Լրահոս

27.02.2014 16:09


Սոնա Արշունեցի. «Մի՞թե իր հասցեին ուղղված իմ մեղադրանքներն ընդունում է»

Սոնա Արշունեցի. «Մի՞թե իր հասցեին ուղղված իմ մեղադրանքներն ընդունում է»

Այս նամակը Մարգարիտ Եսայանին երեկ եմ գրել ու «Ֆեյսբուքով» ուղարկել հենց իրեն: Այսօր ստացել եմ պատասխան. ահա... «Շնորհակալ եմ նամակի համար»։

Փորձում եմ գլուխ հանել. մի՞թե իր հասցեին ուղղված իմ մեղադրանքներն ընդունում է, թե՞ ուղղակի բանի տեղ չի դնում.

արհամարհում է, թքած ունի մեր կարծիքի վրա...

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻՆ

(Բաց նամակ)

Չեմ կարող խոսքս համեմել հարգելի կամ դրան համարժեք բառերով ու շաղակրատել, քանզի ճշմարտախոս եմ, ու էությանս մեջ չկա մարդկանց քծնելու, ծնկելու, հարմարվելու հատկություն՝ հակառակ ձեզ ու ձեր կուսակցության որջում հավաքված, ազգիս, երկրիս վաղվա օրը հարցականի տակ դրած շատ-շատերի: Լսում եմ ձեզ TV-ներով, կարդում սոցցանցերում ու մտածում՝ ի՞նչ է անում պաշտոնը մարդուն. թվացյալ ազգի նվիրյալից, ժողովրդավարից վերափոխվում են հակաժողովրդականի, հակաազգայինի... Շատ եմ ուզում լռել, բայց չի ստացվում. հակառակ ձեզ՝ ես չեմ լռում, երբ տեսնում եմ հայի արգանդից ազգուրացող հայուհիներով է լցվել Ազգային ժողովը, և խեղճ ու կրակ ժողովրդի բախտն են որոշում ձեր նմանները, որ հանուն մանդատից չզրկվելու՝ ամբիոն են բարձրանում ու ամեն անգամ ջանադրաբար ՀՀԿ-ին արդարացնելու ծանր լուծն են քաշում: Այսօր դուք պատգամավոր եք, իսկ վաղը, եթե իշխանությունը փոխվեց (ու փոխվելու է), դուք կմնաք գործազուրկ. վստահ եմ, որ ձեր նախկին լրագրողի աշխատանքն էլ չեք կարողանա վերականգնել, քանզի ամեն խմբագիր չէ, որ ազգի դավաճանին իր թերթում տեղ կտա, հետո, եթե հաջողվի էլ մի տեղ խցկվել, ձեր հոդվածները կարդացողներ չեն լինելու, արհամարհված եք լինելու ժողովրդի կողմից. սա իմիջիայլոց...

Ինձ մի հարց շատ է հետաքրքրում.

Իշխանափոխությունից հետո ինչպե՞ս, ի՞նչ երեսով եք քայլելու Երևանի փողոցներում, ինչպե՞ս եք նայելու ժողովրդի աչքերին. Ձեզ արդարացնող ի՞նչ արգումենտներ եք հորինելու, երբևէ այդ հարցը տվե՞լ եք ձեզ: Գիշերը ի՞նչ խղճով եք ձեր գլուխը դնում բարձին ու հանգիստ քնում, երբ հազարավորները դառը աղքատ են, երբ հազարավորները ձեզ անիծում են... Ու դուք այդ անճարների վերջին պատառ հացն եք կտրում ձեր ընդունած անկատար օրենքներով: Մարդը մի կյանք է ապրում, ու իր մահից հետո լավ կամ վատ անունն է մնում: Այնպես ապրեք, որ վաղը ձեր երեխաները գլուխ չկախեն ձեզ համար. յուրաքանչյուր հայ կին առաջինը դրա մասին պիտի հոգ տանի, հետո դառնա կուսակցության պաշտպանը, այն կուսակցության, որ անդունդի պռնկին է հասցրել երկիրը, այն կուսակցության, որ լեգետիմ չէ, այն կուսակցության, որ հայաթափում է Հայաստանը, այն կուսակցության, որ թուրքին է նվիրում մեր պատմական Հայաստանը... Հայ-թուրքական բարեկամության քողի տակ «Փոխադարձ սահմանների ճանաչման» մասին արձանագրություն է վավերացնում... Ախր ո՞րը թվեմ... ամբողջովին իրեն խայտառակած կուսակցության անդամն եք ընդամենը. վաղը պատասխան եք տալու ժողովրդի առաջ... Դուք պատրա՞ստ եք ժողովրդի առաջ քավել ձեր մեղքերը: Ամեն անգամ ամբիոն բարձրանալիս, կուսակցության կեղտերը կոծկելիս, դուք, ամոթ, խղճի խայթ զգու՞մ եք։ Չէ, կասկածում եմ, այլապես չէիք արդարացնի ձեր կուսակցության ազգադավ քայլերը, չէիք պարտակի: Կարևորը այդ մի բուռ կուսակցականների հարգանքին արժանանալը չէ, այլ ամբողջ ազգի, իսկ ձեր ճակատին դաջված է «ազգի դավաճան» խարանը. ինձ համար նա է իսկական հայը, ու հարգանքի է արժանի, ով ժողովրդի հետ է, ով ապրում է ժողովրդի դարդ ու ցավով :

Ես չէի կարող չգրել այս նամակը ձեզ, քանզի ես իմ ժողովրդի մի մասնիկն եմ, ինձ համար շատ թանկ է իմ հայրենիքը: Թեև հանգամանքների բերումով ես էլ հայտնվեցի օտարության մեջ, սակայն չեմ դադարել ապրել այն տեսլականով, որ կգա այն օրը, որ կտեսնեմ երկրիս հզորացած ու ժողովուրդիս՝ իրական ապահով Հայաստանում, և օտարության մեջ հայտնված իր որդիներին իր գիրկը կկանչի հույսի միակ օազիս Հայաստանս: Հարյուր հազարավոր հայեր են իրենց սրտի խորքում ծոցել այս երազանքը: Իսկ դուք, փաստորեն, ձեր թեթև ձեռքով, մտածված օգնում եք իշխանություններին, որ երկիրը դատարկվի, որն առաջին նախապայմանն է երկրի կործանմանը: Չկա՛ ժողովուրդ, չկա՛ պետություն. սա աքսիոմա է.

Սթափության կոչ եմ անում՝ հանուն մեր երկրի, հանուն Հայաստան աշխարհի հարատևման...

Սոնա Արշունեցի, Բրյուսել

(Գրող-հրապարակախոս, Հայ դատի պաշտպան)

Այս խորագրի վերջին նյութերը