Լրահոս

12.03.2014 13:07


Երեխաների համար նոր տեսակի պատվաստանյութ կներկրվի Հայաստան սեպտեմբերին

Երեխաների համար նոր տեսակի պատվաստանյութ կներկրվի Հայաստան սեպտեմբերին

Այսօրվա ասուլիսիսին Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հայտարարել է, որ այս տարվա սեպտեմբերից նոր տեսակի պնևմակոկային պատվաստանյութ կներկրվի հուլիսի 15-ից հետո ծնված երեխաներին պատվաստելու նպատակով։ Պատվաստումն ուղղված է նվազեցնելու թոքաբորբերի ու մինինգիտների քանակը (գլխուղեղի թաղանթի բորբոքվածություն): Բանախոսը նշեց, որ պատվաստանյութը կներկրվի Բելգիայից և Ֆրանսիայից քառասուն հազար չափաքանակով։

«Այս պատվաստման արդյունքը մենք կնկատենք մի քանի տարի անց, երբ կնվազեն մինինգիտներն ու թոքաբորբերը, հետևաբար, կպակասեն նաև մանկամահացությունները: Սրանք շատ կարևոր պատվաստումներ են մեր հասարակության ավելի առողջ ապրելակերպի համար»,–ասել է մասնագետը։

Սահակյանը խոսել է նաև պատվաստումից հրաժարվելու դեպքում ռիսկերի մասին. «Իհարկե, որևէ մեկին մենք չենք պարտադրում, բայց հետևողականորեն մեր բժիշկները մի քանի անգամ զանգում են ծնողին, բացատրում են երեխային պատվաստելու նշանակությունը: Օրինակ՝ ծնողներից մեկը հրաժարվել էր պենտավալետ պատվաստումից, իսկ հիմա երեխան մինինգիտ ունի, և հետևաբար, մտավոր հետամնացության խնդիր է առաջացել: Նա այսօր մեղադրում է բժիշկներին, որ իրեն լավ չեն բացատրել պատվաստման կարևորությունը, չեն ստիպել, որ բերի երեխային պատվաստման: Ցանկացած պարագայում միշտ մեղադրում են բժշկին»։

Իր խոսքում առողջապահության ներկայացուցիչը նշել է նաև, որ պատվաստումները մի շարք հիվանդությունների կասեցմանն են նպաստել հասարակության շրջանում. «Սա չի նշանակում, որ եթե մենք սկսենք չպատվաստվել, այդ հիվանդությունները նորից ի հայտ չեն գա: Ցանկացած մարդու թվում է, թե իրեն հարուցիչը կշրջանցի: Բայց տեսեք, թե Վրաստանում ինչպես բռնկվեց կարմրուկի համաճարակ, Մոսկվայում էլ է սկսվում, բայց մեզ մոտ՝ ոչ, որովհետև մենք կանխարգելել ենք»։

Այս խորագրի վերջին նյութերը