Մեկնաբանություն

21.02.2014 16:31


Մարտի մեկին բոլորս դեպի հրապարակ

Մարտի մեկին բոլորս դեպի հրապարակ

Հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում օր օրի նոր զարգացումներ են նկատվում, ինչը նկատելի է հատկապես իշխանական դաշտում:

2011թ. հայտնի քաղաքագիտական վերլուծությունից հետո քաղաքական դաշտում հստակեցվեցին քաղաքական ուժերի դիրքերը, շահերը և սկզբունքները, որոնց ամրագրումից հետո միայն հնարավոր կլիներ հասնել հասարակական-քաղաքական շրջանակների լայն համախմբման:

Քաղաքագիտական վերլուծության վերաբերյալ հնչեցին տարբեր կարծիքներ՝ որոշներն անկեղծ էին, սակայն մեծամասնությունը գործում էր Բաղրամյանի 26-ի «պետպատվերի» շրջանակներում:

Սերժ Սարգսյանի քարոզչամեքենայի հիմնական նպատակը հասարակության մեջ անվստահություն սերմանելն էր, ինչն իրականացվում էր թե՛ ակնհայտ, թե՛ քողարկված մեթոդներով: Հրապարակում հայտնվում էին հին և նոր, հայտնի ու անհայտ տարբեր տրամաչափի քաղաքական գործիք-գործիչներ, փորձագետներ, գիտնականներ, լրագրողներ, ակտիվիստներ, «հեղափոխականներ», որոնք պնդում էին, որ հայաստանյան ընդդիմությունը, ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, սպառել է իրեն, որ Հայատանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացել է քաղաքականությունից, որ քաղաքական ուժերը սպառել են իրենց, որ ԲՀԿ-ն խաղ է խաղում և շուտով մտնելու է կոալիցիա, որ Գագիկ Ծառուկյանը չունի սեփական քաղաքական գիծ և այլն: Սակայն վերջին տարիներին խորհրդարանական և արտախորհրդարանական ոչ իշխանական քաղաքական ուժերը, ի հեճուկս ռեժիմի, կարողացան միասնական աշխատանքներ տանել թե՛ խորհրդարանում, թե՛ ընտրական տեղամասերում, թե՛ հրապարակում: Եվ եթե հասարակության մի մասը քաղաքական այս գործընթացի սկզբում դեռ ուներ որոշակի կասկածամտություն և հոռետեսություն, ապա այսօր դա կարծես վերջնականապես հաղթահարվել է: Հաղթահարվել է նաև հասարակություն-քաղաքական կուսակցություններ արհեստական պատնեշը, ինչը հասարակության մեջ ինքնակազմակերպվող ակտիվ քաղաքացիներին իրենց բարձրացրած տարբեր խնդիրների լուծման համար ավելի լայն հնարավորություններ է ընձեռում:

ԲՀԿ համագումարում հնչած համախմբման կոչը յուրօրինակ ազդակ էր բոլոր նրանց համար, ովքեր ուզում են դրական փոփոխություններ։

Այսպիսով, մենք ունենք բավականին լուրջ ռեսուրս՝ սկսելու համար նոր հասարակական-քաղաքական գործընթաց, որի կայացմանը կարող է նպատել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ նրանից, թե այսօր որտեղ է գտնվում, անգամ եթե այսօր ռեժիմի մաս է կազմում: Այս փուլում կարևոր է, որ յուրաքանչյուր մասնակից առաջնորդվի ընդհանուր գործի, այլ ոչ թե նեղ կուսակցական կամ անձնական շահերով՝ մի կողմ դնելով սեփական դիրքերի ամրապնդման գործը:

Միայն այս կերպ հնարավոր կլինի երկիրը դուրս բերել աղետալի վիճակից և հաստատել նորմալ ժողովրդավարական պետություն և օրինակարգ իշխանություններ: Խելամիտ և հաշվարկած գործողությունների արդյունքում հնարավոր կլինի մեր երկրում իրականացնել անարյուն իշխանափոխություն։

Հայ ազգային Կոնգրեսը մարտի մեկին հրավիրում է հանրահավաք, որը յուրքանչյուր քաղացու բողոքի հարթակ կարող է հանդիսանալ։ Այդ օրը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլ համաժողովրդական միասնության և պայքարի օր:

Տաթևիկ Պողպատյան

Այս խորագրի վերջին նյութերը