Լրահոս

24.02.2014 15:01


Արմեն Ռուստամյան. «Ուկրաինայի դեպքերը նաև մեզ համար են դաս»

Արմեն Ռուստամյան. «Ուկրաինայի դեպքերը նաև մեզ համար են դաս»

ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն Ուկրաինայի վերջին դեպքերի և հայաստանյան իրավիճակի միջև նմանություն է տեսնում։

–Այդ նմանությունն ակնհայտորեն վերաբերում է Յանուկովիչի ձախողված կառավարմանը։ Այո՛, Ուկրաինայում բոլորը դժգոհ էին ու դժգոհ էին այդ կառավարումից արդարացվա՛ծ ձևով, ու ցանկացած առիթ այդ պարագայում հնարավորություն է տալիս ընդվզել։ Իշխանությունների համար հաճախ նկատելի չէ, թե այդ կուտակվող դժգոհությունն ինչ աստիճանի պայթյուն կարող է լինել։ Իսկ այդ կուտակվող դժգոհությունը մի օր պայթում է, իսկ երբ որ պայթում է, տակնուվրա է անում ամեն ինչ,–«7օր»–ի հարցին ի պատասխան՝ ասել է Ա. Ռուստամյանը։

Նա Ուկրաինայում տեղի ունեցածի հիմնական մեղավորը համարում է Յանուկովիչի ղեկավարած ռեժիմը։ Ինչ վերաբերում է Յանուկովիչից՝ նրա իսկ կուսակիցների «երես թեքելուն», Ռուստամյանը նկատել է.

–Այն կուսակցությունները, որոնք հատվածական շահեր են հետապնդում, ճակատագիրն էլ դա է։ Մեր մոտ ինչի չի՞ եղել այդպես։ Տեսել ենք՝ երբ մեր մոտ իշխանությունների դիրքերը թուլացել են, հզոր առնետավազք է եղել։ Այս ճանապարհն անցել ենք, և դա քաղաքական օրինաչափություն է։

ՀՅԴ խմբակցության ղեկավարը նաև ընդգծել է, որ երբ մեկի ձեռքին է կենտրոնանում իշխանությունը, այդ իշխանությունը դառնում է անվերահսկելի։

–Իսկ մեզ մոտ սա գերագույն աստիճանի է հասած՝ իշխող կուսակցությունը և պետությունը նույնացած են, և սա չարիք է։ Սա առաջացնում է այսպիսի հղփացած, ամբարտավան կեցվածքներ։ Սա նաև մեզ է դաս, որ մենք հասկանանք՝ պետական ամբողջ ռեսուրսը կենտրոնացնելը մեկի ձեռքը սխալ ճանապարհ է։ Տեսե՛ք, ուկրաինացիները 2004թ. Սահմանադրությանը վերադարձան, որտեղ հակակշռելիության մեխանիզմն է, ինչը մենք էլ էինք մեզ մոտ առաջարկում։ Մենք դրա համար էլ ասում էինք՝ անցնել խորհրդարանական համակարգին, ընդդիմությանը տալ վերահսկելու հնարավորություն, որ արյունահեղությամբ փոփոխությունները տեղի չունենան,–նշել է Ա. Ռուստամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը