Լրահոս

01.03.2014 12:42


Հայաստանում «Կոկաին» տեսակի թմրամիջոցի աննախադեպ քանակ է հայտնաբերվել

Հայաստանում  «Կոկաին» տեսակի թմրամիջոցի աննախադեպ քանակ է հայտնաբերվել

ՊԵԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանում, փետրվարի 23-ին, «Կոկաին» տեսակի թմրամիջոցի աննախադեպ քանակ է հայտնաբերվել։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչությունը, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, «Զվարթնոց» օդանավակայանում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում կանխել է 3կգ «կոկաին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն:

Այս անգամ մաքսանենգը ոչ թե ոլորտում ռիսկային համարվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի էր, ինչպես սովորաբար լինում է, այլ Իտալիայի, ով թմրամիջոցի խոշոր խմբաքանակը տարանցիկ փոխադրմամբ Դոմինիկյան Հանրապետությունից տեղափոխել է Հայաստան:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանի խոսքով՝ հայտնաբերված 3կգ «կոկաին» տեսակի թմրամիջոցը դեռեւս աննախադեպ քանակ է մնում Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում: «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողության «կանաչ ուղին» հատելուց հետո, վարչության աշխատակիցները, հսկողության ենթարկելով իտալացի Դի Սիմոնե Վալերիանոյի ուղեբեռը, պարզել էին, որ ճամպրուկում բացի անձնական օգտագործման իրերից, օտարերկրացին նաեւ «թանկարժեք» բեռ ունի` հատուկ պատրաստված թաքստոցում: Ըստ Մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության մաքսային տեսուչ Մուշեղ Մանվելյանի՝ թաքստոցներից մեկը ճամպրուկում նախապես պատրաստված կրկնակի հատակն էր, մյուսը` դյուրակիր համակարգչի պայուսակի միջնապատը. «Իսկ կասկածելի փոշենման զանգվածով լեցուն պոլիէթիլենային տոպրակները պատված էին հատուկ նյութով»:

Մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցների կասկածները հիմնավորելու նպատակով նշված զանգվածը ուղարկվել է Փորձաքննությունների ազգային բյուրո, որտեղ այն որակավորվել է որպես «կոկաին» տեսակի թմրանյութ: Աննախադեպ այս դեպքի բացահայտման նպատակով Մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչությունը համագործակցել է նաեւ Ազգային անվտանգության ծառայության հետ:

Մաքսային հսկողության նորագույն լուծումների անընդհատ կիրառմանը, տեխնիկական վերազինմանը զուգընթաց վարչությունում մաքսանենգության դեպքերը կանխելու եւ բացահայտելու նպատակով կարեւորվում է նաեւ մարդկային գործոնը. այս խոշոր փորձը կանխվել է հենց անձնակազմի պրոֆեսիոնալ թիմի զգոնության շնորհիվ, վստահեցնում է վարչության պետ Սամվել Սանամյանը:

Նշենք, որ իտալացի Դի Սիմոնե Վալերիանոն առաջին անգամ է մեր երկրում եւ իր իսկ խոստովանությամբ՝ ճամփորդության վերջին կանգառը հենց Հայաստանն էր: «Մեր ունեցած տվյալներով, մաքսանենգը պետք է կանգ առներ երեւանյան հյուրանոցներից մեկում, որտեղ նրա համար սենյակ էր ամրագրել իսպանական մի ընկերություն»,-նշել է վարչության պետ Սամվել Սանամյանը:

Մաքսանենգի հայտարարության համաձայն, 3կգ «կոկաին» տեսակի թմրամիջոցի արժեքը կազմում է շուրջ 1,5 մլն դոլար: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Այս խորագրի վերջին նյութերը