Մեկնաբանություն

20.03.2014 19:10


Ճիշտ ճանապարհի ընտրությունը

Ճիշտ ճանապարհի ընտրությունը

Սերժ Սարգսյանի վարչապետը՝ Տիգրան Սարգսյանը, մեղմ ասած, ուշացումով, բայց իր համար՝ ճիշտ պահին, որոշեց երկխոսության առաջարկ անել «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին:

Այս քայլը ևս մեկ անգամ մատնում է, որ ռեժիմը խուճապի մեջ է և փորձում է ինչ-որ կերպ ներգործել ընթացող հասարակական-քաղաքական գործընթացների վրա:

Տիգրան Սարգսյանը ուղերձ է հղում ակտիվիստներին, որով, ըստ էության, պատրաստակամություն է հայտնում գնալ որոշակի զիջումների (օրինակ՝ ավելի քիչ թալանել)` ակնարկելով, որ դրա համար ակտիվ քաղաքացիներն իրենց պետք է «ճիշտ պահեն»:

Իսկ դա ենթադրում է մեկ բան՝ հարցն ապաքաղաքակացնել։

«Հասկանալի է, որ տարբեր քաղաքական ուժեր փորձում են օգտագործել այն, շահագործել, բայց այն, որ երիտասարդները զերծ են մնում խնդիրների քաղաքականացումից, նույնպես վկայում է այն մասին, որ այս երկխոսությունը կարևոր է մեր պետության ապագայի համար»,- ասում է Տիգրան Սարգսյանը:

Սա Սերժ Սարգսյանի՝ վաղուց հայտնի գործելաոճն է՝ ներկայանալ որպես ապաքաղաքական, բարի անձնավորություն, ով կարծես ոչ թե կեղծված ընտրությունների միջոցով է հայտնվել Բաղրամյան 26-ում, այլ երկնային հրաշքով, ապա վախեցնել «չար» ու «վտանգավոր» քաղաքականությամբ և տարբեր «մոգություններով» զբաղվող քաղաքական ուժերով:

Ահա, մենք հերթական անգամ ականատես ենք լինում մսուր-մանկապարտեզի երեխաների համար նախատեսված իշխանական հեքիաթի, որը կարող է ստուգատես լինել «Դեմ եմ»-ի համար։ Կկարողանա՞ն նրանք մնալ սկզբունքային դիրքերում, թե՞ հավատալով բարի հեքիաթին՝ կամա թե ակամա կմտնեն ռեժիմի վերահսկողության տակ: Սա կպարզվի մոտ ապագայում:

Ինչպես և սպասվում էր, Տիգրան Սարգսյանի՝ «ապաքաղաքականացե՛ք, երիտասարդներ» կոչից հետո համացանցում ակտիվացան որոշ՝ վաղուց արդեն իրենց մատնած հաստիքային «հեղափոխականներ»՝ լծվելով «չար քաղաքականությանը» և «չար քաղաքական ուժերին» քլնգելու գործին:

Սակայն որքան էլ Սերժ Սարգսյանը և նրա վարչապետը հեքիաթներ հյուսեն բարու և չարի մասին, դրանով չեն կարողանա դուրս պրծնել իրենց չսիրած քաղաքական զարգացումներին տակից։

Ու քանի որ Տիգրան Սարգսյանն իր «կառուցողական» ելույթում անդրադարձել էր «ճիշտ ճանապարհին»՝ ասելով՝ «Մենք հայտարարում ենք, որ ճիշտ ճանապարհը երկխոսության ճանապարհն է», հարկավոր է նրան հիշեցնել, որ ոչիշխանական քաղաքական ուժերը և հասարակությունը վաղուց ասել են, թե որն է այս աղետալի վիճակից դուրս գալու միակ ճիշտ ճանապարհը. դա իշխանությունից ձեր ինքնակամ հեռանալն է:

Այդ ճանապարհը բխում է թե՛ այսօրվա իշխանության, թե՛ հասարակության և թե՛ Հայաստանի Հանրապետության շահերից:

Տաթևիկ Պողպատյան

Այս խորագրի վերջին նյութերը