Լրահոս

24.02.2014 17:09


Ռուբեն Հակոբյան. «Պետք է լայն կոնսոլիդացիա տեղի ունենա»

Ռուբեն Հակոբյան. «Պետք է լայն կոնսոլիդացիա տեղի ունենա»

Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ

-Վերջերս լայն համախմբման կոչով հանդես էր եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք չորս ոչիշխանական խորհրդարանական ուժերի համախմբման առկա գործընթացը։

–Լայն քաղաքական օրակարգ ձևավորելը նոր հայտարարություն չէ։ Այդ մասին մոտ մեկ տարի առաջ լայն քաղաքական օրակարգով կլոր սեղան անցկացնելու մասին բազմիցս խոսել է Րաֆֆի Հովհաննիսյանը։ Խոսքը հեղինակային իրավունքի մասին չէ։ Դա ժամանակի հրամայականն է։ Իսկապես, երկրի վիճակն այնպիսին է, որ առանձին որևէ քաղաքական ուժ չի կարող երկրի առջև ծառացած խնդիրները լուծել։ Պետք է լայն կոնսոլիդացիա տեղի ունենա, քաղաքական ռեսուրսների մեկտեղում, որ կարողանանք երկիրը դուրս բերել այս վիճակից։ Տարբեր առիթներով ասել եմ, որ իշխանությունը պետք է գիտակցի ստեղծված իրավիճակը, վերջ տա այդ «Ապահով Հայաստան» կառուցելու իրենց ծրագրին, որն ամեն օր ավելի անապահով է դարձնում Հայաստանը, և շատ արմատական փոփոխությունների պատրաստ լինի։ Եվ, բնականաբար, միայնակ չէ, որ ինքը կարող է անել, կամ միայն քննարկել. բոլոր ոչիշխանական 4 ուժերը գիտակցում են կոնսոլիդացիայի անհրաժեշտությունը, գտնում են, որ պետք է համախմբված, միասնական քաղաքական օրակարգով պետությունը դուրս բերեն այս իրավիճակից, բացի քաղաքական մեծամասնությունից, որն ընդհանրապես որևէ ազդանշան ցույց չի տալիս, որ պատրաստ է ուժերի համադրումով պետությունը դուրս բերել այս իրավիճակից։ Գուցե մտավախություն ունի, որ կարող է իշխանությունի՞ց զրկվել. բայց եթե պետությունն այս վիճակից փրկելու համար պետք է իշխանափոխություն կատարվի, ապա պետք է գնալ այդ քայլին։ Միշտ ասել եմ՝ եթե իշխանությունը չի գիտակցում ստեղծված իրավիճակը, ճիշտ չի գնահատում, ապա այդ պատասխանատվությունը պետք է վերցնեն ոչիշխանական ուժերը և արտախորհրդարանական ուժերը՝ քաղաքացիական հասարակության հետ միասնական համոզիչ օրակարգով, թափանցիկ, ժողովրդի համար իրականացնեն իշխանափոխություն։

Կարո՞ղ ենք փաստել, որ ոչիշխանական 4 ուժերի համախմբումը տագնապալի ու խուճապային իրավիճակ է ստեղծել իշխանության համար։

–Այսօր իշխանությունն ամեն ինչ անում է, որ տեղի չունենա համախմբում։ Նա ընդունում է, որ պետության վիճակը ծանր է, որովհետև չի կարողանում հակառակն ապացուցել, բայց ամբողջ քարոզչությունը գնում է նրան, որ այս ուժերը չեն կարող համախմբվել։ Ամեն ինչ անում է խոչընդոտելու համար, չնայած դա մտնում է քաղաքական տեխնոլոգիաների մեջ։ Կարծում եմ՝ 4 ոչիշխանական խորհրդարանական ուժերը կկարողանան համախմբումն իրականացնել։ Բարձր եմ գնահատում պարտադիր կուտակային կենսաթոշակի, գազի հանձնաժողովի ստեղծման հետ կապված համախմբումը։ Կարծում եմ՝ առաջիկայում ևս հարցեր կլինեն։ Գիտե՛ք, 4 ոչիշխանական ուժերն էլ պետք է հասկանան, որ խոչընդոտներ պետք է լինեն, և իրենք պետք է կարողանան իմունիտետ ունենալ՝ դիմակայելու դրանց։

Խոչընդոտների ստեղծումը զգացվո՞ւմ է։

–Իսկ ո՞վ չի զգում։ Եվ դա բնական է, կրկնում եմ։ Քարոզչությունը շատ հստակ երևում է. ինտրիգներ են փորձում անել, գտնել չեղած տեղը։ Ինչ–որ պատահական, գուցե միամտորեն արտահայտած որևէ նախադասության մեջ փորձում են «ճաք» գտնել՝ դա օգտագործելու 4 ոչիշխանական ուժերի դեմ։ Ժամանակի հարամայականն է այդ 4 ոչիշխանական ուժերի համախմբումը։ Բոլոր դեպքերում, մեր տեսակետը դա է, որ պետք է առանձին հարցերի շուրջ իսկապես ոչիշխանական ուժերը կարողանան միասնական գործունեություն իրականացնել։

Զրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը