Մեկնաբանություն

18.03.2014 00:05


«ԳեոպոլիԾիկոսության» ռահվիրաները

«ԳեոպոլիԾիկոսության» ռահվիրաները

Նույն «գեպոլիԾիկոսները» նույն լրատվմիջոցում երեք օրվա տարբերությամբ լրիվ հակառակ բաներն են գրում։ Ընդ որում՝ երկու դեպքում էլ հանդես գալով որպես վերջին ատյանի ճշմարտություն ներկայացնողներ ու միջազգային գործերի հմուտ գիտակներ։

«Արևմուտքը Ռուսաստանին թույլ չի տա Ղրիմն անջատել Ուկրաինայից»,– գրում էին «գեոպոլիԾիկոսները» մի քանի օր առաջ՝ հիմնավորելով, որ Ղրիմում ռուսական «դվիժենիաները» շուտով կավարտվեն։

«Ակնհայտ է, որ Արեւմուտքի համար Ղրիմն Ուկրաինա վերադարձնելու խնդիր չկա էլ: Ինչպես վերադարձնել մի բան, որը չի էլ հեռացել, այլ հեռու է եղել միշտ»,– Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեից հետո իրենց գնահատականներն են ներկայացնում դեռ երեկ Ղրիմի թասիբն արևմտյան ուժերի միջոցով պաշտպանողները։

Լավ, ի՞նչ դնես սրանց անունը։ Ախր «գեոպոլիԾիկոսությունն» էլ չափ ու սահման պետք է ունենա։ Պարզվում է, որ չունի։

Ինչպե՞ս կարելի է մինչև նախորդ տարվա սեպտեմբերի 3–ը բոցաշունչ հոդվածներ գրել այն մասին, որ Սերժ Սարգսյանը, ի տարբերություն ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի ու մյուսների, առաջադեմ է, քանզի ուզում է ԵՄ–ի հետ ասոցացվել և հետո նույն ոճով հոդվածներ գրել նաև սեպտեմբերի 3–ին հաջորդող ժամանակահատվածում։ Եվ դա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը Զորի Գայկովիչի ձեռքը բռնած սուրում է դեպի Գյուլիստան։

Մինչև ՄՄ մտնելու մասին որոշում կայացնելը սրանք գրում էին, թե Սերժ Սարգսյանը գնում է Մոսկվա ապահարզանի համար ու շուտով դուրս է գալու ՀԱՊԿ–ից ու թափով մտնի ՆԱՏՕ։ Դեռ գրածների թանաքը չցորացած՝ ՀՀԿ ղեկավարը սարսափահար տեսքով հայտարարեց Կրեմլի «պադվալ» մտնելու մասին։ Ի՞նչ եք կարծում, խարակիրի՞ արեցին «ապահարզանի» մասին պնդումներ անողները, սկսեցի՞ն պայքարել Սերժ Սարգսյանի դեմ։ Իհա՛րկե, ոչ։ Նրանք հիմա պահանջում են Պուտինի հրաժարականը, քանզի այդպես ավելի «գլոբալ» է և ապահով։

Կամ ո՞ր ախմախի մտքով է անցնում ծպտուն հանել այն բանից հետո, երբ Ուկրաինային Արևմուտքն անվտանգության հարցում որևէ օգնություն չցուցաբերեց։ Չէ՞ որ ոմանք փրփուրը բերաններին պնդում էին, թե ՆԱՏՕ–ի նավերը կբարձրանան հայկական լեռները, միայն թե շուտափույթ կերպով դուրս գանք ՀԱՊԿ–ից և ասոցացվենք ԵՄ–ի հետ։ Բա ո՞ւր են արևմտյան «կովբոյները», ինչու՞ չեն տեր կանգնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Թե՞ սոցիալական ցանցերում արևմտյան չինովնիկների թողած գրառումները արդեն հուժկու օգնություն են Ուկրաինային, մանավանդ եթե դրանք ահագին «like» են հավաքում («share»–երը չհաշված)։

Ուշագրավն այն է, որ մի քանի օրվա տարբերությամբ իրենք իրենց հերքողներն ու իրենք իրենց սխալ հանողները չեն էլ մտածում «գեոպոլիԾիկոսությունը» թարգելու և այլ գործով զբաղվելու մասին։ Սրանք մեր օրերի «մաքինդեռներն» են, մեկ օրվա քննություն չբռնող կանխատեսում անողները, տեղեկատվական դաշտի «սամուրայներն» ու վերջապես՝ «Վերջի բոլշևիկի» վերջին օրերի «սրբերը»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը