Մեկնաբանություն

20.02.2014 13:25


Քաղաքական եղանակի կանխատեսում՝ լավատեսական նոտայով

Քաղաքական եղանակի կանխատեսում՝ լավատեսական նոտայով

Առաջիկա օրերին հանրապետության քաղաքական դաշտում տևական ժամանակ դիտվող ամպամածությունն է՛լ ավելի կշատանա։

Երկրի ամբողջ տարածքում հաստատված գաղջ մթնոլորտն առանձին վայրերում կվերածվի անթափանցելի մառախուղի։

Խիստ անկայուն գեոմագնիսական դաշտը չի հանդարտվի. հատկապես մայրաքաղաքում սպասվում է գեոմագնիսական փոթորիկ։ Շաքարային դիաբետով բոլոր հիվանդներին, արյան շրջանառության հետ խնդիրներ ունեցողներին, գաղջահիպերտրոֆիկներին, հայաստանցիֆոբներին, օֆշորապարկինսոններին, դհոլաալցգեյմերներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր տառապում են քրոնիկ քաղաքական աբսցեսով, ունեն մշտական ամնեզիա, թախանձագին խնդրանք՝ տանից այլևս երբեք դուրս չգալ։ Չեն օգնի անգամ ցողունային բջիջները։

Չնայած Արևմուտքից և Ռուսաստանից եկող տաք ու սառը հոսանքներին՝ հանրապետության քաղաքական դաշտում էական փոփոխությունները պայմանավորված կլինեն երկրի ներսում ձևավորվող կլիմայական գործոններով։

Փոփոխությունները նկատելի կլինեն արդեն գարնան միջնամասում։ Կդիտվի քամու ուժգնացում՝ փոթորիկ, ինչը կհանգեցնի գաղջության աստիճանական վերացման։

Քաղաքական դաշտում եղանակի աստիճանական կայունացումն առավել տեսանելի կլինի ամռան հատվածում։ Դրան հաջորդող ժամանակաշրջանում կանխատեսվում է առավելապես առանց տեղումների, արևոտ և, ամենակարևորը, կայուն եղանակ։

Քաղհիդրոմետ ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը