Լրահոս

18.03.2014 12:45


«Էդիկ ջան, թափդ չհերիքե՞ց Աղվան Վարդանյանին պատասխանել»

«Էդիկ ջան, թափդ չհերիքե՞ց Աղվան Վարդանյանին պատասխանել»

Բա եղա՞վ, Էդի´կ

Խորհրդարանի ոչ իշխանական ուժերը, չնայած բազում տարարաձայնություններին, այնուամենայնիվ, ինչպես երեւում է՝ այժմ համատեղ գործելու միջոցով փորձում են թելադրել քաղաքական միասնական օրակարգ եւ հասնել երկրում արմատական փոփոխությունների: Թող որ դա լինի առայժմ կառավարության փոփոխություն. կարեւոր չէ: Կարեւոր է, որ կա հարց, որը միավորում է նրանց, եւ ընդդիմադիր հանրությունը ունի բողոքն արտահայտելու տարբերակ եւ կարծում եմ՝ ոգեւորվել է հնարավոր միասնությունից:
Այս ուժերի առաջին հանդիպումից ի վեր հայտնի էր, որ այնուամենայնիվ, լինելու են քաղաքական կամ լրագրողական ֆիգուրներ, ովքեր «հոնորար ստանալու» մղումով՝ փորձելու են մրոտել ամեն բան: Բայց ո՞վ իմանար, որ հենց ընդդիմադիր դաշտի, ավելին, 4-ի ֆորմատով բանակցություններին մասնակցող ուժի ներկայացուցիչներ կլինեն դրանք, թող որ ոչ ակտիվ եւ ոչ կարկառուն:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե՝ արդյոք չի՞ խանգարում չորս քաղաքական ուժերի համագործակցությանը ԲՀԿ-ի՝ իրեն ընդդիմություն չկոչելու հանգամանքը, նշում է, թե ԲՀԿ-ն վերջերս, 4-ի համագործակցության ամբողջ ընթացքում ներակայանում է ընդդիմադիր դիրքերից. «Ես ԲՀԿ վարքը գնահատում եմ որպես ընդդիմադիր ուժի»:
Այս խոսքերը ոմն լրագրողի ստիպել են լավաշ հոդվածներ գրել (եթե, իհարկե, սեփական ցանկությամբ է դա արել)` ԲՀԿ-ի ընդդիմադիր լինել–չլինելու եւ Ռուբեն Հակոբյանի՝ «հակաքաղաքագիտական» արտահայտությունների մասին:
«Ռուբիկ Հակոբյան, դու էդ բանը պիտի չասեիր: Ո՞նց թե ԲՀԿ-ն այս պահին ընդդիմադիր է» շարքից: «Հրապարակ»-ի հոդվածագիրը սկսում է հումորել, իբրեւ զանգահարում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, նա էլ հայհոյում է, թե ինչպես կարող է ինքը ընդդիմադիր լինել: Ու ստացվում է, որ, ըստ Էդիկ Անդրեասյանի՝ Ծառուկյանը ոչնչություն է համարում այն մարդկանց, ովքեր իրեն համարում են ընդդիամդիր: Հավանաբար, տեղյակ չէ, որ ԲՀԿ-ի վարքը այս պահին ընդդիմադիր են բնութագրում նաեւ իր կուսակցական առնվազն երկու պատասխանատու գործիչ:
Անկախ ամենից, անշնորհակալ գործ է դեռ չսկսած, նոր սաղմ տվող գաղափարն ու միավորումը չարախնդման եղանակով կսմթելը: Բնավ այնպես չէ, թե էդիկ Անդրեասյանն ունի 4-ի գործին վնասելու կարողություն: Սակայն բանն այն է, որ մեկ անզգույշ խոսքը, մեկ անզգույշ նյութը, այն էլ այս պահին, երբ անչափ կարեւոր գործընթացներ են գնում, ավելորդ է: Համոզված եմ, որ բոլոր նրանք, ովքեր այս պահին փորձում են կասկածի տակ առնել այս համագործակցության արդյունավետությունը, անուղղակիորեն, իսկ այս դեպքում՝ ուղղակիորեն փորձում են իրենց չափով խոչընդոտել համագործակցության կայացումը, ինչը իշխանությունների անթաքույց ցանկությունն է: Չեմ կասկածում ասվածը հասկանալու Էդիկի ընդունակությունների վրա:
«Չնայած, որ իշխանությունը ոչ իշխանական ուժերի համագործակցությանը բավականին լոյալ է վերաբերվում, սակայն գործնականում ամեն ինչ անում է, որ խոչընդոտի ոչ իշխանական այս չորս ուժերի համագործակցությանը»: Այս միտքը եւս Էդիկին վրդովվեցրել է. «Կարո՞ղ եք նշել որեւէ գործնական քայլ, որ այս իշխանությունը կիրառած լինի «հրաշալի քառյակի» գործունեությունը խոչընդոտելու ուղղությամբ: Հուսամ` ՀՀԿ-ի ֆեյսբուքյան ասերի եւ ֆեյքերի ելույթները գործնական քայլեր չեք համարում, չէ՞»:
Դու, Էդիկ, որ այդ ֆեյքերի եւ երիտհանրապետականների մեկնաբանություններին հաճախ ես լավաշ հոդվածներով պատասխանում, իրո՞ք չես տեսնում, թե ինչպես իշխանությունը ջանք չի խնայում խոչընդոտելու նոր, լուրջ քաղաքական հեռանկար ունեցող շարժման ձեւավորումը` հատկապես նշածդ որակների միջոցով: Չէ՞ որ «արդուկն էլ միացնում ես» հանրապետական ահել-ջահել գործիչներն են փնովում 4 ուժերի գործունեությունը:
Երբ որեւէ գործչի հրապարակային խոսքին ես անդրադառնում, ապա չափազանց կարեւոր է ուշադրությունը ասված խոսքի տոնայնության, միմիկայի նկատմամբ: Ասուլիսում, երբ հարցնում են, թե՝ պարոն Հակոբյան, եթե իշխանությունը ցանկանա մասնակցել 4-ի ձեւաչափին, ինչպե՞ս կվերաբերվեք: Ռուբեն Հակոբյանը պատասխանում է` եթե իշխանությունը քաղաքական կամք ունենա եւ առանց իմիտացիաների փորձի անկեղծորեն միանալ քառյակին եւ միասնաբար այդ արմատական փոփոխություններն իրականացնել, ապա, իհարկե, իրենք դեմ չեն լինի: Բայց սա անհավանական տարբերակ է համարում:
Էդիկը անդրադառնում է Ռուբեն Հակոբյանին` գրելով. «Հետաքրքիր է` այդ ո՞ւմ կուզեր տեսնել իշխանությունից` որպես հինգերորդ կողմ» ու շարունակում է զոռ տալ ուղեղի հումորային բեւեռին: Էդիկ ջան, մի քանի րոպե անց նույն հարցին նույն կերպ պատասխանել էր կուսակցական ընկերդ: Թափդ չհերիքե՞ց Աղվան Վարդանյանին պատասխանել: Ինքդ էլ ես հասկանում, որ նույն բանն են ասում:
Ասեմ նաեւ, որ եթե նյութիդ մեջ Ռուբեն Հակոբյանի փոխարեն գրեիր 4-ի ֆորմատով մյուս ուժերի դերակատար ներկայացուցիչների անուն ազգանունը, դրանից ոչինչ չէր փոխվելու: Այս պահին նրանք բոլորն էլ նույն բանն են ասում:

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը