Մեկնաբանություն

14.03.2014 16:13


Ջայլամի կեցվածքով փիսիկը

Ջայլամի կեցվածքով փիսիկը

Երբ հետևում ես Սերժ Սարգսյանին սատարող լրատվամիջոցների ու հաճախորդների պահվածքին, երկու եզրակացության ես հանգում՝

1.Սերժ Սարգսյանը կտրվել է իրականությունից ու չի ընկալում, որ այսպես շարունակելու դեպքում կընկնի Չաուշեսկուի, Քադաֆիի կամ լավագույն դեպքում՝ Յանուկովիչի օրը, բայց առանց ասուլիս տալու հնարավորության։

Նա փորձում է խնդիրները չտեսնելու տալ ջայլամային կեցվածք ընդունելով՝ միամտաբար կարծելով, թե այդպես ապահով է։ Ասել է թե՝ Սերժը յուրօրինակ մեդիտացիայով է զբաղված և ինքնահանգստացման թերապիա է իրականացնում՝ նախապես, իհարկե, պատվաստվելով ցողունային բջիջներով։

2.Մյուս եզրահանգումն այն է, որ նա, բացի ջայլամությունից, փիսոյի պես վախեցած է ու անհանգիստ «մլավոցներ» է հանում՝ իր լրատվամիջոցների ու հաճախորդների միջոցով։

ՀՀԿ ղեկավարի վերջին հույսն այն է, որ «անկախներն» ու «դհոլներն» իրեն հայհոյեն, իսկ ոչիշխանական ուժերին էլ հայհոյեն Սերժին լավ չհայհոյելու համար։ Այդպիսի պատվերների իջեցումն, ի դեպ, վկայում է այն մասին, որ Բաղրամյան 26–ում հիստերիկայի մեջ են հայտնվել 4 ուժերի համագործակցությունից։

Պատկերացնու՞մ եք, թե մարդն ինչ աստիճանի պետք է արժանապատվությունից ու ինքնասիրությունից զուրկ լինի, որ պատվեր իջեցնի իրեն հայհոյելու գնով աթոռը փրկել։ Միայն «Վերջի բոլշևիկն» է ընդունակ նմանատիպ քայլի, բայց դե զարմանալու չէ։

Մի ժամանակ Արտաշես Գեղամյանը Սերժին հնարավոր բոլոր հայհոյանքները տալիս էր, իսկ հիմա նույն այդ մարդը ՀՀԿ խմբակցության անդամ է։ Արթուր Բաղդասարյանի պատմությունը նույնպես բոլորս գիտենք։ Ավելորդ չէ հիշելը, որ միմյանց իդիոտ անվանած մարդիկ են հիմա ջան ասում ու ջան լսում և հանրային խորհուրդ անում։ Այնպես որ Սերժի համար հայհոյվելը սովորական բան է, միայն թե ինքն աթոռին մնա։

Թե ո՞ր կենդանու պահվածքին է նմանվում Սերժ Սարգսյանինը, արդեն էական չէ։ Նրա մոտ նկատվում է և՛ ջայլամության, և՛ վախկոտ փիսոյության սիմպտոմներ։ Դե իսկ սպասվող քաղաքական գործընթացների արդյունքում նա արդեն կհիշեցնի լրիվ այլ կենդանու։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Ինչպես ասում են, մեր պատասխանը «Չեմբեռլենին»։

Այս խորագրի վերջին նյութերը