Մեկնաբանություն

25.02.2014 14:25


Սերժ Սարգսյանն ընտրում է Յանուկովիչի տարբերակը

Սերժ Սարգսյանն ընտրում է Յանուկովիչի տարբերակը

Բոլոր ավտորիտար ղեկավարներին թվում է, թե դա իրենց հետ չի պատահի։ Ամեն մեկին թվում է, թե ինքն ավելի խելացի է և թույլ չի տա, որ իրեն տապալեն։

Բոլոր ավտորիտարներին նաև թվում է, թե դա իրենց կշրջանցի, քանզի իրենք կարողացել են ապահովագրվել տապալումից։ Բայց դա պատահում է բոլորի ու յուրաքանչյուրի հետ։ Պարզապես մեկի հետ մի քիչ շուտ է դա պատահում, իսկ մյուսի հետ՝ մի քիչ ուշ։

Սադամ Հուսեյնը, Չաուշեսկուն, Մուբարաքը, Քադաֆին ու մյուսները կարծել են, թե ամենակարող են և իրենց հետ դա չի պատահի։ Յանուկովիչն էլ էր այդ կարծիքին, բայց հիմա հեռուստացույցով հետևում է, թե ինչպես են իր տանը զբոսնում հետաքրքրասերները։

Սերժ Սարգսյանն էլ է նույն հիվանդությամբ տառապում։ Ցողունային բջիջները միգուցե երիտասարադացրել են Սերժին, բայց հաստատ չեն նպաստել նրա քաղաքական ադեկվատությանը։ Ավտորիտար ղեկավարները տառապում են ոչ ադեկվատության համախտանիշով։

ԵԿՄ–ի համագումարը և դրան հաջորդած իրադարձությունները ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանն ընտրել է Յանուկովիչի տարբերակը։ Նա մտադիր չէ գնալ Տիգրան Սարգսյանի կառավարության լուծարմանն ու հակաճգնաժամային նոր կառավարության ձևավորմանը, մտադիր չէ հրաժարվել «կուտակայինից», մտադիր չէ կամ ավելի ճիշտ՝ անկարող է սթափ գնահատել ստեղծված իրավիճակը։ Սերժն ադեկվատ չէ։

ԲՀԿ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանի հնչեցրած՝ հասարակական–քաղաքական լայն կոնսոլիդացիայի գնալու և մեր երկիրն առանց ցնցումների ճգնաժամից դուրս բերելու առաջարկը Սերժ Սարգսյանն այլ կերպ է ընկալել։ Սերժը, երևի, մտածել է, որ եթե ԲՀԿ–ում ցնցումներ չեն ուզում, ուրեմն իրենց թույլ են զգում։ Ասենք, որ Սերժը խոր մոլորության մեջ է և ոչ ադեկվատ։

Ոչ ադեկվատ լինելն է նաև պատճառը, որ Սերժն իր մանկլավիկներին քսի է տվել Ծառուկյանի սեփականությունը հանդիսացող «Արարատ–ցեմենտի» վրա։ Բայց դա ցույց է տալիս ոչ թե ՀՀԿ ղեկավարի ուժը, այլ ոչ ադեկվատությունը, որը նրա գլխին փորձանք է բերելու։

Սերժ Սարգսյանը չի հասկանում, որ ԲՀԿ–ի՝ իշխանությունը փուլային և անցնցում հանձնելու տարբերակը վաղը նա կարող է խնդրել, բայց չստանալ։

Յանուկովիչին էլ սկզբում առաջարկեցին ցրել կառավարությունը, բայց նա չհամաձայնեց ու դեռ մի բան էլ անցավ ճնշումների։ Դրա արդյունքում Մայդանում կրքերը շիկացան ու արդեն դրվեց Յանուկովիչի հրաժարականի հարցը, ինչին հաջորդեն վերջինիս պատրաստակամությունը՝ ցրել կառավարությունն ու կոալիցիա կազմել ընդդիմության հետ՝ վարչապետի պաշտոնի զիջմամբ, բայց արդեն բանը բանից անցել էր։ Յանուկովիչը ստիպված եղավ համաձայնել արդեն արտահերթ նախագահական ընտրություններին, բայց դա չընդունվեց Մայդանի կողմից, ու հիմա «արևմտամետ» Յանուկովիչը փախած է և հետախուզվում է Ուկրաինայի նոր իշխանությունների կողմից։

Ասելս այն է, որ Սերժ Սարգսյանը պետք է հետևություններ անի իր կոլեգաների հետ պատահածից։ Եթե այսօր նրա տակ աշխատող «անկախ» լրատվամիջոցները «մուտիլովկաներ» են տարածում, թե իբր ԱԺ չորս ոչիշխանական ուժերը չեն կարողանում համաձայնության գալ կառավարության հրաժարականի հարցում, ապա դա աշխատելու է Սերժի դեմ։

Իրականությունն այն է, որ Սերժն իր պահվածքով ստիպել է նույն այդ չորս ուժերին քննարկման առարկա դարձնել արդեն ոչ թե փուլային, այլ փաթեթային իշխանափոխության տարբերակը՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Եթե Սերժ Սարգսյանը կարծում է, թե կառավարության բոլոր ձախողումներն իր վրա վերցնելով՝ փակել է ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի ու «ժառանգության» ճանապարհը ու դժվար խնդրի առաջ կանգնեցրել նրանց, ապա նա չարաչար սխալվում է։

Սերժն այնքան է կտրված իրականությունից, որ չզգաց, թե ինչպես ԵԿՄ համագումարում, պատկերավոր ասած, թոկը վարչապետի վզից հանել ու գցել է իր վիզը։

Ինչպես ասում են, ամեն մարդ իր խելքից է տուժում։ Սերժին այլևս ոչինչ չի փրկի։ Թող նա դեռ փորձի մարտի 28–ին անցկացնել «կուտակայինը» և այդ ժամանակ երանի կտա Յանուկովիչին, ով գոնե կարողացել է փախչել։

Երբ այդ օրը գա, թող Սերժ Սարգսյանը ոչ մեկին չմեղադրի և չնեղանա իր թիմակիցներից, որոնք շտապելու են Յանուկովիչի նախկին կուսակիցների պես հայտարարել, թե երկրում առկա խնդիրների մեղավորը Սերժն է, քանզի իշխանությունն օգտագործում էր իր ընտանիքի շահերն առաջ տանելու համար։

ԲՀԿ–ն ստեղծված իրավիճակից դուրս գալու խաղաղ ճանապարհ է առաջարկում, իսկ Սերժը գիշերով գնում ու փակում է «Արարատցեմենտի» ջուրը։

Չորս ոչիշխանական ուժերը առանց ցնցումների փոփոխություններ են պահանջում, իսկ Սերժն իր տակ եղած «անկախների» միջոցով «մուտիլովկաներ» է տարածում։

Ուրեմն դա իր հետ կպատահի։ Մնում է գուշակել, թե ՀՀԿ–ից ով է կարդալու այն տեքստը, որն օրերս արտասանեց Յանուկովիչի գլխավորած «Ռեգիոնների կուսակցության» ներկայացուցիչը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը