Մեկնաբանություն

05.03.2014 18:49


Լևոն Տեր–Պետրոսյանը խփեց տասանոցին

Լևոն Տեր–Պետրոսյանը խփեց տասանոցին

Մարտի 1–ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթին հաջորդած իշխանական ճամբարի հիստերիկ ու հախուռն արձագանքը ցույց է տալիս, որ նրա ասած խոսքը խփել է ուղիղ տասանոցին։

Սերժ Սարգսյանին դրանից հետո այլ բան չէր մնում, քան տեղեկատվական դաշտում «հանրահավաք» անելը (Սերժի՝ մարտի 1–ի փողոցային հավաքն ամբողջությամբ տապալվեց, քանզի Դավիթ Շահնազարյան–Պարույր Հայրիկյան զույգը կարողացել էր հավաքել մոտ երեք տասնյակ մարդ՝ ներառյալ «անկախ» մամուլը ներկայացնող լրագրողներն ու օպերատորները, իսկ Մյասնիկյան արձանի մոտ նույն օրը երեկոյան ավելի շատ թամաշա անող կար, քան «քաղաքացիական նախաձեռնության» անդամ)։

Դատելով ամենից՝ հայտարարված է համահաճախորդական տագնապ։ Ներգրավվել են նաև «ռեզերվիստներն» ու «ինվալիդները»։

Մամուլի ակումբներն ու վերահսկելի լրատվամիջոցները ողողված են պաշտոնական ու ոչ պաշտոնական սերժամետներով։ Մարտի են նետվել Էդվարդ Շարմազանովից մինչև Սասուն Միքայելյան, Կարեն Ավագյանից մինչև Արարատ Զուրաբյան, «սութի արևմտամետներից» մինչև շարքային «դիշովկեք», Արմեն Աշոտյանից մինչև Պետրոս Մակեյան, Արման Բաբաջանյանից մինչև բեյրութահայ հեղափոխական Կարապետ Ռուբինյան։

Ժողգործիքներին հիմնականում երկու թեմատիկ ուղղությունների վրա են մասնագիտացրել։ Այդ թեմատիկ ուղղությունները հետևյալն են՝ Մաքսային միությունը և Գագիկ Ծառուկյան–Բիձինա Իվանիշվիլի համեմատությունը։ Ընդ որում՝ ամեն մի սերժամետ նախ պետք է նենգափոխի Տեր–Պետրոսյանի հանրահավաքային ելույթը, ապա պետք է փրփուրը բերանին քննադատի իր իսկ կողմից նենգափոխված ձևակերպումները։

«Թունդ արևմտամետները» քննադատում են Տեր–Պետրոսյանի իբր ռուսամետությունը, իսկ մյուսները Ծառուկյանի և Իվանիշվիլու տարբերությունների հարցում դիսերտացիա են պաշտպանում։

Ու ինչքան շատ է Բաղրամյան 26–ն այս թեմաներով խոսեցնում իր հաճախորդներին, այնքան ավելի է վատանում «Վերջի բոլշևիկի» վիճակը, քանզի մարդիկ էշ չեն, որ չհասկանան, որ Տեր–Պետրոսյանը ոչ թե ռուսամետ է ու ողջունում է ՄՄ մտնելը, այլ պարզապես արձանագրում է փաստը և ուկրաինական իրադարձությունների ֆոնին տալիս քաղաքական գնահատականներ։

Տեր–Պետրոսյանին մեղադրել այն բանի համար, որ նա այս պահին անշրջելի է համարում ՄՄ մտնելը և խուրհուրդ է տալիս հաշվի առնել այդ հանգամանքը նույնն է, թե քննադատես այն մարդուն, ով անձրև գալու ժամանակ արձանագրում է այդ փաստը և փողոց դուրս եկողին խորհուրդ տալիս անձրևանոց վերցնել։

Մարդիկ նաև ոչխար չեն, որ չհասկանան, որ Ծառուկայնի և Իվանիշվիլու նմանությունների մասին խոսելիս՝ Տեր–Պետրոսյանը նկատի է ունեցել իշխանափոխության անարյուն տարբերակի հասնելու հարցում այդ գործիչների ֆունկցիոնալ ընդհանրությունը, այլ ոչ թե նրանց արտաքին նմանությունները կամ տնօրինած կապիտալի չափը։

Բայց դե պատվերով համերգ տվողներին խորթ է բանականության դաշտում բանավիճելն ու փաստարկներով հանդես գալը։ Ասել են հաչացեք, իրենք էլ հաչում են։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ի դեպ, արժե առանձնահատուկ ընդգծել, որ իշխանություններին այնքան է պետք եղել ՀԱԿ–ի հզոր հանարահավաքին և Տեր–Պետրոսյանի բարձրաձայնած կոդերին գոնե տեղեկատվական դաշտում հակազդելը, որ անգամ չեն թողել Արմեն Աշոտյանի քարոզչական հովանավորության տակ գործող Նիկոլ Փաշինյանին կազդուրվել կույրաղիքի վիրահատությունից։ Վերջինս, նարկոզից դեռ դուրս չեկած, ստիպված էր «Հայկական ժամանակի» էջերում գեղամյանություն անել Լևոն Տեր–Պետրոսյանի ու Գագիկ Ծառուկյանի դեմ։

Դաժան, շատ դաժան մարդ է Սերժ Սարգսյանը։ Չի թողնում նույնիսկ հետվիրահատական փուլն անցնի Նիկոլը, մի քիչ շունչը տեղը բերի ու նոր միայն «մեյդան» գա։

Կոպիտ դար է, կոպիտ բարքեր։

Այս խորագրի վերջին նյութերը