Մեկնաբանություն

20.02.2014 11:20


«Alea Jacta Est», թե՞ «Bellum omnium contra omnes»

«Alea Jacta Est», թե՞ «Bellum omnium contra omnes»

«Այսօրվա ականները վաղը մեր զավակների գլխին փոթորիկ կբերեն, կդառնան «Bellum omnium contra omnes» կամ «բոլորի պատերազմը բոլորի դեմ»: Ու արդեն հասունացած փոքրիկը կհարցնի.

Եվ «ո՞ւր ես առաջարկում գնալ, երբ ռումբերը թափվեն», Սե՛րժ:

Ի՞նչ ենք պատասխանելու նրան: Որ տարիներ առաջ ռոմանտի՞կ էինք կամ չէի՞նք հասկանում. սա՞ է մեր պատասխանը: Չի՛ հավատա մեզ, Սե՛րժ, կկարդա այս նամակը ու հաստատ կասի. «Դու առաջ նայելով տեսնում էիր այդ ամենը, ինչո՞ւ այնտեղ գնացիր»»:

Սրանք Սերժ Սարգսյանի՝ մեկ տարի առաջ հնչեցրած խոսքերն են ուղղված ռոք–երաժիշտ Սերժ Թանկյանին։ Հիրավի ոսկե խոսքեր, որոնք ուղղված են հենց Սերժ Սարգսյանի դեմ (երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ելույթի տեքստ գրողները շատ հաճախ «կայֆավատ» են լինում նրա վրա կամ էլ՝ ցինիզմի դոզան է շատ)։

Այն օրերին քննարկվում էր կեղծված ընտրությունների հարցը։ Սերժ Սարգսյանն արդարանում էր և դեմագոգիկ կերպով փորձում երկրի ապագայով մտահոգ մարդու իմիջի մեջ մտնել։

Հարկ է նկատել, որ շատ խորհրդանշական բառեր ու ձևակերպումներ է օգտագործել Սերժ Սարգսյանը Սերժ Թանկյանի հետ հեռակա բանավեճի ժամանակ։

«Bellum omnium contra omnes». սա, իրականում, Սերժ Սարգսյանի՛ գործունեության հիմնական կարգախոսն է, մինչդեռ տոկոս «խփածն» ինքն է իբր դժգոհ բոլորը բոլորի դեմ պատերազմից։ Այսինքն այն, ինչից դժգոհում է Սերժը՝ իր գործունեության բնույթն է։

Ս. Սարգսյանը գիտի, որ հանրային լեգիտիմություն չի ունեցել, չունի և չի ունենալու, և պատճառը միայն մարտի 1–ը չէ։

Վերջին տարիները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանն ունի զուտ աթոռը պահելու և փող աշխատելու խնդիր։ Այդ իսկ նպատակով խնդիր է դրվել «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել, որի շրջանակներում պետք է կուլակաթափ արվեն բոլորը՝ խոշոր բիզնեսմենից մինչև փոքրը։ Հիմա հերթը հասել է աշխատողներից փող պոկելուն։ Անունը դրել են «Կենսաթոշակային բարեփոխումներ»։

Ահա այդ նեոբոլշևիկյան ծրագիրը կյանքի կոչելու համար «Վերջի բոլշևիկին» պետք է պառակտված հասարակություն, որի տարբեր շերտերը հիմնականում պայքարեն ոչ թե իր, այլ միմյանց դեմ։ Այսինքն՝ Սերժը փորձում է ստեղծել մի գաղջ մթնոլորտ, որի պայմաններում բոլորը կպայքարեն բոլորի դեմ։ Պետք է խոստովանել, որ գաղջ մթնոլորտի ստեղծման հարցում Սերժը լուրջ արդյունքներ է գրանցել։

Գաղջ մթնոլորտի շրջանակներում Սերժ Սարգսյանը պատրաստ է ստանալ հայհոյանքներ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կողմից՝ պայմանով, որ նրանք այդ հայհոյանքները չմեկտեղեն ու միասնաբար հանդես չգան։ Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանն իր աթոռի պահպանման խնդրի լուծումը տեսնում է բացառապես պառակտված քաղաքական ու հասարակական դաշտի դեպքում։ Այդ ուղղությամբ նա ահագին ջանքեր ու ֆինանսական միջոցներ է ներդրել։

Ստեղծվել է «գեբելսյան քարոզչամեքենա», որի մաս են կազմում «անկախ» լրատվամիջոցները («1in.am»–ներ), «թունդ ընդդիմադիր» քաղաքական գործիչները (Դավիթ Շահնազարյան, Արամ Սարգսյան և այլն), այսպես կոչված փորձագետները (իրենց «ֆեյքերով» հանդերձ), Լֆիկ Սամոյի կամ «Տարոն ջանի» հրաժարականի պահանջի վրա մասնագիտացած «քաղաքացիական» ակտիվիստները։

«Գեբելսյան քարոզչամեքենայի» նպատակն է Սերժ Սարգսյանին ու Տիգրան Սարգսյանին հայհոյելով հանդերձ՝ պայքար մղել նույն Սերժի ու Տիգրանի ընդդիմախոսների դեմ և նպաստել հասարակական ու քաղաքական դաշտի պառակտմանը։

«Մուտիլովկաների» և այլ տեխնոլոգիաների կիրառման միջոցով Բաղրամյան 26–ը դրել է հետևյալ կոդը. «Այո՛, Սերժ Սարգսյանը վատն է, բայց մնացածներն էլ մի բան չեն, ուստի թող Սերժը մնա, կամ էլ եկեք պայքարենք Պուտինի ու ՄՄ–ի դեմ, քանզի Հայաստանի ներսում հարց չի լուծվում»։

Իշխանությունները խուճապի են մատնվում ու ընկնում հիստերիկայի մեջ, երբ երևում են կոնսոլիդացիայի ծիլերը։ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի, նրա թիմակիցների ու քաղաքական գործընկերների դեմ վայրահաչոցներն, ըստ այդմ, ուղղորդվում են Բաղրամյան 26–ից։

Իշխանություններին հունից հանում են իրենց վերահսկողությունից դուրս գործող կազմակերպություններն ու անհատները։ Դա է պատճառոը, որ իրենց շնիկներին քսի են տալիս բոլոր այն կառույցների կամ անհատների դեմ, ովքեր իրապես անկախ են։ Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի գլխավորած օլիգարխիկ բուրգի հարցերը լուծելու համար անհրաժեշտ է լայն կոնսոլիդացիա։ Անհրաժեշտ է մեկտեղել ուժերն ու ջանքերն ուղղել մեկ թիրախի վրա։ Միասնական ուժերով հնարավոր կլինի ականազերծել ՀՀ տնտեսական ու քաղաքական դաշտը։ Ով այդպես չի մտածում կա՛մ քաղաքականապես անմեղսունակ է, կա՛մ «դհոլ»։

Չի՛ կարելի խաղալ Սերժի առաջարկած «Bellum omnium contra omnes» խաղը։

ՀՀԿ ղեկավարը ձեռնոց է նետել հանրությանը։ Նա հայտարարում է, որ 80 տոկոսը դեմ է իրենց (իրականում այդ թիվը մեծ է, բայց հիմք ընդունենք «Վերջի բոլշևիկի» ասածները), բայց միևնույն ժամանակ առաջ է քաշում «Մեր դեմ խաղ չկա» տխրահռչակ կարգախոսը, քանի որ հույսը դրել է մինչև այժմ իրեն արդարացրած «Բոլորի պատերազմը բոլորի դեմ» տեխնոլոգիայի վրա։ Եկեք ուրեմն վերացնենք նրա վերջին հույսը՝ միավորվելով ու կուտակային հարված հասցնելով։

Շատ հարմար կետ կա, որի շուրջ կարելի է միավորել բոլորին՝ «կուտակայինը»։

«Կուտակայինի» դեմ պայքարելը նաև արժանապատվության հարց է. չի՛ կարելի թույլ տալ, որ քեզ ախմախի տեղ դնեն։ Ինչպես ասում են՝ «Alea Jacta Est»՝ վիճակը նետված է։

Սերժ Սարգսյանին պետք են մեր «երկար» ու էժան փողերը, իսկ մեզ պետք է «երկար» ժամանակով ու «էժանով» պրծնել այս նեոբոլշևիկներից։ Հետևաբար՝ ոչ թե բոլորի պատերազմը բոլորի դեմ, այլ բոլորի պատերազմը «Վերջի բոլշևիկի» դեմ, այլապես Սերժ Սարգսյանի կուտակային ականները վաղը մեր զավակների գլխին փոթորիկ կբերեն։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը