Լրահոս

28.02.2014 13:27


Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ–ն շահագրգիռ է մարտի 1–ի հանձնաժողովի ստեղծմամբ»

Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ–ն շահագրգիռ է մարտի 1–ի հանձնաժողովի ստեղծմամբ»

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ցավում է, որ խորհրդարանական մեծամասնությունը, ենթարկվելով կառավարության ուղղակի դիկտատին, տապալեց «Նաիրիտի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ–ի առաջարկը։

Ինչ վերաբերում է 2008թ. մարտի 1–ի իրադարձությունների հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ–ի առաջարկած նախագծին, ԱԺ այսօրվա ճեպազրույցում Ն. Զոհրաբյանն ընդգծել է.

–ԲՀԿ–ն շահագրգիռ է և պնդում է, որ պետք է անել հնարավորը, որպեսզի նման հանձնաժողով ստեղծվի, և հանրությունը պիտի՛ իմանա՝ ի՞նչ հանգամանքներում, ի՞նչ զենքերից զոհվեցին ՀՀ 10 քաղաքացիները։ Մենք որևէ խնդրից կաշկանդված չենք. մենք պատրաստ ենք այդ հանձնաժողովում քննարկել ցանկացած հարց, այդ թվում նաև՝ իշխանության բալանսի վրա նստած տարբեր գործիչների և լրատվամիջոցների կողմից ուղղորդվող հարցերը, պատրաստ ենք բաց և հրապարակային քննարկել։ Ամսի 10–ին՝ քվեարկության ժամանակ, կերևա, թե որ քաղաքական ուժն է շահագրգիռ բաց և հրապարակային քննարկմամբ, իսկ որ քաղաքական ուժերն են, որ հակված են ինչ–ինչ խնդիրներ թաքցնել և պարտակել։

Ն. Զոհրաբյանը հավելել է, որ սովորություն չունի փաստաթղթեր պահել, բայց, բարեբախտաբար, պահել է մարտի 1–ի նախկին հանձնաժողովի նախնական եզրակացությունը։

–Այդ հանձնաժողովի նախագահ պարոն Նիկոյանը կարող է հաստատել, թե ինչ առաջարկներ են եղել ԲՀԿ–ի կողմից, մենք ինչ ենք ասել՝ ինչի տակ չենք ստորագրի, եթե այս ձևակերպումները չհանվեն,–ասել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը