Լրահոս

07.03.2014 15:52


ԱԺ հանձնաժողովն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից յուրաքանչյուր տարի հաղորդում ներկայացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը

ԱԺ հանձնաժողովն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից յուրաքանչյուր տարի հաղորդում ներկայացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը

Մարտի 7-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, երկրորդ ընթերցմամբ քննարկեց պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Զարուհի Փոստանջյանի, Արամ Մանուկյանի, Աղվան Վարդանյանի, Հովհաննես Մարգարյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էդմոն Մարուքյանի եւ Հովհաննես Սահակյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ ՀՀ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը, Հանրապետության Նախագահին եւ Ազգային ժողովին հաղորդում ներկայացնի ՀՀ դատախազության նախորդ տարվա գործունեության վերաբերյալ: Հաղորդումը ներկայացնելու է ՀՀ գլխավոր դատախազը, քննարկումն ավարտվում է՝ առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու:

Նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության տեսակետը դրական էր. այն ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը:

Նախագիծն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը, այն կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Լրամշակման նպատակով մինչեւ մեկ տարով հետաձգվեց ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը:

Այս խորագրի վերջին նյութերը