Լրահոս

04.03.2014 16:53


ԼՂՀ կառավարությունը հանել է տաքսի ուղևորափոխադրումների տարիքային սահմանափակումները

ԼՂՀ կառավարությունը հանել է տաքսի ուղևորափոխադրումների տարիքային սահմանափակումները

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Նիստում գործադիրը սահմանել է նոր կարգ, որով հանվում են տաքսի ուղևորափոխադրումների տարիքային սահմանափակումները: Մինչ այդ` տաքսամոտորային փոխադրումներում ներգրավված էին ռուսական արտադրության 10, արտասահմանյան այլ արտադրության միայն 15 տարի և ավելի փոքր տարիք ունեցող ավտոմոբիլներ:

Նիստում սահմանվել են ԼՂՀ մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները, հաստատվել մշակութային տարածքների ցանկը: Մշակութային են ճանաչվում այն տարածքները, որոնք ավանդաբար ստեղծում են ոչ նյութական մշակութային արժեքներ, առանձնանում են ավանդական բնօգտագործման ինքնատիպությամբ, առկա են պատմության, մշակույթի և բնության հուշարձաններ, որոնք ձեռք են բերել հոգևոր, ծիսական և պաշտամունքային նշանակություն և տարածքը պատմության, մշակույթի և բնության հուշարձանների միաձուլման արդյունքում ձեռք են բերել գիտական, մշակութային, զբոսաշրջային նշանակություն: Ըստ այդ չափորոշիչների` ցանկում ընդգրկվել են Շուշի քաղաքը, Ասկերանի շրջանի Պատարա և Ծաղկաշատ, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղերը:

Գործադիրը հաստատել է 2014թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող ԼՂՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը: Այդ աշխատանքների համար կհատկացվի 247.5 մլն դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը