Լրահոս

20.02.2014 11:24


Ի վերջո, ե՞րբ է վերսկսվելու բնակարանային շինարարությունը Գյումրիում

Ի վերջո, ե՞րբ է վերսկսվելու բնակարանային շինարարությունը Գյումրիում

Հրապարակային հարցում ՀՀ բարձրագույն իշխանություններին

Հարյուրավոր անօթևան ընտանիքների համար ամեն տարի գարնան գալով նոր սպասելիքների և ակնկալիքների ժամանակաշրջան է սկսվում: Այո, եղանակների տաքացմամբ վառելիքի հայթայթման ծանր լծից մի փոքր թեթևացած անօթևան ընտանիքները, որոնք ավելի քան քառորդ դար պատսպարված են վագոն-տնակներում ու կիսախարխուլ շենք-շինություններում, կրկին համակվում են երբևէ բնակարան ունենալու հույսով:

Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար

Դեռևս նախորդ տարի, Ձեր իսկ կողմից տրված խոստումների համաձայն, Գյումրիում անմարդկային պայմաններում գոյատևող մոտ 4000 ընտանիքների համար պետք է կառուցվեր և շահագործվեր ընդամենը 430 բնակարան: Սակայն ինչպես գիտենք, անցյալ տարի այդպես էլ բնակարանային շինարարությունը չվերսկսվեց:

Համաձայնե՛ք, որ «դառը ճշմարտությունը գերադասելի է քաղցր ստից»: Ի վերջո, եթե 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից ի վեր աղետյալներին պարբերաբար, հատկապես նախընտրական ժամանակահատվածներում չտրվեին սին խոստումներ, թե. «երկու տարվա», «հինգ տարվա», «երեք տարվա» ընթացքում կկառուցվեն պահանջվող քանակությամբ բնակարաններն ու կհատկացվեն անօթևան ընտանիքներին, ապա հաստատ նրանցից շատերն իրենց «գլխի ճարը կտեսնեին», կամ գոնե այդ մարդիկ իրենց վագոն-տնակների հարևանությամբ ինչ-որ մի քարե կացարան կկառուցեին:

Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար

Դիմում ենք Ձեզ, ակնկալելով ինչպես մեզ, այնպես էլ հարյուրավոր անօթևան ընտանիքների համար ավելի քան կարևոր՝ Գյումրիում բնակարանաշինության վերսկսման և շահագործման հնարավորինս ճշգրիտ ժամկետների մասին տեղեկատվության հրապարակում:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ՝ Վահան Թումասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը