Լրահոս

24.02.2014 11:58


Փորձագետը չի բացառել, որ Հայաստանում նույնպես «Մայդան» լինի

Փորձագետը չի բացառել, որ Հայաստանում նույնպես «Մայդան» լինի

Այսօրվա ասուլիսին Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն ու Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանն անդրադարձել են Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին։

«Ուկրաինացիները դուռ բացեցին դեպի Եվրամիություն, իսկ մեզ` հետխորհրդային երկրներիս համար, հույսի դուռ դեպի եվրոպական ընտանիք»,- ասել է Ռուբեն Մեհրաբյանը՝ նշելով, թե Կիևում ի սկզբանե իշխանափոխության խնդիր դրված չէր։ Ըստ բանախոսի՝ ուկրաինացիները պարզապես ցանկանում էին փոխել համակարգը: «Այստեղ ոչ մեկը իշխանության գալու նպատակ չուներ. մարդիկ պարզապես ցանկանում էին ազատվել կրիմինալ ռեժիմից»,–նշել է փորձագետը։

Էդգար Վարդանյանն էլ չի բացառել, որ Հայաստանում նույնպես «Մայդան» լինի։

«Հայաստանը շատ նման է արդեն նախկին Ուկրաինային իր «կրիմինալ ռեժիմով»։ Երկրում մեծացող բողոքի գործողությունները խոսում են այն մասին, որ մեզ մոտ հասունանում է պայքար ընդդեմ կրիմինալ ռեժիմի, և չի բացառվում, որ մեզ մոտ էլ շուտով մարդիկ փողոց դուրս գան ու պայքարեն»,–ասել է փորձագետը։

Բանախոսները նաև ընդգծել են, որ Հայաստանում արդեն խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերն էլ են միավորվում և համատեղ պայքարում իշխանությունների դեմ:

«Արդեն խմբակցությունները միասին են պայքարում ինչ-որ երևույթների դեմ ու ոչ միայն խորհրդարանում, այլև քաղաքացիական նախաձեռնությունների հետ միասին»,- նշել է Ռուբեն Մեհրաբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը