Լրահոս

14.03.2014 11:43


Աղետի գոտու բնակարանաշինության վերսկսման ժամկետը դեռևս մնում է անհայտ

Աղետի գոտու բնակարանաշինության վերսկսման ժամկետը դեռևս մնում է անհայտ

«Շիրակ կենտրոնը» դեռևս նախորդ ամիս, Գյումրիում ավելի քան մեկ տարի ընդհատված բնակարանաշինության վերսկսման կոնկրետ ժամկետի պարզաբանման խնդրով «Ի վերջո ե՞րբ է վերսկսվելու բնակարանային շինարարությունը Գյումրիում» խորագրով հրապարակային հարցում էր հղել ՀՀ բարձրագույն իշխանություններին, որում մասնավորապես ասված էր.

«Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար.
դեռևս նախորդ տարի, Ձեր իսկ կողմից տրված խոստումների համաձայն, Գյումրիում անմարդկային պայմաններում գոյատևող մոտ 4000 ընտանիքների համար պետք է կառուցվեր և շահագործվեր ընդամենը 430 բնակարան: Սակայն ինչպես գիտենք, անցյալ տարի այդպես էլ բնակարանային շինարարությունը չվերսկսվեց: Համաձայնե՛ք, որ «դառը ճշմարտությունը գերադասելի է քաղցր ստից»: Ի վերջո, եթե 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից ի վեր աղետյալներին պարբերաբար, հատկապես նախընտրական ժամանակահատվածներում չտրվեին սին խոստումներ, թե. «երկու տարվա», «հինգ տարվա», «երեք տարվա» ընթացքում կկառուցվեն պահանջվող քանակությամբ բնակարաններն ու կհատկացվեն անօթևան ընտանիքներին, ապա հաստատ նրանցից շատերն իրենց «գլխի ճարը կտեսնեին», կամ գոնե այդ մարդիկ իրենց վագոն-տնակների հարևանությամբ ինչ-որ մի քարե կացարան կկառուցեին:

Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար.
դիմում ենք Ձեզ, ակնկալելով ինչպես մեզ, այնպես էլ հարյուրավոր անօթևան ընտանիքների համար ավելի քան կարևոր՝ Գյումրիում բնակարանաշինության վերսկսման և շահագործման հնարավորինս ճշգրիտ ժամկետների մասին տեղեկատվության հրապարակում»:

«Շիրակ կենտրոնը» ՀՀ քաղշիննախարարությունից ստացել է աղետի գոտու հարյուրավոր ընտանիքներին հուզուղ մեր հարցման պատասխանը: Առաջ անցնելով նշենք, որ այն թեև բավականին ուշագրավ թվային տվյալներ է պարունակում, որում նշված է բնակարանաշինության ծրագրի ավարտման ժամկետը, սակայն չի նշված վերսկսմանը կոնկրետ օրն ու ամիսը: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, մենք այն՝ ՀՀ քաղաքաշինության տեղակալ Ա.Կարապետյանի կողմից ստորագրված պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ի պատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին ուղղված Ձեր՝ 2014 թվականի փետրվարի 20-ի հարցման, Գյումրի քաղաքում բնակարանային շինարարության վերսկսման և շահագործման ժամկետների վերաբերյալ հայտնում եմ.

աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում 2009 թվականից մինչև օրս՝

  • կառուցվել և անօթևան ընտանիքներին բաշխվել են 3783 բնակարաններ (բնակելի տներ),
  • 382 ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հատկացվել է ֆինանսական աջակցություն,
  • նախատեսվում է կառուցել ևս 1288 բնակարաններ (բնակելի տներ), որոնցից 608-ը՝ լրացուցիչ կառուցվողներ են:

Արդյունքում ծրագրի իրականացմամբ կլուծվեն մոտ 5500 անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրները:

Նախարարությունը գնահատում է հանձնաժողովի աշխատանքներին Ձեր ակտիվ և գործուն աջակցությունը, ինչպես նաև, առհասարակ, անօթևանների խնդիրներին Ձեր կողմից ցուցաբերած հետևողական մոտեցումը: Մասնակցելով հանձնաժողովի գրեթե բոլոր նիստերին, Դուք քաջատեղյակ եք ծրագրի չափանիշներին, որոնցից ամենակարևորները՝ երկրաշարժի հետևանքով բնակարան կորցնելու, հերթացուցակում սահմանված կարգով հաշվառված լինելու և անհրաժեշտ ամբողջական փաստաթղթերը ներկայացնելու հանգամանքներն են: Հետևաբար Ձեր նամակում մատնանշած՝ դեռևս անօթևանի կարգավիճակում գտնվող և վերը նշված չափանիշներին չհամապատասխանող ընտանիքների բնակապահովման հարցը չի կարող դիտարկվել այս ծրագրի շրջանակներում:

Ինչպես Ձեզ հայտնի է, ՀՀ կառավարությունն՝ ընդառաջելով քաղաքացիներին, անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը 2 անգամ երկարաձգել է, ինչի արդյունքում անհրաժեշտություն էր առաջացել շահառուների ցուցակների ճշգրտման, որն էլ իր հերթին հանգեցրեց շինարարության ժամկետների ձգձգման:

Ճշգրտման արդյունքում անհրաժեշտություն առաջացավ լրացուցիչ 608 բնակարանի (բնակելի տան) կառուցման, այդ թվում 430 բնակարան Գյումրի քաղաքում:

Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության կողմից 2013 թվականի ապրիլի 4-ի N 263 գրությամբ նախարարություն է ներկայացվել ժամանակացույց, որի համաձայն վերը նշված 430 բնակարանների շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014 թվականի տարեվերջին:

Մտահոգ լինելով շինարարության ժամկետների ձգձգման խնդրով՝ դրա կարգավորման նպատակով ներկայումս ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ իրականացնում է ուսումնասիրություններ, որոնց արդյունքների մասին Ձեզ կտեղեկացվի լրացուցիչ»:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը