Լրահոս

25.02.2014 17:35


Սումգայիթի ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում Լիբանանում

Սումգայիթի ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում Լիբանանում

Փետրվարի 23-ին Բեյրութի Սուրբ Նշան Մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ նվիրված՝ Սումգայիթի եղեռնագործության զոհերի և հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին: Սուրբ պատարագից հետո եկեղեցում ժողովրդին դիմեց Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը:

Եկեղեցու բակում կատարվեց հոգեհանգստյան արարողություն, որից հետո ելույթով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Ներկայացրելով արցախյան ազատագրական պայքարի մանրամասները՝ նա նշեց, որ 26 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ արդյունաբերական քաղաքում հայ բնակչության հանդեպ տեղի ունեցած ջարդերը էթնիկ զտման քաղաքականության առաջին օրինակն էին Խորհրդային Միության տարածքում: Դեսպան Քոչարյանն ընդգծեց, որ Ադրբեջանն իր անկախության հռչակումից հետո ազատեց դատապարտված մարդասպաններին եւ հրապարակայնորեն նրանց հռչակեց ազզային հերոսներ:

«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում սումգայիթյան անմեղ զոհերի, Արցախի ազատագրական պաքարում զոհված ազատամարտիկների, Գուրգեն Մարգարյանի, խաղաղ պայմաններում սահմանային գոտիներում զոհված հերոս երիտասարդների հիշատակի առջև և համոզմումք հայտնում, որ մեր ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունները և ոճրագործությունները կարժանանան համապատասխան գնահատականի և կդատապարտվեն ողջ մարդկության կողմից»,-իր խոսքը եզրափակեց Լիբանանում Հայաստանի դեսպանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից ելույթ ունեցավ Շահան Կանդահարյանը: Նա նշեց, որ անպատժելիությունն ու միջազգային դատապարման բացակայությունը ժամանակակից պայմաններում բերում են նոր ջարդերի և էթնիկ զտումների:

Ձեռնարկի ավարտին կազմակերպիչների՝ ՀՀ դեսպանության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում ԼՂ ներկայացուցչության անունից ծաղկեպսակներ զետեղվեցին Սուրբ Նշան Մայր եկեղեցու բակում տեղադրված Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի առջև:

Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին կրոնական առաջնորդներ, քաղաքական, կուսակցական, ազգային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Նույն օրը Լիբանանի բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվեց Գուրգեն Մարգարյանի և Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ և կատարվեց հոգեհանգստյան արարողություն:

Այս խորագրի վերջին նյութերը