Լրահոս

26.02.2014 14:40


«Ժառանգությունը»՝ Ուկրաինայի իրադարձությունների մասին

«Ժառանգությունը»՝ Ուկրաինայի իրադարձությունների մասին

«Ժառանգություն» կուսակցությունը իր համերաշխությունն է հայտնում Ուկրաինայի ժողովրդի իրականացրած սահմանադրական իշխանափոխությանը:

Մենք նաեւ խորին ցավակցություն ենք հայտնում Եվրամայդանի շուրջ հրահրված բախումներում զոհված անձանց, այդ թվում մեր հայրենակիցներ Սերգեյ Նիգոյանի ու Գեորգի Հարությունյանի հարազատներին եւ ուկրաինական ողջ ժողովրդին` երկրի նախագահի պարտականությունները ստանձնած Վերխովնի Ռադայի նորընտիր ղեկավարից մինչեւ շարքային քաղաքացիներ:

Այն, ինչ արեցին Ուկրաինայի ժողովուրդն իր պայքարով եւ նահատակներն՝ իրենց մահով, պատմական տարողությամբ համեմատելի է 23 տարի առաջ անկախության վերանվաճման հետ: Այդ երկիրը վերացրեց իր ինքնիշխանության կայացման ճանապարհի հանգուցային խոչընդոտը եւ «կանաչ լույս» վառեց ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի հետեւողական իրագործման առջեւ:

Ուկրաինայի ակնառու օրինակը Հայաստանի ժողովրդին վերստին համոզում է, որ համախմբված պայքարի միջոցով սահմանադրական հեղափոխություն իրականացնելու, գործող ապօրինի վարչակարգը իշխանությունից հեռացնելու եւ երկրում ազատություն, օրինականություն ու ժողովրդավարություն հաստատելուց հետո միայն հնարավոր կդառնա վերականգնել մեր երկրի սասանված ինքնիշխանությունը, ինչպես նաեւ ազգային շահերի հաշվառման եւ երաշխավորման պայմաններում վերադառնալ Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրին, որը պաշտոնականացվել է 2013-ի վիլնյուսյան գագաթաժողովում՝ ԵՄ-ի ու Հայաստանի միջեւ փոխանակված նամակներով:

Սա պետք է տեղի ունենա առանց վնասելու Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը՝ այն վերակառուցելով բացառապես իրավահավասարության, փոխադարձ շահերի եւ իրավունքների հարգման սկզբունքների վրա՝ միմիայն միացյալ հրապարակի ձեւաչափով:

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան, նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը