Մեկնաբանություն

26.02.2014 09:55


Հայ–ուկրաինական զուգահեռներ

Հայ–ուկրաինական զուգահեռներ

Ուկրաինական հեղափոխության թեմայով տարաբնույթ հարցերին իշխանության ներկայացուցիչների պատասխանները լսելիս կարելի է կարծել, թե ՀՀ իշխանությունները սուրբ են եւ որեւէ կերպ նրանց չպետք է համեմատել յանուկովիչյան իշխանության հետ:

Այնքան վստահ ու արխային են խոսում, հայտարարելով, թե մեզ մոտ հնարավոր չէ նման բան, քանի որ «իշխանություն-հասարակություն կապը պահպանվում է», Սերժ Սարգսյանի «խոսքի հասցեատերը միշտ եղել է մեր հասարակությունը», մեր վիճակը այնպիսին չէ, որ մարդիկ դուրս գան փողոց եւ այլն:

Մտածում ես, լավ՝ էս ինչ ցնորամտություն է, բայց իշխանավորները դարձյալ շարունակում են ու չես հասկանում՝ իրե՞նց, թե՞ ժողովրդին են համոզում, որ ուկրաինական սցենարը Հայաստանում բացառված է:

Նույնիսկ սոցիալական բունտի հարցում կասկածներ ունեն: Դա էլ հազիվ թե սպասելի է:

Մի խոսքով, ոչ մի բան չի սպասվում՝ ոչ բունտ, ոչ ընդվզում, ոչ հակակառավարական ցույց եւ ոչ էլ հեղափոխություն: Ա՛յ, մարդ, էս ինչ սքանչելի երկրում ենք ապրում՝ բողոքելու տեղ չունենք, ու դա մեզանից լավ գիտեն իշխանավորները:

Հետո սրանք նույնքան վստահությամբ ու թաքուն հրճվանքով սկսում են իրենց համեմատել ուկրաինական տապալված իշխանության եւ նրա ղեկավարի կենսակերպի հետ:

«Մենք ոսկի պատերով տներ չունենք, մենք ոսկի ունիտազ չունենք, ո՞ւր ա մեզ ըտենց հարստություն, մենք իրանց պես շքեղ առանձնատներ ու եսիմ ինչեր չունենք…»,-չքմեղացած շարունակում են բացատրել ՀՀԿ-ականները: Դե, մարդիկ էլ քմծիծաղով են լսում նրանց ու արձագանքում են՝ «սուտը մեռնի՞»:

Բայց իշխանության ներկայացուցիչները նույն ոգեւորությամբ շարունակում են խոսել: Եվ ամենազավեշտականն այն է, որ կարծիք են արտահայտում անգամ գեներալ պատգամավորները, ասելով, թե «բա ո՞նց բռնակալությունը պետք ա տապալվի»:

«Բռնակալ» բառի կողքին «վերջի բոլշեւիկ» արտահայտությունը այնքան մեղմ է հնչում, որ հանգիստ կարող են ճիշտ համարել ուկրաինական ժողովրդի հաղթանակը բռնակալի դեմ:

Դե, համ էլ Յանուկովիչի կուսակցությունը «որակյալ ու ուժեղ չէր», այնպես, որ այն, ինչ տեղի ունեցավ այնտեղ միանգամայն սպասելի էր, շարունակում են «վերլուծել» ՀՀԿ-ականները:

Իսկ իրենք որակյալ ու ուժեղ են, հետն էլ այնպիսի կուսակցություն են, որ «նահանջներ չի ապրում»: Այսինքն՝ եթե ուկրաինական սցենարը հանկարծ այստեղ կրկնվի եւ «վերջի բոլշեւիկը» փախուստի դիմի, ՀՀԿ-ն նրան չի դատապարտի: Բայց, իհարկե, նման բան բացառվում է, քանի որ իրենք էլ, իրենց ղեկավարն էլ ուժեղ ու որակյալ են, կարգախոսն էլ «առաջ դեպի…» եւ ոչ թե «նահանջ դեպի…»:

Տպավորությունն այնպիսին է, որ սրանց ուրախացրել են այն կադրերն ու լուսանկարները, որոնցում պատկերված են Յանուկովիչի եւ Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազի առանձնատներն ու կուտակված հարստությունը: Այդ ֆոնի հասկանո՞ւմ եք, իրենց թալանածը «Կոռուպցիայի թանգարանի» մակարդակի չի ձգում: Այդպես են կարծում մեր իշխանավորները: Մի քիչ ցածր մակարդակ է, հետեւաբար, համոզված են, որ բունտ, ընդվզում եւ հեղափոխություն մեզանում չի լինի:

Հայ ժողովուդն էլ, դե, «ախմախ» է, հո չի՞ համեմատելու եւ հանգելու եզրակացության, որ երկու երկրների իշխանություններն էլ թալանել են այն չափով, որ չափով թույլ են տալիս իրենց պետությունների չափերը, ազգաբնակչության քանակն ու բնական ռեսուրսների ծավալը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը