Լրահոս

11.03.2014 15:05


Սուրեն Խաչատրյանը չի պատժվելու, քանի որ այդպես է որոշել Սերժ Սարգսյանը

Սուրեն Խաչատրյանը չի պատժվելու, քանի որ այդպես է որոշել Սերժ Սարգսյանը

Սուրեն Խաչատրյանն այժմ չի պատժվելու: Սա միանգամայն պարզ էր դեռ այն ժամանակ, երբ Գեւորգ Կոստանյանը հայտնեց իր կարծիքը: Սուրեն Խաչատրյանին, նրա հարազատներին իշխանությունները հռչակել են ազգային արժեք:
Դա մինչեւ Ավետիք Բուդաղյանի սպանությունն էր, նրա հարազատները «փորձարկել» են հանցագործությունների բոլոր տեսակները` սպանություն, թմրանյութեր, բռնաբարություն, ծեծ եւ այսպես շարունակ: Հայաստանի արդարադատության համակարգը կարելի է գնահատել միայն Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հարազատների հանցագործությունների նկատմամբ այդ համակարգի «գործունեությամբ»: Տարիներ առաջ բանտից վաղաժամկետ ազատ է արձակվել Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին, ով մի երիտասարդի է սպանել: Ինչպե՞ս է ազատվել նա:
Ասում են` Սուրիկը «հայրենիքի առջեւ ծառայություններ ունի»: Ես չգիտեմ, թե դրանք ինչ ծառայություններ են, բայց ես չեմ կարող ցույց տալ հայրենիքին մատուցված մի ծառայություն, որը մարդուն թույլ կտա սպանություն կատարել եւ մնալ անպատիժ: Սուրիկ Խաչատրյանը մեծ կարողությունների տեր մարդ է: Հայրենիքին ծառայություններ մատուցած տասնյակ տղաների գիտեմ, ովքեր աղքատության մեջ են: Սուրիկ Խաչատրյանը տասնյակ միլիոնավոր դոլարներ է կուտակել, ունի հանքեր, անշարժ գույք է ձեռք բերել տարբեր երկրներում: Հիմա էլ Երեւանում՝ բոլորիս աչքի առաջ, մի հսկա առանձնատուն է կառուցում: Սուրիկ Խաչատրյանն ընդամենը պաշտոնյա է եղել, բայց նրան թույլատրել են կուտակել այդ կարողությունը: Սուրեն Խաչատրյանը չի պատժվելու, քանի որ այդպես է որոշել Սերժ Սարգսյանը: Ուրիշ բանաձեւ մի՛ փնտրեք:
Իսկ ահա Վոլոդյա Ավետիսյանին պիտի բանտ ուղարկեին, որովհետեւ նա ասում է` տղե՛րք, դուք սխալ եք ապրում: Պաշտոնյաներն իսկապես չեն ընկալում, որ իրենք սխալ են ապրում: Նրանք այդպես էլ չեն ուզում հասկանալ դա: Նրանք չեն հասկանում, որ աղքատ է բնակչության, իրենց իսկ տվյալներով, 32 տոկոսը: Նրանք դրա մասին խոսում են, բայց չգիտեն` դա ինչ է:
Գիտեք՝ Սուրիկ Խաչատրյանի եւ Վոլոդյա Ավետիսյանի միջեւ տարբերությունը որն է: Սուրիկ Խաչատրյանը հայրենիքին իր «ծառայությունը մատուցել» է ընտրակեղծքիներով ու թալանով: Իսկ Վոլոդյան դա չի արել, նա պարզապես ծառայել է հայրենիքին որպես զինվորական: Ու սարսափելին այն է, որ իր զինվորական ընկերները, ովքեր սպայի պատվի համար պիտի պաշտպանեին Արտակ Բուդաղյանին եւ Վոլոդյային, կանգնեցին Սուրիկ Խաչատրյանի կողքին: Փամփուշտներ հայտնաբերել են, թե չեն հայտնաբերել, Սուրիկ Խաչատրյանը քնած էր, թե քնած չէր, դրանք ընդանրապես ոչ մի նշանակություն չունեն:

Էդիկ Բաղդասարյան

Այս խորագրի վերջին նյութերը