Մեկնաբանություն

14.03.2014 14:45


«Ժիրինովսկու վկաներ» աղանդի անդամները

«Ժիրինովսկու վկաներ» աղանդի անդամները

Դատելով ամենից՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին շուտով կարող է դառնալ Սերժ Սարգսյանի արարողակարգային հանդիպումների պարտադիր «ատրիբուտը»։ Ավելի ճիշտ՝ վերջինս, ծովահեն–կոմերսանտ Զորի Գայկովիչի հետ միասին, կդառնա «Ժիրինովսկու վկաներ» աղանդի կարկառուն ներկայացուցիչներից։

Բանն այն է, որ օրերս Ժիրինովսկին անդրադարձել էր Ղարաբաղի խնդրին՝ հնչեցնելով հետևյալ տեսակետները. «Հայաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղի հարցով երբեք համաձայնության չեն գա: Այդ իսկ պատճառով էլ ամենալավ տարբերակը կլինի այն ևս Ռուսաստանի կազմի մեջ մտցնելը: Այդ ժամանակ հայերն էլ չեն նեղանա, իսկ ադրբեջանցիները ստիպված կլինեն հաշտվել, քանի որ այն չի մնում Հայաստանի, այլ մտնում է ՌԴ կազմի մեջ»։

Նկատենք, որ Ժիրինովսկին, մեծ հաշվով, նոր բան չի ասել։ Նա կարճ ձևակերպումներով կրկնել է Սերժ Սարգսյանի անբաժան ու գաղափարակից ընկեր Զորի Գայկովիչի ասածները։

Ինչպես հայտնի է, ծովահեն–կոմերսանտը ամիսներ առաջ մի քծնանք–նամակ էր գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հավատարմության երդումներ տալով Գյուլիստանի պայմանագրին ու թասիբի գցելով նրան։ Այլ կերպ ասած՝ Գայկովիչն առաջարկել էր Ղարաբաղը ու նաև Հայաստանը ներառել Ռուսաստանի կազմի մեջ։ Դա այն օրերին էր, երբ «արևմտամետ» Սերժ Սարգսյանը որոշում էր կայացրել ասոցացվել ոչ թե ԵՄ–ի, այլ ՄՄ–ի հետ։

Գայկովիչի այդ քծնանք–նամակից հետո Սերժ Սարգսյանը նրան դարձրեց իր անբաժան ուղեկիցը և պաշտոնական ու ոչ պաշտոնական միջոցառումների պարտադիր «ատրիբուտը»։

«Վերջի բոլշևիկը», նամակի հրապարակումից հետո, նախ Զորիին իր հետ տարավ Ղարաբաղ, ապա դարձրեց հեռուստաաստղ։ Այդպիսով Սերժ Սարգսյանն ուզում էր ցույց տալ Կրեմլին, որ ստորագրում է Գայկովիչի ասածների տակ ու պատրաստ է մինչև վերջ մտնել, մի այլ կարգի մտնել, մի ուրիշ ձև մտնել ... ՄՄ։

Ի դեպ, ուշագրավ է, որ Ժիրինովսկու հայտարարությանն անմիջապես արձագանքել են Ղարաբաղից (ի դեպ, Զորի Գայկովիչի համանման մտքին Ղարաբաղից պաշտոնապես չէին արձագանքել, ավելին՝ մեծ շուքով նրան ընդունել էին Սերժի հետ միասին)։

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է. «Իհարկե, միջազգային օրենքի համաձայն՝ որեւէ պետություն չի կարող որոշել այլ պետության ճակատագիր: Բնական է, Արցախի ժողովրդի ինքնորոշման խնդիրն է: Արցախի ժողովուրդը որոշել է, որ անկախ պետություն է կառուցում, այն էլ՝ երկու հանրաքվեներով, դա մեր ժողովրդի կամքն է, եւ, ներկա դրությամբ, որեւէ էական փոփոխություն այդ տեսլականի չկա»։

Ուշադրություն դարձրեք Դ. Բաբայանի «Արցախի ժողովուրդը որոշել է, որ անկախ պետություն է կառուցում, այն էլ՝ երկու հանրաքվեներով, դա մեր ժողովրդի կամքն է, եւ ներկա դրությամբ որեւէ էական փոփոխություն այդ տեսլականի չկա» ձևակերպման վրա։ Նա ասում է, որ եղել են հանրաքվեներ ու ներկա դրությամբ որևէ էական փոփոխություն ինքնորոշման հարցում չկա։

Բաբայանը, փաստորեն, մի ինչ–որ պահի չի բացառում Ժիրինովսկու ցանկության կատարումը, պարզապես ներկա դրությամբ է դա անհնար համարում։

Ահա և պաշտոնական Ղարաբաղի արձագանքը, ինչը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Զորի Գայկովիչը ոչ թե սեփական նախաձեռնությամբ է Գյուլիստանի մասին հիշել, այլ դա Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականության» հերթական դրսևորումներից է։ Իսկ դա նշանակում է, որ «Վերջի բոլշևիկի» պաշտոնավարման վերջը պետք է տալ, այլապես մեզ ոչ միայն Գյուլիստանի, այլև Թուրքմենչայի պայմանագրի տակ կմտցնեն սրանք։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Բոլոր այն ուժերն ու անհատները, ովքեր, «ընդդիմադիր» դիրքերից քափուքրտինքի մեջ մտած, պայքարում են ոչիշխանական ուժերի և հասարակական–քաղաքական լայն կոնսոլիդացիայի դեմ, Զորի Գայկովիչի գրածի համահեղինակներն են՝ «Ժիրինովսկու վկաներ» աղանդի ներկայացուցիչներ։ Ու կապ չունի, որ նրանք հանդես են գալիս արևմտամետի, ԵՄ–ի վկայի, անկախի կամ «իմպերիալիստական Ռուսաստանի» դեմ պայքարողի պիտակի տակ։

Հ.Գ.-2: «Նախասերժարանի» դեմ պայքարող և Սերժ Սարգսյանին հավատարմության երդումներ տվող տղան արդեն խոստովանեց, թե ինչքան են վճարում իշխանություններն այս կամ այն ակցիան կազմակերպելու համար։ Դա, ի դեպ, համեմատաբար ավելի ազնիվ պահվածք էր, քան լֆիկների փողերով Սերժի տակ կքած մյուս «պայքարիստ» դարձածների «թունդ ընդդիմադիր» կեցվածքը։

Սպասենք նորանոր բացահայտումների և ինքնախոստովանությունների։ Դե՛, ձեզ տեսնենք, տղե՛րք ու աղջկե՛րք, պարմաննե՛ր ու պարմանուհինե՛ր, կնանի՛ք և պարոնա՛յք, համացանցային տիրույթի «հեղափոխականնե՛ր», նավապետ «գրանտի» որդինե՛ր, Օբամայից ավելի «կաթոլիկնե՛ր», քարայծի պաշտպանության անխոնջ մարտիկնե՛ր, Արտաշես Գեղամյանի հոգեզավակնե՛ր...

Այս խորագրի վերջին նյութերը