Լրահոս

28.02.2014 13:53


Ն. Զոհրաբյան. «Այս հարցերի պատասխանը չունի ՀՀ վարչապետն ի՛նքը, ուր մնաց՝ ՀՀ քաղաքացիները»

Ն. Զոհրաբյան. «Այս հարցերի պատասխանը չունի ՀՀ վարչապետն ի՛նքը, ուր մնաց՝ ՀՀ քաղաքացիները»

–Իսկ ինչի՞ հիման վրա է վարչապետը եզրակացրել, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ է Մաքսային միությանը,–ԱԺ այսօրվա ճեպազրույցների ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հակադարձելով Տիգրան Սարգսյանի այդ պնդմանը։

–Եվ ընդհանրապես, վարչապետն ունի՞ տեղեկատվություն՝ ՀՀ քաղաքացիները գիտե՞ն՝ ինչ է ՄՄ–ն։ Մեծապես կասկածում եմ. ինչ է ՄՄ–ն, ինչ է շահելու ՀՀ տնտեսությունը դրան անդամակցելուց, այս հարցերի պատասխանը չունի ՀՀ վարչապետն ի՛նքը, ուր մնաց՝ դրա մասին տեղեկացված լինեն ՀՀ քաղաքացիները,–նշել է Ն. Զոհրաբյանը։

Շարունակելով իր գործընկերոջ միտքը՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն ընդգծել է.

–Մինչև սեպտեմբերի 3–ը վարչապետն ինքը դեմ էր Մաքսային միությանը։ Սեպտեմբերի 3–ից հետո իշխանության թիմը դարձավ ՄՄ կոմնակից։ Ասեմ, որ ընդհանրապես նման հարցերի դեպքում սկզբում բանակցում են, հետո են որոշում կայացնում։ Մեզ մոտ գնացին մյուս ծայրից՝ գնացին, խնդրեցին մտնել ՄՄ, հետո սկսեցին բանակցել։ Այս պարագայում էլ դու բանակցում ես այն պայմանների շուրջ, որոնք քեզ թելադրում են։ Գնում խնդրում ենք, հետո բանակցում ենք, որ մեզ լավ պայմաննե՞ր տան։ Չե՛ն տա։

Բանախոսի համոզմամբ՝ նույն իրավիճակն է նաև ԵՄ ասոցացման համաձայնագրի հետ կապված՝ 3 տարի փակ փաստաթղթի շուրջ են բանակցել, և եթե Հայաստանում այժմ կլինի մեկը, ով կնշի՝ կողմ եմ ՄՄ–ին կամ ԵՄ–ին, անլուրջ բան կասի.

–Եթե դու չգիտես՝ ինչին ես կողմ, և ՀՀ–ում 99%–ը տեղյակ չէ, թե ինչ փաստաթղթի շուրջ ես բանակցել, ո՞նց կարող ես լինել կողմ կամ դեմ։

Ն. Զոհրայանն էլ հավելել է, որ որպես Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ անգամ ինքը որևէ կերպ, որևէ խողովակով այդպես էլ չի կարողացել Հայաստանի կառավարությունից ստանալ ասոցացման պայմանագրի տեքստը։

–Շատ ուշ, երբ որ բանակցությունը տապալվեց, ես այն ստացա բրյուսելյան իմ աղբյուրներից։ Գոնե խորհրդարանի մակարդակով պիտի լինեին քաղաքական կոնսուլտացիաներ մինչև բանակցությունների մեկնակը, ոչ թե սկսեինք պոստ ֆակտում գործընթացներից,–նշել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը