Մեկնաբանություն

21.03.2014 10:50


Չաշխատող երկիր

Չաշխատող երկիր

«Չեմ աշխատում, բայց ստանում եմ աշխատավարձ՝ 30 հազար դրամ»:

«Չեմ աշխատում, բայց ստանում եմ աշխատավարձ՝ 50 հազար դրամ»:

«Չեմ աշխատում, բայց ստանում եմ աշխատավարձ՝ 100 հազար դրամ»:

Առավոտից մինչեւ կեսգիշեր հեռուստաեթերում «Լոտո աշխատավարձի» գովազդն է, որում մարդիկ հպարտ, երջանիկ ու գոհ դեմքով հայտարարում են, թե չեն աշխատում, բայց մեկ տարի աշխատավարձ են ստանալու:

Այն, որ սրանով ակամա երկրում գործազրկության ծավալներն են գավազդվում՝ սա դեռ հեչ: Բայց որ նաեւ ակտիվորեն քարոզվում է չաշխատելով ապրելու-յոլա գնալու «կենսաձեւը»՝ ա՛յ սա իսկապես զարմանալի է: Սա մի երկիր է, որտեղ կարելի է չաշխատելով աշխատավարձ ստանալ: Սա միանգամայն նորմալ բան է, եթե մանավանդ, նկատի առնենք այն, որ աշխատատեղեր չկան կամ քիչ կան, իսկ նոր աշխատատեղեր ստեղծելու մտադրություն ու ցանկություն էլ չի նկատվում իշխանությունների մոտ:

Բայց այս գովազդն առավելապես «ասոցացվում» է իշխանությունների հետ:

Իսկ մի՞թե մեր իշխանություններն աշխատում են: Հետո ի՞նչ որ կառավարության անդամները չեն նկարահանվել այդ գովազդում: Բայց նրանց գործունեության արդյունքը տեսնում ենք, ինչից կարող ենք մի եզրահանգում անել՝ կառավարությունը չի աշխատում, բայց ստանում է աշխատավարձ:

Հենց այդպես, երկրի եւ կառավարության ղեկավարները, կառավարության ցանկացած անդամ, եւ ցանկացած մեծ ու փոքր տրամաչափի պաշտոնյա կարող է ասել.

«Չեմ աշխատում, բայց ստանում եմ աշխատավարձ՝ մեկ միլիոն դրամ»:

«Չեմ աշխատում, բայց թալանում եմ պետական բյուջեն»։

«Չեմ աշխատում, բայց ստանում եմ «ատկատներ»»։

«Չեմ աշխատում, բայց խժռում եմ վարկերը»։

«Չեմ աշխատում, բայց օֆշորներից եմ «աշխատավարձ» ստանում»։

«Չեմ աշխատում, բայց ստանում եմ կաշառքներ»։

«Չեմ աշխատում, բայց մասնակցում եմ միջազգային գագաթնաժողովներին»։

«Չեմ աշխատում, բայց գործուղումների եմ մեկնում աշխարհի ցանկացած երկիր»։

«Չեմ աշխատում, բայց ունեմ առանձնատներ ու բիզնեսներ, հարստություն»։

«Չեմ աշխատում, բայց պետական այցերով մեկնում եմ այս կամ այն երկիր»։

«Չեմ աշխատում, բայց եղբայրս փայ է մտնում. մեզ դա լիուլի բավարարում է»։

«Չեմ աշխատում, բայց երկիր եմ ղեկավարում»:

Այնպես, որ հեռուստաեթերի գովազդը լավագույնս է ներկայացնում մեր պետության իրական վիճակը, նրանում արտացոլված է մեր երկրի պատկերը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը