Հարցազրույց

11.08.2009 19:31


Արթուր Ավթանդիլյան.

Արթուր Ավթանդիլյան.

Հարցազրույց Ռազմավարական քաղաքականության ակումբի անդամ Արթուր Ավթանդիլյանի  հետ

-Կարելի՞ է ասել, որ Արցախի խնդրի շուրջ վարվող բանակցությունները մտել են փակուղի։

-Միանշանակ «այո» պատասխանելը մի քիչ դժվար է, որովհետև փակուղի է մտել՝ նայած ում տեսակետից։ Միջազգային հանրության տեսակետից հնարավոր է, որ, իրոք, հավանական լինի, ու Մադրիդյան սկզբունքների գաղտնազերծումը գուցե դրա սիմպտոմներից մեկն է։ Ե՛վ ցավոք սրտի, և՛ բարեբախտաբար. ամեն դեպքում, փակուղային իրավիճակ կա։ Որովհետև, ամեն դեպքում, ֆորմալ փակուղին, ըստ էության, դադար է նշանակում, ինչ-որ լճացած իրավիճակ, իսկ իմ համոզմամբ՝ մեզ մոտ այդ լճացումը չկա. ոչ նպաստավոր է զարգանում ու շարունակվում։

-Ո՞րն է, ըստ ձեզ, խնդրի կարգավորման հայանպաստ մոդելը։

-Հայանպաստ մոդելի համար հեծանիվ հորինել պետք չէ։ Մի բան շատ ակնհայտ է՝ խնդրի հայանպաստ կարգավորման լուծումն ու Մադրիդյան սկզբունքներն իրար հետ ոչ մի կերպ չեն առնչվում, ու, ըստ ըության, դա է գլխավոր խնդիրը՝ Մադրիդյան սկզբունքների պատվաստումը Հայաստանում, որը գուցե բերում է փակուղու, ու դա է պատճառը, որ անընդհատ հնչում են կարծիքներ, ու կա այսպիսի դիլեմա. կա՛մ Մադրիդյան սկզբունք, կա՛մ պատերազմ, որը հաջողությամբ համախմբված կերպով քարոզվում է թե՛ Հայաստանի քաղաքական դաշտում, թե՛ ավելի բարձր մակարդակներում։ Դա վտանգավոր է, որովհետև դա կեղծ ընտրություն է։ Կարելի  է ասել, որ հենց Մադրիդյան սկզբունքներն են տանում մեզ պատերազմի։

-Իսկ ո՞րն է խնդրի կարգավորման երրորդ տարբերակը

-Այս պահի դրությամբ գոնե նվազագույն լուծումն է սառեցնել ընթացող բանակցությունները, որովհետև, ցավոք սրտի, այս պահին Հայաստանի քաղաքական, դիվանագիտական պոտենցիալը շատ հեռու է բավարար լինելուց, որպեսզի կարողանա նման հսկայական կարևորության խնդիր լուծել։

-Իսկ կարգավորումն ինչպե՞ս պետք է լինի ըստ ձեզ

 -Լուծումը հետևյալն է. 1-ին՝ պետք է դուրս գալ Մադրիդյան սկզբունքների դաշտից, 2-րդ՝ պետք է հասարակության մեջ հասարակական-քաղաքական քննարկում սկսվի ընդհանրապես Արցախի հետ կապված՝ ազատագրված տարածքների կոնտեքստով։ Այդ քննարկումները, ցավոք սրտի, չկան, ինչը հնարավորություն է տալիս թե՛ իշխանություններին, թե՛ որոշ չափով ընդդիմությանը, թե՛ արտաքին սուբյեկտներին խնդրի լուծումը տանել բացարձակապես ոչ պետականամետ ուղիով։ 3-րդ՝ ես ինչ-որ տեղ համաձայն եմ, որ պետք է լինի Արցախի ներգրավվածությունը։ Մի մասն ասում է, որ այն որպես բանակցային կողմ պետք է հանդես գա, մյուս մասն ասում է, որ պարզապես ամեն ինչ պետք է պատվիրակել Արցախին։ Ես ավելի շատ այս երկրորդ տեսակետի կողմնակիցն եմ։

Ամեն դեպքում՝ Հայատանում պետք է ձևավորվի Մադրիդյան սկզբունքների այլընտրանքային տարբերակ, Արցախյան հիմնախնդրի կարգավորման այլընտրանքային տարբերակ, որը չի եղել։ 1994-ից սկսած՝ մենք  խաղացել ենք միջնորդների դաշտում, մեզ առաջարկել են տարբերակներ, ու խաղի կանոնների սկզբունքը մենք կամավորապես մեզնից հեռացրել ենք։

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ զարգացումներ են սպասվում

-Այս պահի դրությամբ ես երկու հնարավոր տարբերակ եմ տեսնում. առաջին՝ հանրավոր է, որ բանակցային գործընթացը ևս մեկ անգամ սառեցվի։ Դրա օգտին են խոսում, օրինակ, համանախագահների փոփոխությունները, ռուս-թուրքական էներգետիկ համաձայնության փաստը, որը որոշակիորեն մեծացնում է Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում, որը կարող է ոչ  միանշանակ ընկալվել մյուս եռանախագահների կողմից։ Երկրորդ սցենարը Մադրիդյան սկզբունքների իրականացումն է, որի հետևանքով ռազմական գործողությունների սկսման ռեալ վտանգ կլինի։ Ինչո՞ւ, որովհետև, օրինակ, բոլորը փորձում են անտեսել Մադրիդյան սկզբունքների նկատմամբ Արցախի մոտեցումը։ Արցախցիներին գրեթե անհնար է համոզել, որ ազատագրված տարածքների վերադարձը իրենց համար կարող է նպաստավոր իրավիճակ ստեղծել. նույնիսկ խաղաղարարների ներկայությունը, որ նույն Բրայզան բացահայտեց, ապահովելու է սեփական անվտանգությունը, ոչ թե լինելու են խաղաղապահներ։ Արցախցիներին համոզելու երկու ձև կա՝ կա՛մ պիտի ապահովել տեղահանումը, կա՛մ պետք է նրանց կանգնեցնել փաստի առաջ, այսինքն՝ ռազմական ճանապարհին։ Այսպիսի խոսք կա. ասում են՝ «Արյամբ վերցրած հողը հնարավոր չէ հանձնել», եթե շարունակենք այս միտքը, ապա կստացվի, որ «Արյամբ վերցրած հողը հենց արյամբ էլ պետք է վերադարձվի», ու այդ իմաստով Մադրիդյան սկզբունքներն իրենց մեջ ավելի շատ պատերազմի վտանգ են պարունակում։

-Արցախի հարցը ներքաղաքական հարցերում կարո՞ղ է որոշիչ դառնալ

-Ես էլի պիտի մեջբերեմ Մեթյու Բրայզայի խոսքերը։ Նա խոսում է ճնշումների մասին, այն մասին, որ ոչ մի ճնշում չի գործադրվում որևէ նախագահի վրա, և դա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց՝ սկսած իշխանամետ մեկնաբանություններից, վերջացրած ուրիշ մեկանաբանություններով։ Բրայզան, որպես դիվանագետ, նշում է, որ ճնշում չկա, և, իրոք, ճնշման կարիք էլ չկա։ Բայց, կապելով հարցի հետ, կարող եմ ասել, որ հնարավոր է՝ պարզ առևտուր կատարվի արտաքին լեգիտիմության և դրա դիմաց որոշակի  զիջումների գնալու կոնտեքստում։ Ցավոք սրտի,  սա կարող է աշխատել։ Վերադառնամ հարցին. ներքաղաքական ներկապնակում այս պահին ոչ մի կերպ  չկա և երբևէ չի եղել, որ  վերջին մի քանի տարվա մեջ Արցախի  հարցը ակտուալանա։ Խնդրի շտկման միակ տարբերակը կարող է լինել հասարակական դիսկուսիայի ստարտը, մեծ մակարդակի հասարակական բանավեճի ձեռնարկումը։ Իսկ քանի դեռ այն չկա, ինքը մնալու է պոպուլիզմի շրջանակներում, ինչպես եղավ Դաշնակցության դեպքում, ինչպես եղավ, ըստ էության, կոնգրեսական որոշակի հայտարարությունների դեպքում, էլ չեմ խոսում ՀՀԿ-ի և «Բարգավաճ Հայստանի» մասին։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը