Մեկնաբանություն

21.03.2014 17:30


Արամ Աբրահամյանի «և՛, ... և՛»–ը

Արամ Աբրահամյանի «և՛, ... և՛»–ը

«Առավոտ» օրաթերթի ու համանուն կայքի ղեկավար, ինչպես նաև երիտօլիգարխիայի տնօրինության տակ գործող մի քանի հեռուստաընկերություններում աշխատող Արամ Աբրահամյանը լրատվական դաշտի այն ներկայացուցիչներից է, ովքեր փորձում են քաղաքականապես հնարավորինս «չեզոք» պահել իրենց։

«Առավոտն» ու մյուս «անկախները» իշխանամետ քարոզչահամակարգի մաս են կազմում, բայց փոքր դոզայով են առաջ տանում Բաղրամյան 26–ի գիծը։

Զուտ տեխնոլոգիական առումով նմանատիպ մոտեցումը հասկանալի է։ Ի վերջո, ոչ բոլորի առաջ է խնդիր դրված «կացնային» մեթոդներ կիրառել ու դառնալ Սերժի «մահապարտը», որպեսզի հարկ եղած դեպքում դրանց աշխատանքի արդյունավետությունը բարձր լինի։

«Չափավորներին» կամ «չեզոքներին» իշխանությունները «կացնային» մեթոդով աշխատելու հրահանգ են տալիս միայն քաղաքական լարումների նախաշեմին կամ բուն լարման փուլում։

Նկատենք, որ նույնիսկ լարված իրավիճակներում «Առավոտը» ձգտել է պահել իր «չեզոք» դեմքը (այլ հարց է, որ դա հաճախ չի ստացվել)։ Սակայն դատելով ամենից՝ Ա. Աբրահամյանը վերջին շրջանում հայտ է ներկայացնում մտնել «Գեբելսյան» քարոզչամեքենայի առաջամարտիկ համարվող արմանբաբաջանյանական «1in.am»–ի տիրույթ։ Թե ինչու է նա այդպիսի որոշում կայացրել, այլ խոսակցության թեմա է։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ կեղտոտ խաղերից հեռու մնալ փորձող «Առավոտը» կամաց–կամաց մոտենում է կարմիր սահմանագծին։

Բերեմ կոնկրետ օրինակ։

Օրերս «Առավոտ» կայքը, հղում անելով անանուն աղբյուրին, մի «լուր» էր հրապարակել՝ այն ներկայացնելով որպես նոր բացահայտում։ Անանուն քաջ նապաստակ ազատամարտիկի ասածները հիմք ընդունելով՝ «Առավոտը» նշել էր, թե իբր պատերազմի տարիներին Հորադիզը հանձնվել է, քանզի ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը թալանը չէր կարողացել կիսել Սյունիքի նախկին մարզպես Սուրիկ Խաչատրյանի հետ։ Եվ միայն Սերժ Սարգսյանի ու Վազգեն Սարգսյանի միջամտությունից հետո են մերոնք հետ գրավել կորցրածը։

Թե քանի՞ չորքոտանու կարող էին նման հնդկական կինոյով խաբել Արամ Աբրահամյանն ու իր սիրելի Սերժ Սարգսյանը, թողնենք իրենց երևակայությանը և նախագահական նստավայրի «պոլիտմուտիլովչիկների» հաշվարկներին։

Ակնհայտ է, որ այդ կեղծ լուրը շրջանառության մեջ էր դրվել Սամվել Բաբայանին վարկաբեկելու նպատակով։

«7 օրն» այդ էժանագին հրապարակման վերաբերյալ իր տեսակետը ներկայացրել էր՝ նշելով, որ իրեն չեզոք ներկայացնող Աբրահամյանին ներողությունն այս անգամ չի փրկի, քանզի չի կարելի մարդու վրա ցեխ շպրտել, իսկ հետո ասել, որ սխալվել ես։

Այն ինչ կանես գրչի հարվածով, չես շտկի կացնով՝ ասվում է հայտնի ասացվածքում։ Աբրահամյանը շատ լավ գիտի այդ մասին։ Գիտի, բայց գրիչն անհիմն օգտագործել է Բաբայանի դեմ։ Ու որպեսզի մաքրվի իր արածից, մեկ այլ լուր է հրապարակել, այս անգամ արդեն կոնկրետ աղբյուրին հղում տալով։

«Առավոտի» հետ զրույցում Գեներալ-մայոր, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը բարոյական չի համարում անանուն ազատամարտիկի այն հայտարարությունը, թե Հորադիզի անկման պատճառը ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի եւ Գորիսի գումարտակի հրամանատար Սուրիկ Խաչատրյանի տարաձայնություններն էին՝ թալանը չկիսելու հարցում:

Այս հերքման միջոցով Աբրահամյանը, փաստացի, ներողություն է խնդրել իր նախորդ՝ վարկաբեկիչ հրապարակման համար՝ փորձելով կրկին «չեզոքության» դաշտ տեղափոխվել՝ «Տեսե՛ք, ես բոլորին էլ խոսափող եմ տրամադրում» թեմայով։ Այս ձևով Արամ Աբրահամյանը Սերժ Սարգսյանի սիրած «և՛, ... և՛» սկզբունքն է ուզում կիրառել, բայց ինչպես Սերժի մոտ, այնպես էլ Արամի մոտ դա չի ստացվում, քանզի «անոնիմկայի» միջոցով հակաքարոզչություն անել մարդու դեմ, հետո օրեր անց կոնկրետ դեմքի միջոցով հերքել սեփական «անոնիմկան»՝ դուրս է էթիկայի գրված ու չգրված օրենքներից։ Դա «և՛, ... և՛» չէ, այլ էժանագին «տրյուկ»։

Ինչպե՞ ս իրեն կզգա Արամ Աբրահամյանը, եթե լրատվամիջոցներից որևէ մեկը, հղում անելով անանուն աղբյուրին, գրի, թե նա գող ու ավազակ է, իսկ հետո ուրիշի բերանով հերքի այդ լուրը։ Այդ մոտեցումն ընդունելի կլինի՞ Աբրահամյանի համար։ Չէ՞ որ մարդուն վարկաբեկելը հեշտ է, իսկ անունն ու պատիվը վերականգնելը՝ դժվար։ Հատկապես որ վարկաբեկիչ նյութդ «Առավոտի» քույր լրատվամիջոցներն արագորեն տարածում են, իսկ ահա հերքումդ որևէ մեկը նույն էնտուզիազմով չի տարածում։

Այնպես որ Արամ Աբրահամյանը պետք է թարգի իր «և՛, ... և՛»–ը և անցնի «կամ, կամ»–ին, այն է՝ կա՛մ շարունակի մնալ «չեզոք» ու սեփական բիզնեսը վարել համեմատաբար տանելի մեթոդներով, կա՛մ մտնի «1in.am»-ի տիրույթ՝ պատրաստ լինելով համարժեք պատասխանի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը