Լրահոս

25.02.2014 13:38


Գազի հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկումն ավարտվեց

Գազի հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկումն ավարտվեց

Այսօր ԱԺ–ում շարունակվել է գազի խնդիրների հետ կապված հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը։ Հիշեցնելով հիմնական զեկուցող, ՀՀԿ–ական Դավիթ Հարությունյանի խոսքերը՝ մեր քաղաքական մշակույթը դեռ այնքան հասունացած չէ, որ այդ հանձնաժողովն ընդդիմությունը գլխավորի, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նկատել է.

–Եթե մեծամասնությունը հասունացած չէ, հասունացե՛ք, եղբայր, քաղաքականապե՛ս, ի՞նչ պրոբլեմ։ Եզրակացության ժամկետն էլ ուզում եք ձգձգել, որովհետև քաղաքական պրոցեսներ են ընթանում, ամբողջ քարոզչությունը ձեր ձեռքին է, և պետք է շահարկեք։ Ի դեպ, «շահարկում» բառը սկսել են շատ շահարկել,–ասել է Ռ. Հակոբյանը։

Նա նաև դեմ է արտահայտվել հանձնաժողովի նիստերը փակ անցկացնելուն, քանի որ, նրա խոսքերով, այդ փակը մեր հերն անիծել է.

–Այստեղ Գերագույն խորհրդի վերջին մոհիկաններից կան նստած, էդ ժամանակ նիստերը բաց էին, և ոչ մեկն այս ամբիոնից չէր վախենում, էդ հրապարակայնությունը բոբո չի։ Փակ կլինի, ծածկադմբոց կլինի, և իսկապես ոչինչ չի լինի։ Եկեք այս խաղը չխաղանք. մենք դեմ ենք քվեարկելու, իսկ հետո կքննարկենք հարցը՝ արդյոք արժի՞ ունենալ այդ հանձնաժողովում ներկայացուցիչ, թե ոչ։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ընդգծել է, որ իրենք երբեք կարևորագույն խնդիրների առնչությամբ շոուներ չեն ուզել սարքել, հատուկ PR նպատակներ չեն հետապնդել, և դրա ապացույցն այն է, որ 2010 թվականին ՀՅԴ–ն այս նույն վերնագրով առաջարկել էր հանձնաժողով ստեղծել։

–Էդ թաքունությունն էլ ես չեմ հասկանում, բայց ինձ ոչ ոք չի կաշկանդում, որ էն, ինչ պիտի ասեմ, դրսում ասե՛մ,–դռնփակ նիստերին անդրադառնալով՝ ավելացրել է նա։

Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը առաջ է քաշել հարցադրումը՝ արդյոք թաղմա՞ն հանձնաժողով են ստեղծում։

–Մենք ստեղծում ենք ճշմարտության թաղմա՞ն, թե՞ ճշմարտության բացահայտման հանձնաժողով։ Դուք ուղղակի չեք ուզում մտնել մի դաշտ, որտեղ դուք թույլ եք։ Եթե դուք վախենում եք Ռուսաստանից, ապա կարող էիք այս ընդվզումն օգտագործել Ռուսաստանի հետ վերաբանակցելու գործընթացը սկսելու համար։ Բայց դուք դա չեք անում։ Դուք հարցերի այնպիսի բազմաշատություն էինք ստեղծել, որ կարողանայիք լղոզել և թաղել մեզ հետաքրքրող հարցերը,–ասել է Լ. Զուրաբյանը։

Նիստերը դռնփակ անցկացնելն էլ նա համարում է ճշմարտության կոծկման ամենակարևոր հնարքը.

–Հանրային ճնշմա՛ն ներքո ստիպված պետք է լինեք ասել ճշմարտությունը։ Դռնփակ նիստերը նշանակում են ժողովրդավարության ոչնչացում։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հորդորել է քննարկումները չտանել այն ուղղությամբ, թե հավատո՞ւմ են քաղաքական մեծամասնության, կառավարության բարի մտադրություններին։

–Ինձ չի հետաքրքրում, թե նրանք ինչ դրդապատճառներից են որոշել հանդես գալ նման նախաձեռնությամբ։ Պետք չէ սոցիոլոգիական հարցում անցկացնել՝ հասկանալու, որ ձեր նպատակն այդ հարցերի պատասխանները ստանալը չէ։ Եթե դուք այդ նպատակն ունենայիք, ապա կողմ չէիք քվեարկի գազային ընկերության ֆան կլուբը դուստր ձեռնարկություն դարձնելու օրինագծին։ Մեզ պետք է հետաքրքրեն մեր նպատակները և մեր հարցերի պատասխաները ստանալը։ Ն. Զոհրաբյանն ավելացրել է, որ եթե կարողանան այդ խնդիրները լուծել, շատ լավ, բայց եթե չի ստացվի, ապա որևէ մեկը կաշկանդված չէ իր ներկայացուցչին հետ կանչել այդ հանձնաժողովից։

ԲՀԿ խմբակցության քարտուղարը հիշեցրել է, որ իրենց խմբակցության համար սկզբունքային էր ժամկետի հարցը, որ ոչ թե մինչև նոյեմբեր, այլ մինչև գարնանային նստաշրջանի ավարտը հանձնաժողովը ներկայացնի իր եզրակացությունը։

–Մինչև նոյեմբերն ընդամենը կրքերը լռեցնելուն էր միտված,–համոզմունք է հայտնել նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը