Լրահոս

19.03.2014 15:37


Ռ. Սաֆրաստյան.«Լուրջ որոշումներ պետք է ընդունվեն Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում»

Ռ. Սաֆրաստյան.«Լուրջ որոշումներ պետք է ընդունվեն Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում»

Այսօրվա ասուլիսին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից՝ Հայաստանը դիտարկելով այդ զարգացումների համատեքստում։

Սաֆրաստյանը նշել է, որ վերջին օրերին ականատես ենք լինում մի իրադարձության, որի նշանակությունը կզգացվի դեռ շատ երկար. «Այս նոր աշխարհակարգը, ըստ էության, գալիս է փոխարինելու այն աշխարհակարգը, որ ստեղծվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Մենք պետք է, որպես պետություն, այս նոր աշխարհակարգում կողմնորոշվենք և գտնենք մեր դերն ու տեղը՝ հաշվի առնելով ստեղծվող աշխարհակարգի առանձնահատկությունները»։

Բանախոսը պարզաբանել է, որ նոր աշխարհակարգ ասելով՝ հասկանում է Երկրորդ համաշխարհայինից հետո Յալտայի, Պոտսդամի վեհաժողովների որոշումները, որոնք, ըստ էության, հասան իրենց ավարտին։

«Իմ ընկալմամբ՝ այս նոր աշխարհակարգում Ռուսաստանի դերը կլինի ավելի մեծ, քան մենք տեսանք վերջին երկու տասնամյակների ընթացքում»,–ասել է Սաֆրաստյանը։ Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա ելույթին՝ նվիրված Ղրիմի և Սևաստոպոլի՝ որպես Դաշնության սուբյեկտներ ՌԴ կազմ մտնելուն, արևելագետն ասել է. «Առաջինը՝ այդ ելույթն ուներ ներքին քաղաքական նշանակություն. ելույթն իսկապես ուժեղ էր։ Ռուսաստանին անհրաժեշտ էր նման ելույթ։ Այն տասնամյակները, նամանավանդ՝ 90-ականները, երբ Ռուսաստանն իրեն զգում էր թուլացած, և որ իր հետ չեն վարվում իր անցյալին համապատասխան... Սա կարևոր էր ներքին քաղաքական առումով առաջին հերթին։ Այսինքն, բնակչությանը համախմբել Ռուսաստանի հզորության վերականգնման գաղափարի շուրջ»։

Հարցին՝ Ուկրաինայի ու նոր աշխարհակարգի ձևավորումն ինչպես կազդի Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության վրա, բանախոսը հիշեցրել է. «Այդ հարցը ես սկզբում դրեցի. նոր աշխարհակարգի ստեղծումն անկախ մեզանից է տեղի ունենում։ Եվ մենք պետք է կարողանանք հասկանալ, թե նա ի՞նչ տեսք է ընդունելու, և կարողանանք մեր տեղը որոշել... շատ լուրջ որոշումներ պետք է ընդունվեն Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում»,–ասել է բանախոսը՝ հավելելով, որ դա շատ դժվար հարց է, և ներկա պահին ինքը չի կարող պատասխանել, քանզի զարգացումներն ընթացքի մեջ են։

Ղրիմի ինքնորոշման հետ կապված և Արցախի հետ զուգահեռներ տանելու հարցին պատմաբանը պատասխանել է. «Ես կողմնակից եմ այն տեսակին, որ ամեն նման դեպք ունի իր առանձնահատկությունը։ Ընդհանուր առմամբ, իհարկե, եթե արձանագրվում է ինքնորոշման որևիցե դեպք, և դա հաջողությամբ է ավարտվում, նշանակում է՝ ազգերի ինքնորոշման իրավունքն ավելի հաստատակամ է ընդունվում տվյալ պահին, բայց նորից եմ կրկնում՝ ամեն մի հակամարտություն ունի իր առանձնահատկությունը»։

Արևելագետը նշել է, որ կարևոր են հետևյալ հանգամանքները Ղրիմի ինքնորոշման հետ կապված՝ Հայաստանի ու Արցախի դիրքորոշումները կառուցելու հարցում։ Առաջինն, ըստ նրա, այն է, որ ամեն մի ինքնորոշման դեպք կարևոր է հենց Հայաստանի համար.

«Երկրորդ՝ պետք է հաշվի առնել, որ այս հակամարտությունում ներգրավված են ոչ միայն Ուկրաինան, այլ աշխարհի մի շարք կարևոր, հզոր երկրներ։ Այս առումով դա շատ կարևոր համամոլորակային երևույթ է դառնում, որտեղ մեր մասնակցությունը, իմ կարծիքով, պետք է սահմանափակվի այնքանով, որ մենք ունենք հայ ազգաբնակչություն Ուկրաինայում, մենք ունենք հայ ազգաբնակչություն Ղրիմում... մենք պետք է առաջին հերթին մտածենք մեր հայրենակիցների անվտանգության մասին, – ասել է նա՝ հավելելով,–դա մեր սուրբ պատքն է»։

Երկրորդ հանգամանքը, ըստ բանախոսի, այն է, որ Հայաստանը, գտնվելով բավականին վտանգավոր տարածաշրջանում, պետք է շահագրգռված լինի, որ բոլոր հակամարտությունները, այդ թվում՝ Ուկրաինայի, հնարավոր չափով ընթանան խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Չորրոդ հանգամանքը Սաֆրաստյանը նշել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա դաշնակցային հարաբերությունները, որը նույնպես պետք է ազդի մեր դիրքորոշման վրա։

Խոսելով Իրանի և «վեցնյակի» համագործակցության մասին՝ Սաֆրաստյանը նշել է, որ մենք ականատես ենք լինում տարածաշրջանային նշանակության գործընթացի՝ վերադարձնել Իրանը համաշխարհային տնտեսություն։ Դրան են ուղղված Արևմուտքի փորձերը՝ շփման եզրեր գտնել Իրանի հետ՝ վերադարձնելով Իրանի գազը, նավթը և Իրանը՝ որպես տնտեսական միավոր, համաշխարհային շուկա։ Առկա գործընթացը բանախոսը դրական է գնահատել նաև մեր երկրի տեսակետից. «Դա կնշանակի, որ Իրանի վրայից կամաց–կամաց կհանվեն սահմանափակումները, նրա առևտուրը աշխարհի հետ կզարգանա, և Հայաստանն այս դեպքում կարող է և՛ տնտեսական օգուտներ ունենալ, և՛ քաղաքական»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը