Կարծիք

12.08.2009 12:56


Արդյո՞ք գլխավորը միայն կարգավիճակի հարցն է

Արդյո՞ք գլխավորը միայն կարգավիճակի հարցն է

Արդյո՞ք Ղարաբաղի անկախ կարգավիճակը լուծում է ղարաբաղյան հարցը և երաշխավորում Հայաստանի և Ղարաբաղի անվտանգ ապագան:

Վերջին շրջանում Հայաստանի հիմնական պաշտոնական տեսակետն այն է, որ Սարգսյան-Ալիև բանակցություններում գլխավոր թեման Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Մի պահ պատկերացնենք, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը հենց այնպես է որոշվելու, ինչպես Մեթյու Բրայզան է քողազերծում: Արդյո՞ք որևէ հակասություն կա մեր իշխող պաշտոնական կուսակցության և Բրայզայի տեսակետներում: Եվ արդյո՞ք Բրայզան հակասական դիրքորոշում է արտահայտում՝ մեկնաբանելով վերախմբագրված Մադրիդյան սկզբունքները: Ըստ Բրայզայի՝ Ղարաբաղը որոշ ժամանակ ունենալու է միջանկյալ կարգավիճակ, որը, «դե ֆակտո», ներկա կարգավիճակն է, այնուհետև հանրաքվեով որոշվելու է նրա հետագա և վերջնական կարգավիճակը, որը հասկանալիորեն լինելու է Ղարաբաղի անկախությունը կամ միացումը Հայաստանին: Այնուամենայնիվ, այս վերջին մոտեցումը  հնարավոր է, որ բացառվի Ադրբեջանի և Թուրքիայի պնդմամբ, սակայն անտրամաբանական է, երբ սկզբունք է դրվում անցկացնելու հանրաքվե, լսելու ժողովրդի կամարտահայտությունը, և բացառվում է հնարավոր ելքերից մեկը: Իսկ ո՞վ է ասում, որ Ղարաբաղի ժողովրդի վերջնական կամքը Հայաստանի հետ միավորումը չէ:

Ինչ վերաբերում է Բրայզային, ապա, ի հեճուկս նրա հասցեին հնչեցրած բոլոր փնովանքներին, նա լուրջ դիվանագետ է, և նրան պետք է չափից ավելի լուրջ վերաբերվել: Խնդիրը այլ տեղ է թաքնված. արդյո՞ք հայկական դիվանագիտությունն արդեն սեղանի շուրջ չի «փոխզիջել» ազատագրված 5 շրջանները, իսկ երկուսի շուրջ էլ դեռ համառում է՝ հասկանալով, որ ամբողջը «փոխզիջելով»՝ վաղը լուրջ սպառնալիք է ստեղծում ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի համար: Այս խնդրի շուրջ պաշտոնական այրերի և նրանց խոսնակների պատասխանը մոտավորապես այսպիսին է. «Գլխավորը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, Ղարաբաղը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր, Ղարաբաղը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում»...Նկատենք, որ սա նույնն է, ինչ ասում է Մեթյու Բրայզան՝ մի տարբերությամբ՝ Հայաստանի պաշտոնյաները լռում են ազատագրված տարածքների մասին, իսկ Բրայզան համառորեն ասում է, որ հետ է վերադարձվելու ամբողջը՝ բացառությամբ Ղարաբաղ-Հայաստան միջանցքի: Այս վերջինիս լայնքի և կարգավիճակի մասին էլ ոչ մի խոսք դեռևս չկա՝ վերջապես ու՞մ է այն պատկանելու, և արդյո՞ք այդ միջանցքը միայն Լաչինի մայրուղին է նախատեսվում ամրագրել:

Այնպես որ, Բրայզան ամենևին էլ հակասությունների մեջ չի գտնվում, այլ մեր պաշտոնական դիվանագիտությունը, որը չգիտի՝ ի՞նչ ասի իր հասարակությանը և ամեն ինչ կենտրոնացնում է Ղարաբաղի կարգավիճակի շուրջ և փնովում Բրայզային: Մեր պաշտոնական դիվանագիտությունն անհասկանալիորեն դեռ 1988-91 թվականներում է մնացել, և կարծեք՝ 20 տարի ոչինչ էլ չի եղել Ղարաբաղում և նրա շուրջ:

Այստեղ պետք է կրկին շեշտել, որ խաղաղություն և ճանապարհներ ռազմավարական նշանակության տարածքներ հանձնելով չենք վաստակի. միայն հաջողություններ ամրագրելով և զարգացնելով է հնարավոր պարտադրել բարեկեցիկ և անվտանգ ապագա Հայաստանի և Ղարաբաղի համար: 1993-1994թթ. այս մտայնությունն էր, որ խաղաղություն պարտադրեց, և պետք չէ հրաժարվել դրանից: Իսկ Բրայզայի բերանը, անկասկած, մենք ենք թույլ տվել, որ բացվի նման մոտեցումներով, և դա ցավալի է, գուցեև՝ ողբերգական...

Արտակ Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը