Մեկնաբանություն

21.03.2014 00:30


ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի «չոռն» ու «ցավը»

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի «չոռն» ու «ցավը»

Ջոն Հեֆերնը, ով ՀՀ–ում ԱՄՆ–ի դեսպանն է, իր ափսոսանքն է հայտնել Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեի վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշման կապակցությամբ:

«Ցավում եմ, որ Հայաստանը հայտարարությամբ հանդես եկավ Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ»,– հայտարարել է Հեֆերնը՝ թերևս նկատի ունենալով հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Սարգսյան–Պուտին հեռախոսազրույցի ժամանակ ՀՀԿ ղեկավարի հայտնած կարծիքը Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեի վերաբերյալ։

Ջոն Հեֆերնը Հայաստանի դիրքորոշման համար ցավ հայտնելուց առաջ պետք է հիշի, թե ինչպես էր ինքը «չոռ» ասում Հայաստանի հանրությանը։ Դա այն ժամանակ էր, երբ Սերժ Սարգսյանը ընտրակեղծիքի մեքենայի օգնությամբ տոկոս էր «խփում» համապետական նշանակության, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրություններում՝ մենաշնորհայնացնելով պետական կառավարման համակարգը։

Ընտրակեղծիքները տեղի էին ունենում ԱՄՆ դեսպանի և արևմտյան երկրների չինովնիկների ոգևորող ծափահարությունների ներքո։ Նրանց պետք էր, որ Հայաստանը դառնա «թնդանոթի միս» աշխարհաքաղաքական խաղում (ինչպես որ Վրաստանն ու Ուկրաինան դարձան, և Մոլդովան կդառնա)։ Խաղ, որի անունը դրվել էր «ԵՄ–ի հետ ասոցացում», սակայն իրականում հակառուսական բուֆերային գոտի ստեղծելու գործընթաց էր, որի արդյունքում ոտատակ էին ընկնելու ինչպես Ղարաբաղը, այնպես էլ Հայաստանը։ Բայց դա պրագմատիկ Արևմուտքին քիչ էր հետաքրքրում։ Նրանց հետաքրքրում էր (է) սեփական շահը։ Աշխարհի կարգն է այդպիսին և դրանից չի կարելի դժգոհել։

Հայաստանի շահը պետք է հետաքրքրի մեր իշխանությանը, որը կոչված է դրա համար։ Սակայն Սերժ Սարգսյանին փողից ու աթոռից բացի այլ բան չի հետաքրքրում։ Իր այդ հատկանիշներով նա պարզապես գտածո էր (է) Արևմուտքի համար (ոչ միայն Արևմուտքի, այլև ՌԴ–ի, Թուրքիայի և այլն), և ահա տեղի ունեցավ գործարք ՀՀ քաղաքացիների թիկունքում։

Արևմուտքը թփթփացնում էր Սերժի ուսերին ու նրան հռչակում առաջադեմ մտածողությամբ առաջնորդ ու խրախուսում ընտրակեղծիքները, իսկ Սերժն էլ իր հերթին համաձայնում էր արտաքին քաղաքականությունը դարձնել ղումարբազություն՝ խաղասեղանին դնելով ՀՀ և ԼՂՀ անվտանգությունը։ Սկզբում դա արվեց «ֆուտբոլային» դիվանագիտության տեսքով, որին հետագայում փոխարինեց «ասոցացումը»։

ՀՀԿ ղեկավարի «արևմտամետությունն» ավարտվեց Մաքսային միություն մտնելու նվաստացուցիչ որոշմամբ։

Եվ այսպես, Արևմուտքը «քցեց» հայ ժողովրդին, Սերժը «քցեց» Արևմուտքին, իսկ Պուտինը «փչացրեց» Արևմուտքին ու պատժեց Սերժին։ Արդյունքում՝ Հայաստանը հայտնվեց «Գազպրոմի» դուստր ձեռնարկության կարգավիճակում։ Ահա՛ ԵՄ–ի հետ ասոցացման գործընթացի արդյունքը։ Մնացած խոսակցությունները «լիրիկայի» ոլորտից են։

Չլիներ Սերժի արտաքին քաղաքական արկածախնդրությունը, չէր լինի Մաքսային միությունը։ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններն ասվածի վառ ապացույցն են. չլիներ Ուկրաինա–ԵՄ ասոցացման գործընթացը, չէր լինի Ղրիմի կորուստը և Ուկրաինան քաոսի մեջ չէր հայտնվի։ Սակայն, կրկնենք, որ այդ ամենի մեղավորը ոչ թե Արևմուտքն ու Ռուսաստանն են, այլ այն երկրները և դրանց հասարակությունները, որոնք չեն կարողանում նորմալ պետություն կառուցել և թույլ չտալ ժուլիկ–ղումարբազներին դառնալ պետության ղեկավար։

Վերադառնալով ՀՀ–ում ԱՄՆ–ի դեսպան Հեֆերնի հայտնած ափսոսանքի թեմային՝ նկատենք, որ առնվազն զարմանալի է, որ նա այսքանից հետո ցավ է հայտնում Ղրիմի հարցում Ս. Սարգսյանի ասածների կապակցությամբ։ Նա պետք է մեր երկրի ու ժողովրդի հանդեպ իր արածների համար ափսոսանք հայտնի, ինչպես նաև իր կոլեգաների հետ միասին ներողություն խնդրի ՀՀ քաղաքացիներից, որ Սերժի հետ գործարքի շրջանակներում առևտրի առարկա է դարձրել արևմտյան (համամարդկային) արժեքները և Սերժի հետ միասին Հայաստանը դարձրել ՌԴ–ի խամաճիկային կցորդ։

Պարզից էլ պարզ է, որ Ղրիմի հարցում ՀՀ–ն պետք է չեզոքություն պահեր, բայց «արևմտամետ» Սերժ Սարգսյանը հիմա «զադնի» դրած սլանում է դեպի Գյուլիստան։ Այնպես որ Հեֆերնի «ցավը» ուշացած է։ Նրա «ցավից» առաջ եղել է «չոռը», որը նա իր հետ պետք է տանի որպես ձախողված դիվանագետ։ Իսկ մեր երկրի «ցավն» ու «չոռը» ինքներս պետք է դուրս հանենք։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը