Մեկնաբանություն

17.03.2014 19:47


Լավ, էս ինքնագործ խմբի միմոսներից ու ծաղրածուներից պրծում չունե՞նք

Լավ, էս ինքնագործ խմբի միմոսներից ու ծաղրածուներից պրծում չունե՞նք

Դեռ 1988-ին լուրջ չեմ վերաբերվել մի շարք «դեմքերի», որոնք հայտնվեցին ասպարեզում, մեկը՝ «ազգի տառապյալի», մյուսը՝ «անողնաշար շատախոսի», մեկելը՝ իբր ամենինչագետի ու ամենատեղյակի, չորրորդը՝ «կայսրապետության զոհի», հինգերորդը՝ «արդարության մարտիկի», վեցերորդն էլ՝ «գիտունիկի» կերպարանքով:

Նրանց համարել եմ «մտքի յալանչի» կամ էլ՝ «փալանչի»: Այս տեսակը հիմա բազմացել է՝ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում դառնալով «մտքի տանկ»: Ավելին՝ դարձել են «քաղաքագետ» ու «քաղտեխնոլոգ», «վերլուծաբան» ու «հանրային կառավարման մասնագետ», «քաղաքացիական ակտիվիստ» ու «զոհված ազատամարտիկ»։ Եվ վերջապես՝ գրանտային Հ/Կ-ի ղեկավար:

Մամուլի բոլոր ակումբները նմաններին շաբաթական առնվազն երկու անգամ հրավիրում են եւ բոլոր հեռուստաընկերությունները մանրամասն ներկայացնում են սրանց տխմար «կանխատեսումները», որոնք երբեք չեն իրականանում և հիմար գնահատականները, որոնք երբեք չեն համապատասխանում իրականությանը:

Բայց դա կապ չունի, էս մարդիկ, ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ այսօր շարունակում է խոսել ինչ-ինչ տիեզերական ուժերի, ինչ-ինչ «գեոպոլիտիկ» զարգացումների, ինչ-ինչ համակարգերի մասին, որոնք կարող են հասկանալ միայն իրենց նման հանճարեղ ուղեղները, քանզի վերացական բաներն ու ցնորամտությունները չափազանց սուբյեկտիվ ընկալումներ են եւ որեւէ առնչություն չունեն իրական կյանքի, ավելին՝ Հայաստանի հետ:

Սակայն այս ժամկետանց ու նորաթուխ «դեմքերն» այստեղից-այնտեղից թռցրած եւ այդպես էլ չյուրացրած մտքերն ու գաղափարներն իրար շուլալելով անկապ ու անհեթեթ եզարակացություններ են անում եւ այդ «կալամբուրը» մատուցում լսարանին:

Տարիներով «պիոներ պալատ»-ական խմբակի ղեկավարի մակարդակով «վերլուծում» են «գեո-քաղաքական» իրավիճակը եւ այդպես էլ չեն հասնում...Սերժ Սարգսյանին:

Էս մարդիկ թեեւ արդեն իրենք են խճճվել իրենց «պայծառատեսությունների» մեջ, բայց դեռ մամուլի ակումբներում հավաքվածները շարունակում են լսել «մտքի յալանչիներին» կամ «փալանչիներին»:

Լավ, հասկացանք, հետո՞...

Սրանց կարելի էր մի կերպ «հավատալ» ու լուրջ ընդունել ազգային զարթոնքի առաջին օրերին, իսկ դրանից հետո ինչպե՞ս է հնարավոր լսել սույն «գեոպոլիտիկներին» ու «տարածաշրջանագետներին», որոնք ակնհայտորեն զառանցում են:

Կամ ինչպե՞ս է հնարավոր կարդալ սրանց աշխարհաքաղաքական թեմայով լավաշ «վերլուծությունները», որոնց ոչ միայն սկիզբն ու վերջը, այլեւ բոլոր պարբերություններն են իրար հակասում:

Օրինակ՝ Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտության օրերին սրանք իրենց գցում էր Ցյուրիխի տրամվայի գծերի տակ, բայց ոչ մի բացասական բառ չէին ասում «նախաձեռնողական» ՀՀԿ առաջնորդի հասցեին:

Այսօր էլ օրական չորս անգամ անիծում, հայհոյում ու հողի տակ խորը թաղում են «ֆաշիստ Պուտինին», սակայն չեն հանդգնում կես բառով հիշել Սերժ Սարգսյանին: Դե, վերջինիս կողմից գրոշներով գնված անձինք ո՞նց կարող են տալ իրենց տիրոջ անունը, երբ կամովին ստանձնել են Բաղրամյան 26-ի պահապան քութիկների դերը:

Սույն «փալանչիները», որ ներկայանում են որպես ողնուծուծուվ արեւմտամետ գործիչներ՝ եթե սրանց հարցնես՝ ո՞վ է Մաքսային միություն մտնելու որոշում կայացնողը, ի պատասխան այնպիսի խուճուճ, անկապ բառակույտ կթափեն գլխիդ, ինչից կարող ես «եզրակացնել», որ նման որոշում չի եղել ու մենք էլի գնում ենք դեպի ԵՄ: Հաստատ, ԵՄ ասոցացումից չենք շեղվել, ուղղակի, ոչ իշխանական ուժերն են մի քիչ խանգարում, թե չէ հիմա արդեն հայտնվել էինք ԵՄ-ում:

Ու նման կատարյալ ցնդաբանությունները լսում ենք ամեն օր:

Լավ, էս ինքնագործ խմբի միմոսներից պրծում չունե՞նք, որոնց մեր «ջանին է կապել» «Վերջի բոլշեւիկը»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը