Տնտեսական

26.02.2014 14:19


Նաիրիտցիները շարունակելու են պայքարն իրենց իրավունքների համար (տեսանյութ)

Նաիրիտցիները շարունակելու են պայքարն իրենց իրավունքների համար (տեսանյութ)

Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել էին ՀՀ Ազգային ժողովի մոտ՝ իրենց բողոքը հայտնելու ավելի քան մեկ տարի չվճարված աշխատավարձերի համար: Սոցիալական ծանր վիճակում հայտնված նաիրիտցիների խոսքերով՝ իրենք աշխատավարձ չեն ստացել 2012 թվականի դեկտեմբերից, իսկ 2010–ից սկսած՝ գործարանում խնդիրներն արդեն իսկ առկա էին:

«7օր»-ի հարցին՝ ինչպես են հոգում իրենց սոցիալական ծախսերը, աշխատակիցները պատասխանել են.

–Անձամբ ինձ աղջիկս է գումար ուղարկում...

–Խանութից պարտքով ենք վերցնում, հետո մի երկու ամիս հետո փողը տալիս ենք։

–Մարդիկ բժշկի են դիմում, հիվանդ են: Ստիպված ազատման դիմում եմ տալիս, որ գումար ստանամ բուժվելու համար, «ռասչյոտնին» էլ չեն տալիս:

–Երեխուն համալսարանից դուրս են թողնում վարձը չվճարելու պատճառով։

Լրագրողի հարցին՝ «Նաիրիտի» տնօրինությունն ինչով է պատճառաբանում աշխատավարձերը չվճարելը, աշխատակիցը պատասխանել է. «Ասում են՝ փող չկա»:

Գործարանում ստեղծված իրավիճակի մեղավորների (Տիգրան Սարգսյանի ու նրա եղբոր) մասին մամուլում հայտնված լուրերին աշխատակիցներից մեկն արձագանքել է. «Ախպերը «զամդիրեկտոր» է եղել: Վերջերս էլ ազատվավ, մաքուր փողերը ստացավ, գնաց: 42 միլիոն ստացավ, գնաց: Հիմա ես շատ-շատ, քարը տրաքի, պետք է մեկ միլիոն փող ստանամ, էդի գնաց, մեկ տարի հետո ստանամ, թե չստանամ, բայց էդ փողն ինձ պետք է, չէ՞»:

Նաիրիտցիների խոսքերով՝ գործարանում ներդրումներ են եղել, սակայն դրանցից որևէ արդյունք չեն տեսել: Ստեղծված իրավիճակն էլ գնահատել են որպես արտագաղթը խրախուսող. «Մարդիկ ստիպված Ռուսաստան են գնում»:

Ցուցարարները վստահեցրել են, որ շարունակելու են պայքարն իրենց իրավունքների համար։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը