Լրահոս

28.02.2014 11:27


Ռուբեն Հակոբյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու են ՀԱԿ–ի մարտիմեկյան հանրահավաքին

Ռուբեն Հակոբյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու են ՀԱԿ–ի մարտիմեկյան հանրահավաքին

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, որ խորհրդարանն անցնում է աշխատանքային նոր ռեժիմի։ Օրինակ բերելով այս վերջին քառօրյան՝ նա ընդգծել է, որ հիմնականում քննարկվեցին ընդդիմության ներկայացրած արտահերթ հարցերը։

–Պետք է նշեմ, որ 4 ոչիշխանական խմբակցությունների համագործակցությունը շարունակվելու է, ինչը ես ողջունում եմ,–ասել է նա։

Ռ. Հակոբյանը չի հասկանում որոշ մարդկանց հրճվանքը, որ, այ, տեսաք, վարչապետի անվստահության հարցը խորհրդարանում չեն բարձրացնում։

–Լուրջ մարդիկ են նստած և գիտեն՝ ինչ են քննարկում, և ինչպես դա կյանքի կոչել։ Այդ հարցն օրակարգում կա, շատ լուրջ, ծանրակշիռ քննարկումներ են ընթանում, և վերջում դուք կստանաք շատ ճիշտ օրակարգ։ Այսինքն, մենք քննարկում ենք պետության վիճակն արմատապես փոխելու հարցը, իսկ թե դա ինչ օրակարգով կմտնի օրակարգ, ժամանակը ցույց կտա։ Կարծում եմ՝ վարչապետի կամ կառավարության փոփոխությամբ, իսկապես, ոչինչ չի փոխվի։ Իհա՛րկե, անպայման նրանք պետք է հեռանան, բայց Պողոսի փոխարեն Պետրոսը ոչինչ չի կարող փոխել։ Պետք է համակարգային փոփոխություն, որ ձևավորվի նոր համակարգ,–ասել է նա։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը համաձայնվել է «7օր»–ի թղթակցի այն դիտարկմանը, որ վարչապետի փոփոխությունը կարող է ամբողջական իշխանափոխության փուլային տարբերակը լինել.

–Համաձայն եմ, բայց պետք է նաև ներկայացնել այն փաթեթը, թե վարչապետի փոփոխությունից հետո ինչ կառավարություն ենք պատկերացնում։

Ռ. Հակոբյանը նաև հայտնել է, որ ինքը և իրենց կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 1–ին մասնակցելու են ՀԱԿ–ի հրավիրած հանրահավաքին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը