Տնտեսական

25.02.2014 15:28


Հերթական օֆշորային գործարքները. «Նաիրիտի» փողերը հոսել են հայ և ռուս պաշտոնյաների գրպանները

Հերթական օֆշորային գործարքները. «Նաիրիտի» փողերը հոսել են հայ և ռուս պաշտոնյաների գրպանները

«Նաիրիտը» իր աշխատողներին չի կարողանում աշխատավարձ վճարել, որովհետեւ գործարանի նախկին տնօրեն Վահան Մելքոնյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ համաձայնության գալով, կաուչուկը էժան գնով ձեռք էր բերում գործարանից ու կրկնակի, երբեմն նաեւ եռակի գնով վերավաճառում,– գրում է «Հետք»-ը։ Վահան Մելքոնյանի` օֆշորում հիմնադրած «Ինտերկաուչուկ» (UK) ՍՊԸ-ն տարբեր տարիներին ձեռք է բերել 10 հազար տոննա կաուչուկ: Վահան Մելքոնյանը գործարանից կաուչուկը ձեռք է բերել տոննան 2400 դոլարով, վաճառել՝ 4100-7800 դոլարով: Նա այս գործարքից առնվազն 25 մլն դոլար է աշխատել, թե դրանից հայ եւ ռուս պաշտոնյաներին որքա՞ն է վճարել, կարող է ասել միայն ինքը` Վահան Մելքոնյանը: Իսկ ինչպես է վճարել Վահան Մելքոնյանը՝ կանխի՞կ, թե՞ այդ պաշտոնյաների՝ օֆշորում բացած բանկային հաշիվներին փոխանցումներով:

Պաշտոնյաները ոչ միայն մսխել են «Նաիրիտ գործարանը» աշխատեցնելու համար ստացած վարկերը, այլեւ ամեն ինչ արել են, որպեսզի գործարանը չաշխատի: «Նաիրիտի» արտադրած կաուչուկը մեծ պահանջարկ ուներ Ռուսաստանում, նախկին սոցճամբարի երկրներում, Միացյալ Նահանգներում եւ այլուր: Հիմա այդ շուկան գրավել է գերմանական հայտնի մի ընկերություն: Իսկ գուցե հայ պաշտոնյաների վերջնանպատակը հենց դա՞ է եղել: Ոչ մի կառավարություն իր արտադրած ապրանքի իրացման շուկան հենց այնպես չի հանձնում ինչ-որ ընկերության:

Ինչպես է իրացվել կաուչուկը


«Նաիրիտ գործարանի» նախկին տնօրեն, Միջպետական բանկի հայաստանյան այժմյան ներկայացուցիչ Վահան Մելքոնյանը հրաժարվել է պատասխանել «Հետքի» հարցերին: Հեռախոսազրույցի ընթացքում նրան ասացինք, որ հարցերը վերաբերում են ոչ միայն «Նաիրիտ գործարանին», այլեւ իր անվամբ օֆշորում գրանցված ընկերություններին: Վ. Մելքոնյանն ասաց, որ իր անձի մասին մենք որևէ ինֆորմացիա ունենալ չենք կարող և վստահորեն շեշտեց. «Ես օֆշորներում գրանցված ընկերություններ չունեմ»: Մինչ այդ ընկերություններին անդրադառնալը ներկայացնենք եւս մեկ դրվագ «Նաիրիտ գործարանի» սնանկացման պատմությունից:

2005 թվականից մինչև 2007 թ. փետրվար «Նաիրիտ գործարանի» կաուչուկն իրացնելու բացառիկ մենաշնորհը «Ինտերկաուչուկ» (UK) ՍՊԸ-ինն էր: Այսինքն` «Ինտերկաուչուկ» (UK) ՍՊԸ-ն «Նաիրիտ գործարանի» արտադրած կաուչուկը իրացնող միջնորդ կազմակերպությունն էր, և գործարանը որևէ ընկերության անմիջական վաճառք իրականացնելու իրավունք չուներ: «Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, որն այդ տարիներին ղեկավարել է գործարանը, ասում է, որ «Ինտերկաուչուկին» այդ ընթացքում գործարանը վաճառել է շուրջ 10 հազար տոննա կաուչուկ` տոննան 2400 դոլարով (24 մլն դոլար): Կա մի ուշագրավ փաստ. «Ինտերկաուչուկի» ֆինանսական հաշվետվություններում այս գործարքները չեն երևում: Սա նշանակում է, որ կաուչուկի վաճառքն իրականացվել է այլ ընկերությունների միջոցով:

Գործարանի վաճառքից հետո` 2007-ից, «Նաիրիտի» կաուչուկն իրացրել է 90 տոկոսի բաժնետեր Rhinoville Property Limited-ը` Ռուսաստանի Դաշնությունում գործող «Ռայնովիլ» և «Նաիրիտ» ՍՊԸ-ների միջոցով:

Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերը վկայում են, որ «Ինտերկաուչուկը», այնուհետև նաև «Ռայնովիլը», գործարանից գնած կաուչուկը զգալիորեն թանկ վերավաճառել են. Ռուսաստանի Դաշնության «Վիմպել» ընկերությունը, ՌԴ Չեբոկսար քաղաքի «Չապաևի անվան արտադրական ձեռնարկությունը», ՌԴ Օրենբուրգի «ՕՌՏ» ՓԲԸ-ն կաուչուկը գնել են հետևյալ գներով. /Տես այստեղ/:

«Ես նախարարին ասացի` կարող եմ ծախել ավելի լավ պայմաններով: Հենց պայմանագիրը կապեցի, փողերը ստացա, ուզում էի առաքումը կազմակերպել, նախարարը զանգեց, ասաց` առաքում չանես: Ասի` բա էսքան վնասներ ենք կրելու, ասաց ` ոչինչ, դու դրա հետ գործ չունես: Մի շաբաթ հետո գործարանը վաճառեցին «Ռայնովիլին»»,- հիշում է գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը: Որոշ ժամանակ հետո Կարեն Իսրայելյանին ազատել են աշխատանքից:

Վահան Մելքոնյանի օֆշորային ընկերությունը


«Նաիրիտ գործարանի» վաճառքի և վարկային պատմության մեջ բազմաթիվ օֆշորային ընկերություններ կան, որոնց բաժնետերերը կրկին օֆշորային ընկերություններ են, վերջիններիս բաժնետերերը նույնպես օֆշորային ընկերություններ են եւ այդպես շարունակ. օֆշորների ձգվող մի շղթա էր սպասարկում նախկինում կաուչուկ արտադրող այդ հսկան: Բնականաբար, սա արել են հետքերը վերացնելու, հանցավոր գործունեությունը թաքցնելու համար:

Նմանատիպ մի ընկերություն է նաև «Ինտերկաուչուկը», որը գրանցված է Ուելսում (Անգլիա): Դրա մասին տվյալներ ստանալու հարցում մեզ աջակցեցին արտասահմանցի մեր գործընկերները: «Ինտերկաուչուկը» հիմնադրվել է 2005-ի փետրվարին, 2011-ի փետրվարին` լուծարվել: Ընկերության բաժնետեր-ընկերություններն են.

Charrydale Limited` 40%-ի բաժնետեր

Lankwood Finance Limited` 10%-ի բաժնետեր

Egler Corporation` 50 %-ի բաժնետեր

Charrydale Limited-ը գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիներում, բաժնետերը գործարանի նախկին տնօրեն, այժմ Միջպետական բանկի հայաստանյան ներկայացուցիչ Վահան Մելքոնյանն է:

Lankwood Finance Limited-ը նույնպես գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիներում, և բաժնետերը կրկին Վահան Մելքոնյանն է:

Egler Corporation-ը գրանցված է Բելիզում, բաժնետերերին դեռևս չենք պարզել, սակայն, ամենայն հավանականությամբ, սա էլ Միջպետական բանկի նախագահի նախկին տեղակալ Ս. Կուլիկովինն է:

Մանրամասները՝ Hetq.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը