Լրահոս

28.02.2014 09:50


Քաղաքացիական նախաձեռնություն. «Չե՛նք վճարելու հիմա, չե՛նք վճարելու երբեք»

Քաղաքացիական նախաձեռնություն. «Չե՛նք վճարելու հիմա, չե՛նք վճարելու երբեք»

Փետրվարի 27-ին հայտնի դարձավ, որ առողջապահության ոլորտում մարտի 1-ից մի շարք ծառայություններ, որոնք այժմ անվճար էին, կդառնան վճարովի: Այդ թվին են պատկանում պոլիկլինիկաներում իրականացվող բուժզննումները և հղիության ընթացքում առաջացած բարդություններից հիվանդանոցային պայմաններում կատարվող բուժումները:
Եվ եթե պոլիկլինիկաներում հետազոտություններն ու անալիզները կարժենան 500-ից 1000 դրամ, ապա հղիները հիվանդանոցային բուժման յուրաքանչյուր օրվա համար ստիպված կլինեն վճարել օրական 5000 դրամ:

Թեև Ա.Ն-ն երեկոյան հայտարարություն հրապարակեց, համաձայն որի՝ հղիների համար հավելավճարներ չեն գանձվի, մենք մեր անվստահությունն ենք հայտնում այս որոշման հանդեպ՝ մտավախություն ունենալով հետագայում դրանց կրկին ներմուծման համար, ինչպես նաև ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ենք համարում առհասարակ մինչև հիմա անվճար ծառայությունների համար վճարներ սահմանելը, կոչ ենք անում բոլորիդ միանալ վաղվա ակցիային:

Փետրվարի 28-ին՝ ժամը 13:00-ին, «Չենք վճարելու հիմա, չենք վճարելու երբեք, Ձեռքներդ հեռո՛ւ հղիների գրպաններից» նախաձեռնության մի շարք քաղաքացիներ Առողջապահության նախարարության շենքի առջև բողոքի ակցիա են կազմակերպում: Նպատակն է ոլորտի պատասխանատուներին ցույց տալ քաղաքացիների դժգոհությունը սույն որոշման վերաբերյալ և պահանջելու կասեցնել այն:

Մենք համարում ենք, որ այս որոշումը հակաժողովրդավարական է, քանի որ հաշվի չեն առնվել հասարակության կարծիքը և տնտեսական պայմանները որոշում կայացնելիս: Մենք համոզված ենք, որ այն վտանգ է ներկայացնում Հայաստանի բնակչության ապագայի համար, քանի որ որպես հետևանք՝ ընտանիքի պլանավորման և ծնելիության դրդապատճառայնությունը կարող է նվազել, ինչպես նաև այն անվտանգ հղիության խոչընդոտ է հանդիսանում: Այս ամենը պայմանավորված է ՀՀ ներկայիս ծանր տնտեսական պայմաններով: Երկիրը, որտեղ այսքան մեծ են գործազրկության մակարդակը և աղքատությունը, չի կարող նման որոշումներ ընդունել:

Մենք պահանջում ենք Առողջապահության նախարարության ներկայացուցիչներից կասեցնել սույն որոշումը:
«Ձեռքներդ հեռու պահիր հղիների գրպաններից» քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը