Լրահոս

15.03.2014 14:54


Հայկ Ավետիսյան. «Նույնիսկ իշխանությունն է խոստովանում, որ բնակչության 80%–ը դեմ է օրենքին»

Հայկ Ավետիսյան. «Նույնիսկ իշխանությունն է խոստովանում, որ բնակչության 80%–ը դեմ է օրենքին»

Հարցազրույց «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանի հետ

–Ի՞նչ ակնկալիքներ ունեք մարտի 22-ին կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ հավաք–երթից Ազատության հրապարակում։

-Ես սպասում եմ շատ–շատ մեծ մարդկանց քանակություն։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մարդիկ այդ օրը վեր կենան ու տներից դուրս գան։ Գան, իրենց բողոքի ձայնը բարձրացնեն։

–Նպատակը միայն բողոքի ձայն բարձրացնե՞լն է։

–Հիմնականն այն է, որ մարդիկ, ովքեր չեն մասնակցում, մասնակցեն բողոքի ալիքին, որը բարձրացվել է Հայաստանում։ Եվ երկրորդ նպատակը՝ որ ՀՀ իշխանությունները տեսնեն, որ այստեղ չկան մարդիկ, ովքեր հետ են կանգնելու։ Հետդարձի ճանապարհ չկա ուղղակի։ Շարժումը միայն ավելանալու է ու ավելի մեծածավալ է դառնալու։

–Այսինքն, շարժումը ձնագնդիկի էֆե՞կտ է ստանալու։

–Այո՛։

–Այնուամենայնիվ, եթե Սահմանադրական դատարանը մերժի, ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու։

–Նույնիսկ եթե Սահմանադրական դատարանը մերժի, բողոքի ալիքը չի մարելու։ Միևնույն է, մենք արհմիությունների գծով ենք պայքարը շարունակելու նաև։ Արդեն հիմա ուսումնասիրում են մարդիկ, որպեսզի հետագայում կարողանան արհմիությունների միջոցով գործադուլ անել, ինչպես նաև այլ անհնազանդությունների մեթոդներով։

–Կառավարությունն ինչ–որ նոր լծակներ է ուզում կիրառել՝ ժողովրդից գումարները գանձելու՝ որպես հարկատեսակ մտցնելու, որի տակ հնարավոր է՝ ընկնեն ոչ միայն 1974 թվականից հետո ծնվածները։ Սա՞ ինչպես կմեկնաբանեք։

–Իրականում տարբերություն չկա, ըստ էության։ Հիմա ընդհանուր, որ մենք ասում ենք հաղթանակ ի նկատի ունենք, ոչ թե պարտադիրը հանեն ու մի ուրիշ օրենք մտցնեն, այլ իրենք դադարեցնեն այդ քաղաքականությունը, այսինքն՝ ուրիշ օրենք էլ չմտցնեն,որը մարդկանց կողոպտելու է։ Հիմա թե դա ինչ մեթոդներով կլինի, ինչ գնով կլինի, կարևորն այն է, որ այնպիսի իրավիճակ չստեղծվի, որ Հայաստանում քաղաքացիական պատերազմի սկսվի։ Հնարավորինս խաղաղ մեթոդներով պայքար։ Խաղաղ մեթոդների սպառման դեպքում նոր, ամենայն հավանականությամբ, մարդիկ իրենք կգան այն եզրակացության, որ ուրիշ ճանապարհ չկա։

–Այսինքն, ո՞րն է այդ ուրիշ ճանապարհը։

–Այսինքն, առճակատում։ Ավելի կոնկրետ ասեմ։ Խաղաղ բոլոր միջոցները սպառելուց հետո, եթե որևէ արդյունք չլինի, բայց դա անհավանական է։ Հնարավոր չի, որ չլինի, որովհետև եթե ամբողջ պետությունն ընդվզի իշխանության դեմ, հնարավոր չէ՝ իշխանությունը ծնկի չգա։

–Սահմանադրական դատարանը դեռ իր որոշումը չի կայացրել, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ չնայած բնակչության 80%–ը դեմ է, բայց պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքը կգործի։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

–Եթե ուշադիր լսենք նախագահի խոսքը, ինքը վճռական ասում է, որ անցկացնելու են օրենքը, բայց միևնույն ժամանակ այնտեղ որոշ նյուանսներ է ասում. «Միգուցե կան որոշ վատ ձևակերպումներ» ու չի մանրամասնում, թե ինչ ի նկատի ունի։ Այսինքն, ինքն ուզում է ասի, որ շատ վճռական է, ուզում է ասի, որ անպայման պետք է պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքը մնա, բայց կոնկրետ չի նշում, թե որ տարբերակով, ինչը կարող է հանվել։ Ինքը վճռականություն է ցույց տալիս կարծես թե, բայց խոսքի մեջ ինչ–որ զիջելու տեղ է ոնց որ թե թողնում։

–Բայց որտե՞ղ է զիջելու տեղ թողնում։

–Ասում՝ «միգուցե ինչ–որ վատ ձևակերպումներ կան» օրենքում։ Հիմա այդ վատ ձևակերպումները որո՞նք են. չի մանրամասնում։ Արդյոք դա «պարտադիրն» է, «պարտադիրը» չի, «պարտադիրի» մասն է, մասը չի։ Մարդկանց մեծ մասը հասկացել է, որ ինքը «պարտադիրի» հետ չէր։ Բայց հետագայում, եթե հանկարծ «պարտադիրը» իրենք չհանեն, օրինակ, երկրում քաղաքական ցնցումներից խուսափելու համար, իրենք շատ հանգիստ կարող են այն ժամանակ ասել, որ վատ ձևակերպում կա, այսինքն՝ այդ տեղը թողած է։ Սա իմ անձնական կարծիքն է, ես այդպես եմ հասկացել։

–Երեկ «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները հանդիպել են ՀՀ ԱԺ խորհդարանական ոչիշխանական 4 ուժերի հետ։ Եղել է քննարկում։ Կողմերը ընդհանուր առմամբ գոհ էին հանդիպումից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք համագործակցությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և քաղաքական 4 ոչիշխանական ուժերի միջև։

–Գիտեք՝ ես անձամբ չեմ եղել ու մանրամասների մասին լավ տեղյակ չեմ, անկեղծ ասած։

–Այնուամենայնիվ, դուք ինչպե՞ս եք գնահատում նմանատիպ ձևաչափով հանդիպումը։

–Մենք՝ որպես Հայաստանի Հանրապետության շահագրգիռ քաղաքացիներ, փորձում ենք ցանկացած մեթոդներով, ցանկացած ձևով Հայաստանի Հանրապետության շահերին համապատասխանող հարցերը լուծել։ Այսինքն, դա կլինի քաղաքական ուժերի հետ համագործակցության միջոցով, թե այլ ուժերի, կապ չունի։ Եթե կա մեկ ընդհանուր ժողովրդի շահ, ապա փորձում ենք միասնական ճակատով պայքարել։

–Այսինքն, դուք դրակա՞ն եք գնահատում նմանատիպ համագործակցությունը։

–Այո՛, իհա՛րկե։

–Ենթադրենք՝ Սահմանադրական դատարանը կասեցնում է «պարտադիր» բաղադրիչը, բայց կառավարությունն այլ լծակներով շարունակում է մտնել քաղաքացու գրպանը այլ հարկատեսակի միջոցով։ Այս դեպքում որո՞նք են լինելու պատասխան քայլերը։

–Այս դեպքում տարբերություն բացարձակ չկա «Դ!եմ եմ» թիմի համար։ Կարծես թե «պարտադիրը» չի հանվել։ Մասնակիցների մեծ մասի համար «Դ!եմ եմ» նախաձեռնության ոչ մի բան չի փոխվի պայքարի առումով։

–Ի՞նչ կոչ կանեք հասարակությանը և իշխանությանը։

–Հասարակությանը բոլորս կոչ ենք անում նախ և առաջ, եթե կա բողոք, իսկ մենք գիտենք, որ կա. նույնիսկ իշխանությունն է խոստովանում, որ բնակչության 80%–ը դեմ է օրենքին։ Ես ավելին կասեմ՝ այնպիսի մարդ չկա, որ այս օրենքը լսի, ու քմծիծաղ չառաջանա դեմքին։ Մի՛ մնացեք տանը, դո՛ւրս եկեք։ Դա առաջին քայլն է՝ բողոքի ձայնը բարձրացնելու, սիրելի՛ հայրենակիցներ։ Դո՛ւրս եկեք և թող լեփ–լեցուն լինեն Երևանի փողոցները։ Տեսնենք՝ այդ ժամանակ ո՞նց իշխանութունը չի զիջի։ Չէ՞ որ, եթե իշխանությունը տեսնի, որ Երևանի փողոցները լեփ–լեցուն են, դա արդեն այնքան լուրջ բան է, որ իրենք կանխազգում են, որ կարող է վերածվել լրիվ ուրիշ բանի։ Այդ մարդիկ էլ, կարող է, էլ տուն չգնան, օրինակ։ Նման վտանգ կա։ Դրա համար պետք է ամեն կերպ ցույց տալ, որ բոլորը համախմբված են, պատրաստ են պայքարելու։

Իսկ իշխանությանը ես հայ ժողովրդի անունից կոչ եմ անում, որ նման քաղաքականութունը դադարեցնեն, որովհետև դա չի կարող երկար տևել. ցանկացած դեպքում նման անօրինականությունն ու ապօրինությունը վերջ ունեն։

Զրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը