Լրահոս

25.02.2014 13:58


Հովիկ Աբրահամյանը դեմ է դեմագոգիային և հորդառատ անձրևներին

Հովիկ Աբրահամյանը դեմ է դեմագոգիային և հորդառատ անձրևներին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր խորհրդարանում հանդես է եկել արտահերթ ելույթով և անդրադարձել գազի հարցով հանձնաժողով ստեղծելուն։ Դիմելով ոչիշխանական խմբակցություններին՝ նա ընդգծել է.

–Ձեր մտահոգությունները մեր մտադրությունները չեն։ Ինչի՞ եք մեզ քննադատում, ասում, թե մենք ուզում ենք թաղել։ Մենք թաղելու վարպետ չենք, ոչ էլ թաքցնելու. չունենք այդ փորձը։ Հանրապետության նախագահն ասել է, որ եթե կան մարդիկ, ովքեր չարաշահել են իրենց դիրքը, պետք է պատասխան տան։ Բայց ինձ մոտ տպավորություն կա, որ դուք չեք էլ ուզում այդ հանձնաժողովը ստեղծել։ Վստահեցնում եմ՝ մենք չունենք որևէ մեկի հետ պայմանավորվածություն, որ պետք է իրենց պաշտոններում ապօրինություններով զբաղվեն։ Եթե կան էդպիսի մարդիկ, մենք պատժելու ենք նրանց, դուք դրան ականատես կլինեք։

ԱԺ նախագահը նաև հավատացրել է, որ իրենք որևիցե ապօրինություն կոծկելու նպատակ չունեն։ Համաձայնել են նաև հանձնաժողովի եզրակացությունը ոչ թե նոյեմբերին, այլ մինչև հունիս ներկայացնելուն։ Ինչ վերաբերում է դռնփակ նիստերին, Հ. Աբրահամյանն ասել է.

–Եթե որոշ մարդիկ կան, ովքեր ուզում են գան, դեմագոգիա անել, ես՝ որպես խորհրդարանի նախագահ, դրան դե՛մ եմ։ Եվ ես ուզում եմ խոստանալ, որ մենք ապագայում նման հանձնաժողովներ շատ ենք ունենալու։ Այն հարցերը, որոնք արդիական են և հանրությանը մտահոգում են, մենք պարտավոր ենք վեր հանել և ուսումնասիրել։ Նաև ուզում եմ պարբերաբար բռնկվող իմ գործընկերներին հորդորել հանդարտ լինել. հանդարտությունը լավ բան է։ Հիշե՛ք, որ հորդառատ անձրևը շուտ է կտրվում։

Վերջում Հ. Աբրահամյանը հաստատակամորեն ասել է, որ եթե լինեն մեղավորներ, ինքը՝ որպես խորհրդարանի նախագահ, հետամուտ է լինելու, որ նրանք պատժվեն։

–ՀՀԿ–ն կողմ է քվեարկելու, և մենք որևէ խոչընդոտ չենք ներկայացնելու այդ հանձնաժողովին,–եզրափակել է ԱԺ նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը