Մեկնաբանություն

18.03.2014 16:30


ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը» ճշգրտեցին ժամացույցները

ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը» ճշգրտեցին ժամացույցները

Ինչպես հայտնի է, ԲՀԿ–ն հանդիպումների շարք էր նախաձեռնել ԱԺ ընդդիմադիր կուսակցությունների հետ։ Տեղի ունեցավ, այսպես ասած, ժամացույցների ճշգրտման գործընթաց։

Հաշվի առնելով այն մեսիջները, որոնք փոխանցեցին այդ չորս ուժերը, կարող ենք ասել, որ ռազմավարական հարցերում մոտեցումների ընդհանրությունն ակնհայտ է, ինչպես որ ակնհայտ են մարտավարական հարցերում տարբերությունները։

Ընդհանրությունն այն է, որ չորս ուժերն էլ գտնում են, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը պետք է արմատապես փոփոխության ենթարկվի, որ պետք է այլընտրանքային ծրագիր ու թիմ ներկայացնել հանրությանն ու ձևավորել նոր իշխանություն, և որ պետք է այդ ամենին հասնել առանց ցնցումների։

Բոլորն էլ ընդունում են, որ առանց իշխանափոխության՝ հնարավոր չէ կանգնեցնել երկրի գահավիժումը։ Տեսանելի է, սակայն, այդ ուժերի կողմից իշխանափոխության հասնելու սցենարային տարբերությունը։

ՀԱԿ–ը, որպես տիտղոսային ընդդիմություն, գտնում է, որ անհրաժեշտ են արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ։ Սա իշխանափոխության փաթեթային տարբերակն է։ Թե որքանով է այն հնարավոր այս պահին, առանձին քննարկման թեմա է։

Իշխանափոխության փաթեթային տարբերակին կողմ է նաև «ժառանգությունը»։ Այդ մասին խոսել են ինչպես «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, այնպես էլ այդ կուսակցության որոշիչ հատվածը։

ԲՀԿ–ում գտնում են, որ իշխանափոխության, այն էլ՝ առանց ցնցումների, հնարավոր է հասնել փուլային տարբերակով, ինչը ենթադրում է նախ իշխանության կիսում ազգային համաձայնության կամ անցումային կառավարության ձևավորման տեսքով, ապա նոր միայն հետագա քայլերի իրականացում։ Ասել է թե՝ այս ապաշնորհ կառավարության հեռացումը և նոր կառավարության ձևավորումը ԲՀԿ–ի համար հանգրվանային լուծում է, ոչ թե վերջնանպատակ (ինչպես որ ներկայացնում են Սերժ Սարգսյանի ժողգործիքները)։

Հայ հեղափոխական դաշնակցության առաջարկները և հանրությանը հղվող մեսիջները մարտավարության առումով կարելի է տեղավորել փուլափաթեթային մոդելի մեջ։

Ուշադրությու՛ն դարձրեք. հանդիպումներից հետո մասնակիցները որևէ կերպ չեն անդրադառնում վարչապետ Տիգրան Սարգսյանի թեմային, քանզի այդ անձի հարցը տեխնիկական բնույթի է։ Մինչդեռ փորձ է արվում հայտնի շրջանակների միջոցով տարածել, թե, իբր, ԲՀԿ–ն վարչապետի հարց է քննարկում երեք ուժերի հետ։

Վարչապետը «խփված քարտ» է, և նրա թեման կառավարության փոփոխության փաթեթի մի փոքրիկ մասն է։ «Գեբելսյան» քարոզչամեքենան փորձում է Տիգրանի մակարդակի իջեցնել չորսի ֆորմատում տեղի ունեցող քննարկումների բովանդակությունը, բայց դա էժանագին «տրյուկ» է, որը թիթեռնիկի կյանք ունի։

Չորսի ֆորմատում, մեծ հաշվով, դրված է Սերժ Սարգսյանի ու համակարգային փոփոխությունների հարցը։ Պարզապես կան ուժեր, որոնք առաջարկում են կոշտ մեթոդներ, իսկ կան ուժեր, որոնք առաջարկում են համեմատաբար փափուկ մեթոդներ։ Ու շահարկել, թե ԲՀԿ–ն Սերժի հրաժարականը չի պահանջում, պարզապես ծիծաղելի է։

Փաստորեն, Սերժ Սարգսյանը մի կողմից կուլիսային մեսիջներ է ուղարկում Ծառուկյանին՝ աղաչելով ու պաղատելով հանկարծ Յանուկովիչի օրը չգցել իրեն ու խոստանալով առանց ցնցումների հանձնել իշխանությունը, բայց մյուս կողմից քսի է տալիս իր ժողգործիքներին՝ մեղադրելով Գագիկ Ծառուկյանին իր հրաժարականը չպահանջելու մեջ։ Անհարմար բան է ստացվում, բայց սա է իրականությունը։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ Սերժի վերջին «մուտիլովկան» ԲՀԿ–ի դեմ այն է, որ նա Ծառուկյանին մեղադրում է հեղափոխական ճանապարհով իրեն չհեռացնելու համար։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ողորմելի վիճակում է հայտնվել ՀՀԿ ղեկավարը, որ իր ժողգործիքներին հանձնարարել է իրեն ներկայացնել որպես Հայաստանի թիվ մեկ չարիք, որպեսզի կարողանա մեղադրանքներ ներկայացնել այդ չարիքին փուլային տարբերակով և առանց ցնցումների հեռացնելու ցանկություն ունեցող ԲՀԿ–ի դեմ։ Այլ կերպ ասած՝ Սերժը հիմա համացանցում հակասերժական «միտինգներ» է անում։ Ինչևէ։

Հարկ է նկատել, որ չորս ուժերը պայմանավորվել են առաջ գնալ ընդհանրությունները հիմք ընդունելով, այլ ոչ թե մոտեցումների տարբերությունը խորացնելով։ Իսկ դա նշանակում է, որ շուտով օրակարգում կհայտնվի գործող կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։

Զուգահեռաբար «ռասկաչկա» է սկսվելու նաև փողոցում։ Եթե Սերժ Սարգսյանն իրեն պահեց Յանուկովիչի պես ու զիջումների չգնաց կամ զիջումներն արեց ուշացումով, ապա հետագայում կզրկվի նաև «արևմտամետության» առումով ուկրաինացի իր կոլեգայի բախտին արժանանալուց՝ Դոնի Ռոստովում ասուլիս տալու հնարավորությունից։ Բայց այդ դեպքում արդեն պետք է միայն իրեն մեղադրի, քանզի ԲՀԿ–ն առաջարկում է «պո խառոշեմու»։

Սերժի դիմադրությունը կբերի այն բանին, որ գործի կանցնեն «զլոյ սլեդովատել»–ները, և նրա բանը բուրդ կլինի։ Չեն փրկի անգամ ցողունային բջիջները։

Ինչ վերաբերում է չորսի ֆորմատի դեմ առավոտից երեկո խոսողներին, ապա այդպիսով նրանք, կամա թե ակամա, դառնում են Սերժ Սարգսյանի պաշտպանները։ Ու արդեն կապ չունի, թե նրանք դա անում են որպես հաստիքային «դհո՞լ», թե՞ արտահաստիքային «ազնիվ քյարփինջ»։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Բացահայտված ու ժամկետանց հաճախորդներից բացի՝ Բաղրամյան 26–ը դաշտ է նետել նաև ֆորմալ առումով «հրաշալի քառյակը» ներկայացնող կուսակցությունների առանձին անդամների, որոնք դեմ են արտահայտվում ԲՀԿ–ի հետ համագործակցությանը կամ կառավարության հրաժարականի պահանջին։ Ասել է թե՝ պայթեցվում են ականների նոր խմբաքանակներ։

Նկատելի է, որ իշխանությունները հատկապես ծանր են տանում «Ժառանգության» փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանի պահվածքը։ Քանզի նա ակտիվորեն քարոզում է կոնսոլիդացիայի ու փոփոխությունների օգտին և մերանի դեր կատարում չորսի ֆորմատում։ Բաղրամյան 26–ը նրա ու նրա քարոզած կոդի դեմ է հանել ձևով ժառանգական, բայց բովանդակությամբ երիտօլիգարխական շրջանակներին, ինչպես նաև ձևով դաշնակցական, բայց բովանդակությամբ իշխանամետ թերթ աշխատացնող կնանիքի ենթակա լրագրողին։

Ժանրի կանոնների համաձայն՝ դրանք ավելի արմատական հռետորաբանություն են կիրառում և բոցաշունչ հեղափոխական ելույթներ ունենում։ Բայց դա հին ու «պայթած» մեթոդ է։

Հնարավոր չէ նախագահականի երիտբրիգադի տակ «արևմտամետ քաղաքացիական» կեցվածք ընդունել, Սերժին թողած՝ Պուտինի հրաժարականը պահանջել կամ Արմեն Աշոտյանի տակ աշխատել՝ միաժամանակ պահանջելով ամբողջական իշխանափոխություն։ Այդ պահանջից առաջ նախ պետք է բարի լինել ու ՀՀԿ–ականի ղեկավարած պետական հիմնարկից դուրս գալ, ապա նոր միայն բոցաշունչ ելույթներ ունենալ և «1in.am»–երի էժանագին կոդերով քննադատել չորսի համագործակցությունն ու «մուտիտներ» անել Ռոբերտ Քոչարյանի թեմայով։

Այս խորագրի վերջին նյութերը