀ մաքսատուրքերի դրույքաչափերը։

«Այդ ցուցակը պետք է ներկայացվեր կոմիտեին, և սկսվեին քննարկումները: Այն կազմելու համար մենք շարունակում ենք մեր հանդիպումները գործարարների հետ, որոնք ևս ներկայացնում են այն ապրանքները, որոնք, ըստ իրենց, զգայուն են, և կարիք կա այդ ապրանքների մաքսատուրքերի վերաբերյալ բանակցել Ռուսաստանի հետ»,–ասել է բանախոսը։

Նախարարի տեղակալը նշել է նաև, որ ներքին քննարկումների ամփոփումից հետո ցանկը կներկայացվի ՄՄ համապատասխան մարմիններին հարցն ուսումնասիրելու և բանակցությունը սկսելու նպատակով:

Անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը՝ Մելքոնյանը պարզաբանել է, որ երրորդ երկրներից կատարվող ներմուծումների ժամանակ Հայաստանը պետք է կիրառի ՄՄ–ում այդ երկրների նկատմամբ գործող մաքսատուրքերի միասնական դրույքաչափեր.

«Ուզում եմ առանձնացնել, որ Մաքսային միության` ներկա պահին գործող մաքսատուրքերի դրույքաչափերի զգալի մասը գերազանցում է Հայաստանում ներկայումս գործող մաքսատուրքերի դրույքաչափերը»։

Խոսելով ՄՄ–ին միանալուց հետո հավանական գնաճից՝ Մելքոնյանն ասել է. «Մինչև չավարտվեն մաքսատուրքերի դրույքաչափերի փաթեթի շուրջ բանակցությունները, մենք չենք կարող ասել` գնաճ կլինի՞, թե ոչ, և եթե այո, ապա որքա՞ն կլինի»:

Ինչ վերաբերում է երրորդ երկրից մեքենա ներկրելուն և այն հետո ՄՄ երկրներ արտահանելուն, բանախոսը նշել է, որ այն պետք է կրկին անգամ մաքսազերծվի: Ըստ նրա՝ այդ հարցը հստակեցնելու կարիք ունի, և գտնվում է քննարկման փուլում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը