Լրահոս

19.03.2014 16:42


Շտապ օգնությունում կստեղծվեն մանկաբուժական բրիգադներ

Շտապ օգնությունում կստեղծվեն մանկաբուժական բրիգադներ

ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր կայացած ասուլիսի ժամանակ ներկայացվեցին շտապ օգնության ծառայության արդիականացման ծրագրի ներդրման արդյունքները և առաջիկա անելիքները։ Մի քանի օր առաջ այդ հարցը քննարկվեց ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայում։

Ներկայացվեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ «Շտապ բժշկական օգնության արդիականացման ծրագրի» գործարկումը նախատեսվել էր 2010, իսկ ավարտը` 2014 թվականին:

Ծրագրի արդյունավետության գնահատման նպատակով իրականացվել է շտապ բժշկական օգնության ծառայության կազմակերպման և տրամադրման ներկա իրավիճակի վերլուծություն` դաշտը կարգավորող նորմատիվային փաստաթղթերի առկայության, որակի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների, ինչպես նաև ծառայության ֆինանսավորման մակարդակի և մեթոդների վերաբերյալ:

Մշակվել և 2013թ. ՀՀ առողջապահության նախարարի N 39-Ն հրամանով հաստատվել է «Բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության տրամադրման» նոր չափորոշիչը։ Նաև մշակվել են էլեկտրոնային կանչի թերթիկը, լրացման կարգը, խորհրդատվական թերթիկը, հաշվետվական ձևերը, լրամշակվել են ուղեկցող, ինչպես նաև սանավիայի թերթիկները: Տարբեր ծրագրերով ձեռք բերված շտապօգնության 94 մեքենայից 59-ը տրամադրվել է մարզերին, իսկ 35–ը` Երևանին: Աշխատանքներ են տարվում մեքենաների դեռևս գոյություն ունեցող պակասը լրացնելու ուղղությամբ:

Ծառայությունում ընդգրկված բոլոր մասնագետները (բժիշկներ, բուժքույրեր, վարորդներ) վերապատրաստվել են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված կրթական նոր ծրագրերով։ Վերապատրաստման դասընթացներ են իրականացվել նաև շտապօգնություն տրամադրող բոլոր բուժհաստատությունների անձնակազմի համար։ Փոփոխություն է կատարվել վերակենդանացման կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրում` վերջին տարվա կլինիկական օրդինատորներին շտապօգնության ծառայությունում ընդգրկելու նպատակով:

2013թ. մշակվել է շտապօգնության ծառայության ըստ կատարողականի որակի գնահատման 80 ցուցանիշ, որից 17–ը կներառվի շտապօգնության վերլուծական համակարգում գործարկման առաջին տարվա ընթացքում: Շտապօգնության կողմից իրականացվող բուժօգնության որակի վերահսկման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների կողմից մշակվել ու ներդրվել են կյանքին վտանգ սպառնացող` որոշակի հիվանդությունների և սուր վիճակների ժամանակ, անհետաձգելի օգնության կազմակերպման ախտորոշիչ և բուժական միջամտությունների 16 գործելակարգեր և ուղեցույցներ:

Ծրագրի գնահատման համար իրականացվել է ծառայություններից օգտվելու և մատչելիության ցուցանիշների, հանրային իրազեկման ելակետային և վերջնական տվյալների համեմատություն։ Արձանագրվել է շտապ օգնության կանչերի թվի զգալի աճ` Երևանում 2012 թվականի համեմատությամբ 2013-ին կանչերն աճել են 23 000-ով:

Աճի միտումը մասամբ բացատրվում է առավել որակյալ և արդյունավետ աշխատանքով։ Դրա օբյեկտիվ պատճառներից է նաև շտապ օգնություն-պոլիկլինիկա փոխգործակցության արդյունավետության պակասը: «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» ուղղակի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվել են հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, ստեղծվել է շտապ օգնության www.1-03.am կայքը:

Ծառայությունում ներդրված GPS վերահսկման համակարգի շնորհիվ առցանց ռեժիմում հնարավոր է ստանալ տեղեկատվություն շտապօգնության մեքենաների գտնվելու վայրի և շարժի մասին:

Այժմ աշխատանքներ են տարվում Շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգ ներդնելու ուղղությամբ։ Այն զգալիորեն կբարձրացնի ՇՕ ծառայության արդյունավետությունը: Ծրագրային մոդուլների միջոցով կապահովվի տեղեկատվության արագ փոխանցում, էլեկտրոնային թերթիկի փոխանցման միջոցով կանչն ընդունող դիսպետչերի և բրիգադի միջև անմիջական կապի ստեղծմանը։ Միաժամանակ կստեղծվի տվյալների կենտրոնացված բազա, կներդրվի մշտադիտարկման մեխանիզմ։ Համակարգի գործարկման շնորհիվ հնարավորություն կընձեռնվի ցանկացած ժամանակային հատվածի համար ստանալ անհրաժեշտ հաշվետվություն կամ տվյալ:

Այս խորագրի վերջին նյութերը