Մեկնաբանություն

20.02.2014 10:20


Դարանած թշնամուն բոլորն են տեսնում

Դարանած թշնամուն բոլորն են տեսնում

Սերժ Սարգսյանի ցանկացած ելույթ թեկուզ ականջի պոչով լսելուց հետո հնարավոր չէ չզարմանալ: Մտածում ես՝ լավ, այս մարդն ամեն անգամ ո՞նց է հաջողացնում ասել բաներ, որոնք լիովին բնութագրում ու արտացոլում են հենց իրեն, իր իշխանությանը, իր վարած քաղաքականությանը եւ դրա հետեւանքով երկրում ստեղծված մթնոլորտին ու իրավիճակին:

Խնդրեմ, «վայելեք» ԵԿՄ համագումարում նրա ելույթի այս հատվածը. «Մեր առջև հին հակառակորդն է: Վհատվածությունն ու հուսահատությունը: Սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը: Հասարակության մյուս անդամների հանդեպ վստահության պակասը: Մշուշի մեջ և մշուշից անդին տեսնելու անկարողությունը: Հոգնածությունն ու անվճռականությունը: Սրանք են եղել մեր իրական թշնամին նախորդ տասնամյակներում: Սրանք են դարանել գալիքի ճանապարհին: Սրանց ենք հաղթելու մենք ու մերօրյա երիտասարդները»:

Առանց տարակուսանքի հնարավոր չէ լսել «տառապյալ բանաստեղծի հոգու ճիչով» գրված եւ արտասանված այս տողերը:

Ի՞նչ «նախորդ տասնամյակներ», երբ այս ամենի միակ հեղինակը գործող իշխանությունն է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որի վեցամյա գործունեության արդյունքում վհատվածությունն ու հուսահատությունը դարձել է համատարած, ինչը կոտրել է մարդկանց՝ դարձնելով թերահավատ սեփական ուժերի հանդեպ:

Մշուշն ու անորոշությունը հե՛նց «ապահով Հայաստանի» մթնոլորտն է, նրա «դեմքն ու դիմագիծը», երբ արդեն վեց տարի ոչ մշուշն է ցրվում, եւ ոչ էլ անորոշությունն է դառնում որոշակի:

Հոգնածության եւ անվճռականության «սերմնացանը» հե՛նց Սերժ Սարգսյանն է, ով, սակայն, այս ամենը վերագրում է «նախորդ տասնամյակներից», իբր, փոխանցվող «հին հակառակորդին»:

Անկախության 23 տարիներին երբեք ժողովուրդն այս աստիճան վհատված ու հուսահատված, հոգնած ու զզված, անօգնական ու անկարող չի եղել, ինչպես տեսնում ենք վերջին վեց տարիներին:

Արտագաղթի, աղքատության, կոռուպցիայի, ամենաթողության, անօրինության եւ անպատժելության մթնոլորտում վեց տարի տառապող ժողովուրդը, որ գոյություն է քարշ տալիս հանցավոր մշուշում, ինչպե՞ս կարող է տեսնել «մշուշից անդին», երբ իր աչքի առաջ իշխանությունը ճարպակալում է, ինքը՝ սմքում ու չորանում, երբ իշխանությունը ավելի ու ավելի է լկտիանում ու թալանում, ինքը՝ նահանջում ու կորցնում ունեցած-չունեցածը՝ տուն, աշխատանք, ամեն ինչ եւ, ի վերջո, դառնում է աստանդական:

Ի՞նչն եք «հաղթելու», դուք ձե՞զ, որ ստեղծել եք այս իրավիճակն ու մթնոլորտը՝ հոգեբանորեն պարտության մատնելով ժողովրդին եւ սպանելով նրա հավատը ամեն ինչի նկատմամբ:

Եվ եթե կա մի իրական թշնամի, որ դարանել է գալիքի ճանապարհին, ապա դա դուք եք եւ ձեր գիշատիչ թիմը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը