Լրահոս

21.03.2014 12:55


Մերի Մովսիսյան

Մերի Մովսիսյան

Ինչպես և խոստացել էինք, շարունակում ենք դիտարկել ՀՀ վարչապետի դերը ստանձնած և հետագայում երկու («Հարբեցող», «Պարտապան») լրացուցիչ դեր ձեռք բերած Տիգրան Սարգսյան քաղաքական դերակատարին։ Այս անգամ դիտարկելու ենք պարտապան Տիգրանի դերը։ Հիշեցնեմ, որ նրա դերն ինքնուրույն չէ, և կախված է գլխավոր դերակատարից՝ նախագահից։

Այսպես, Տիգրան Սարգսյանը, լինելով ժամանակին ՀՀ ԿԲ կառավարիչ ու տիրապետելով ֆինանսական աճպարարությունների, վարչապետի պաշտոնում չմոռացավ իր նախկին փեշակը։ Վարչապետության առաջին տարիներին Տիգրան Սարգսյանը երկրի քաղաքացիների գրպանի հաշվին կատարելագործեց իր մասնագիտական հմտությունները արժույթների բնագավառում։ Մասնավորապես, փողերի մեծ սիրահար Սարգսյանը «դոլար–դրամ» խաղերի արդյուքնում մեկ գիշերվա ընթացքում բնակչությանը զրկեց խնայողությունների 25 %–ից։ Դրանից հետո գնաց փոքր և միջին բիզնեսի «ջարդ», որը խթանեց երկրում տնտեսության անկումը։ Մյուս կողմից էլ համաշխարհային ճգնաժամը նպաստեց Տիգրան Սարգսյանի՝ պարտապանի դերի մեջ մտնելուն։ Տիգրան պարտապանի արկածները սկսվեցին այն օրից, երբ նա հայտարարեց, որ ճգնաժամը Հայաստանը շրջանցել է։ Սակայն ՀՀ քաղաքացիների ուրախությունը կարճ տևեց, քանզի ճգնաժամը ոչ միայն չէր շրջանցել, այլև նպաստել էր Ռուսաստանից կես միլիարդ կանաչներով վարկ վերցնելուն, որից հետո էլ մեր պարտապան Տիգրանը մասնագիտացավ պետական վարկեր վերցնելու «սուրբ» գործում։ Պարտապանի դերի մեջ մտած Տիգրանի յուրաքանչյուր կուլմինացիոն դերախաղ մեկ տարվա կտրվածքով արժենում էր Հայաստանին պետպարտքի ավելացման տարեկան գրեթե մեկ միլիարդով։ Մի կողմից տնտեսական աճի կտրուկ անկումը, մյուս կողմից՝ նորանոր վարկերը հանգեցրին երկրում տնտեսության փլուզմանը։ Դրա արդյունքում կրճատվեցին արտասահմանյան ներդրումները, երկրի համար կարևոր նշանակություն ունեցող այնպիսի օբյեկտներ, ինչպիսին «Նաիրիտ» կաուչուկի գործարանն է։ Ճիշտ է, որոշ ներդրումներ եղել են, սակայն դա էլ չի փրկել գործարանը, քանզի պարտապան Տիգրանի կառավարչական ունակությունների բացակայությունը չի նպաստել որևէ դրական արդյունքի։ Պարտապան Տիգրանն այնքան է տարվել իր խաղով, որ կատարելագործվել է պարտքը պարտքով փակելու գործում, որն, իհարկե, խաղից դուրս բավականին վտանգավոր միտումներ է կրում ոչ միայն տեղից փլուզված տնտեսության, այլև երկրի ինքնիշխանության համար։ Մի փոքրիկ առանձնահատկություն էլ կա. վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ողջ խաղի ընթացքում հասցրել է նաև սեփական տաղանդի շնորհիվ մականուն ձեռք բերել՝ Օֆշորի Տիկո։ Սա կարևոր պահ է Տիգրան Սարգսյանի դերախաղում, քանզի ամբողջացնում է նրա վաստակած հարբեցողի ու պարտապանի կերպարները։

Հիմա տեսնենք՝ ինչ վտանգներ է պարունակում պարտապանի հոգեկերտվածք ունեցող մարդը հասարակության և պետության համար։

Առաջին՝ պարտապանը շատ դեպքերում հաճույք է ստանում պարտք (վարկ) վերցնելուց. իրեն չի հետաքրքրում՝ ինչպես նա դրանք կօգտագործի (եթե դիտարկենք, օրինակ, Էրիխ Բյորնի վարկածը, ապա կտեսնենք, որ պարտապանը հիմնականում գնում է ինչ–որ նյութական իրեր կամ վատնում։ Ներդրումներ, որպես այդպիսիք, երբեք չի անում, քանզի դա իր մեջ ստեղծելու տարրեր է պարունակում, իսկ Տիգրան Սարգսյանի պես մարդիկ կամ ոչինչ չեն ստեղծում, կամ էլ ավերածություններ են բերում), խեղված հոգեբանություն ունեցող անհատին զուտ վերցնելու պահն է հաճույք պատճառում։

Երկրորդ՝ նա չի մտածում վերադարձնելու մասին, բայց երբ պարտատերը շատ է իրեն ստիպում ու դիմում է կոշտ միջոցների, նա շտապ հագնում է զոհի դիմակ՝ ցույց տալով, որ մի բան էլ պետք է ոչ թե հետ պահանջեն, այլ տան։ Քաղաքագիտության տեսանկյունից զոհի կարգավիճակն, այն էլ՝ պետության մակարդակով, լուրջ սպառնալիք է։ Եկեք չմոռանանք, որ «ուժն է ծնում իրավունք» հասկացությունն անգամ 21–րդ դարում շարունակում է արդիական մնալ։ Ուժ ասելով պետք է հասկանալ ոչ միայն ռազմականը, այլև տնտեսականն ու ֆինանսականը։

Երրորդ՝ փողի հետ կապված բոլոր խաղերը միշտ լուրջ հետևանքների են բերում։

Չորրորդ՝ Տիգրան Սարգսյանն, ի տարբերություն պարտատերի, լուրջ չի վերաբերվում մշտապես վարկեր վերցնելուն ու դրանց հետևանքներին։ Յուրաքանչյուր նոր վարկի ստացում նրան ուրախություն պատճառող հաղթանակ է թվում, իսկ ֆինանսական շրջանակներում այդպիսի պահվածքը և իրականության նման ընկալումը բոլորովին անթույլատրելի է։ Դա կարող է փաստել յուրաքանչյուր առաջատար երկրի ֆինանսիստ։

Եզրափակելով՝ նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարբեցողի ու պարտապանի դերերը քաղաքական առումով երկրին լուրջ մարտահրավերներ են նետել։ Դա կարող է ոչ միայն Սարգսյանին ոչ ձեռնտու զարգացումների բերել, այլ նաև կործանման տանել գերագույն արժեք հանդիսացող Հայաստան պետությունը։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը