Լրահոս

11.03.2014 13:45


Մեր երկիրը պետք է հաստատուն քայլերով գնա դեպի «Մո…»

Մեր երկիրը պետք է հաստատուն քայլերով գնա դեպի «Մո…»

Սերժ Սարգսյանին, եթե այս տարիներին ինչ-որ բան հաջողվում է, ապա դա՝ իրեն Նժդեհի ուսմունքի հետևորդ հռչակած Հայաստանի հանրապետական կուսակցությունը, կամաց-կամաց, «Համավոր հարսների կուսակցություն» դարձնելն է: Արդյունքում, նրա թիմում մշտապես թեժ պայքար է գնում, թե ով է ավելի նվիրված «տիրոջը» և որպես ապացույց՝ ով խոնարհաբար կլռի, եթե անգամ Ազատիչը երկրին ամենամեծ վնասը հասցնող որոշումը կայացնի, կամ էլ՝ առաջինը կողջունի նրա ցանկացած անտրամաբանական հայտարարություն:

Ս.Սարգսյանը դեռ չի հասցնում նախադասությունն ավարտել, արդեն իշխանական տարբեր թևերից հնչում է պիոներական՝ «միշտ պատրաստ»-ը: Գաղտնիք չէ, որ Ազատիչը դանդաղ է խոսում ու մինչև նախադասությունն ավարտում է՝ «գելերը ծնում են»: Ու, երբ ասաց, որ մենք պետք է գնանք Մո.., չհասցրեց ավարտել բառը, իսկ թիմակիցների առավել ճարպիկները կարծեցին, թե դա իհարկե Մոնտե Կառլոն է՝ Ազատիչի սիրած վայրը, ու շտապեցին իրար հերթ չտալով հայտարարել, որ մեր երկրի համար եվրոպական ուղղությունը քաղաքակրթական ընտրություն է:
Բայց գտնվեցին գործից հասկացողներ, որոնք վստահաբար պնդեցին, թե այս խառը ժամանակները Ս.Սարգսյանն ավելի շուտ Մոզամբիկ կգնա, քան՝ Մոնտե Կառլո: Թիմակիցներից ոմանք պայծառացան, թե՝ իհարկե Մոզամբիկ, ինչպե՞ս իրենց մտքներով չէր անցել դա, ու անմիջապես մերկացան, տերև կպցրեցին համապատասխան տեղում, վերցրեցին նիզակն ու գնացին առաջին շարքում կանգնեցին՝ ուղղությունը դեպի Մապուտու:

Սակայն Ազատիչը հանդիմանեց բոլորին, թե՝ ի՞նչ Մոնտե Կառլո, ի՞նչ Մոզամբիկ, մենք Մոսկվա ենք գնում: Դե բնական է, Արևմուտք շտապողներն անմիջապես վերապրոֆիլավորվեցին ու դարձան երդվյալ «մոսկվայապաշտներ»: Այս խեղճուկրակների «բանակով» գուցե դեպի Մոսկվա ճամփա ընկնենք, բայց տեղ կհասնե՞նք: Եթե անգամ համոզիչ ռուսամետ լինեին, անկախ նրանից կիսում ենք իրենց տեսակետը, թե ոչ՝ հարգանքով կվերաբերվեինք, առաջնորդվելով՝ Ֆրանսուա-Մարի Արուե Վոլտերի հայտնի խոսքերով. «Ես համաձայն չեմ ձեր խոսքերի հետ, սակայն կյանքս կզոհեմ՝ պաշտպանելով սեփական տեսակետն արտահայտելու ձեր իրավունքը»: Բայց երբ նույն ոգևորությամբ գովերգում էին Արևմտյան ուղղությունն ու քննադատում Մաքսային միությունը, իսկ որոշ ժամամակ անց՝ հակառակ հերթականությամբ քննադատում ու գովերգում, ի՞նչ վիճակում կհայտնվենք, եթե սրանց կարծիքը լուրջ ընդունենք ու, որ ամենավտանգավորն է՝ առաջնորդվենք դրանով:
Անկախ նրանից, թե մեր երկիրն ինչ արտաքին քաղաքական կուրս կընտրի, մի բան հաստատ է. այս «Մո...» գնացողների խմբակին պետք է անմիջապես գցել քաղաքական աղբանոց ու կափարիչն էլ ամուր փակել:

Արմեն Հարությունյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը