Լրահոս

24.03.2014 08:43


Վրաստանում անցած շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

Վրաստանում անցած շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

«Եթե Վրաստանին առաջարկեն մասնակցել Ղրիմում ԵԱՀԿ-ի առաքելությանը, մենք անպայման կքննարկենք այդ առաջարկությունը: Դեռևս որոշակի աշխատանք տվյալ ուղղությամբ չի տարվում: Միակ բանը, որ հայտնի է, այն է, որ ԵԱՀԿ-ն Ղրիմ կուղարկի 30 հոգուց բաղկացած դիտորդների խումբ: ԵԱՀԿ-ի առաքելության հարցով դեռևս չկա որոշակիացում, բայց հիշեցնեմ, որ Վրաստանը միշտ մասնակցել է առաքելություններին, որոնք աջակցում են այս կամ այն շրջանում հաստատականության հաստատմանը: Նման օրինակները բազմաթիվ են, և եթե Վրաստանն առաջարկ ստանա մասնակցելու Ղիրմում ԵԱՀԿ-ի առաքելությանը, մենք անպայման կքննարկենք նման հնարավորությունը», -մարտի 17-ին հայտարարել է Վրաստանի Արտաքին գործերի նախարարը:

Խորհրդարանական մեծամասնության պատգամավորը Գեդևան Փոփխաձեն խոսել է երկրի ղեկավարության թերությունների մասին: Ըստ նրա խոսքերի` կառավարությունն արդեն թույլ է տվել մի քանի սխալներ և ամենալուրջ սխալը կապված է քաղաքական որոշումների ընդունման գործընթացի հետ: «Որոշ քաղաքական որոշումներ ընդունվում են առանց որևէ քննարկման և զրույցի, ինչը ինքնին արդեն ժողովրդավարությունից հեռացման նշան է: Մենք պետք է ընդունենք,որ կա բավականին մեծ ընտրողների քանակ, որոնք դժգոհ են ներկայիս ղեկավարությունից»,-հայտարարել է «Վրացական երազանք»-ի պատգամավորը:

«Երեք ամիս առաջ Քաղաքացիական ներառման կենտրոնը հետազոտություն է անցկացրել, թե ինչ է այսօր կատարվում աշխատանքի շուկայում: Մենք հետազոտել ենք ստաժորների և պրակտիկանտների իրավունքների խախտման հարցը: Մենք նաև հետազոտել ենք մեր օրենսդրությունը և պարզվել է, որ նույնիսկ պետական մարմիններում հաճախ խախտվում է և՛ օրենքը, և՛ մարդու իրավունքները: Դա կատարվում է այն ժամանակ, երբ ստաժորներին աշխատանքի են վերցնում առանց պայմանագրի ձևակերպման և սրանք ստիպված են աշխատել գործատուի հետ նեղ համաձայնագրի հիման վրա: «Աշխատանքային կոդեքսի» ուսումնասիրումից հետո պարզվեց, որ տվյալ օրենքում չկա «ստաժոր» և «պրակտիկանտ» հասկացությունների հստակ որոշակիացում: Այդ կերպ օրենքը ոչ մի ձև չի պաշտպանում ստաժորներին և պրակտիկանտներին: Նրանք օրենքից դուրս են: Այդ թվում նաև բոլոր պետական և մասնավոր ընկերությունները աշխատանքի ընդունելիս պահանջում են փորձի առկայություն», -մարտի 18-ին հայտարարել է Լևան Չիտաձեն:

«Աշխատանքի տեղավորման» կենտրոնի համաձայն` «վերջին ամիսների ընթացքում մարդկանց քանակությունը, որոնք ուզում են աշխատանքի տեղավորվել, աճել է 10%-ով: Միաժամանակ Ազգային վիճակագրության գործակալության տվյալների համաձայն` աշխատանքի տեղավորվածների քանակը նվազել է 9.000 մարդով: Եթե առաջ ընկերությունները թափուր աշխատատեղերի հայտարարության ժամանակ 1000 լարի աշխատավարձ էին նշում, ապա այսօր այդ նույն աշխատատեղի համար առաջարկվում է 500-600 լարի: Միաժամանակ թափուր աշխատատեղերի քանակը կրկնակի կրճատվել է: Հաշվի առնելով այդ փաստը` բացառված չէ, որ կիրականանա Միջազգային Արժույթի Հիմնադրամի տեսությունը, որի համաձայն` Վրաստանում գործազուրկների քանակը 2012թ.-ի տվյալների համեմատությամբ կաճի 17%»-ով»:

Ղրիմյան իրադարձությունների հետ կապված «Ազգային շարժման» առաջնորդներից մեկը` Դավիթ Բաքրաձեն, Վրաստանի կառավարությանը որոշակի գործողությունների ձևակերպման կոչ է անում: «Անհրաժեշտ է, որպեսզի Կառավարությունը ընդհանուր անհանգստությունից անցնի դեպի որոշակի քաղաքական գործողությունների: Վրաստանը պետք է աջակցի այն բոլոր սանկցիաներին, որոնք քաղաքակիրթ երկրները վարում են ընդդեմ Ռուսաստանի: Վրաստանը Եվրամիություն և ՆԱՏՕ մտնելիս պետք իրականացնի ռադիկալ քայլեր: Անհրաժեշտ է, որպեսզի Կառավարությունը ունենա հստակ դիրքորոշում այն բանի հետ կապված, որ այսօր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը կախված է ոչ թե Ռուսաստանի «ոչ ցասման» քաղաքականությունից,այլ Արևմուտքի և քաղաքակիրթ երկրների` Ռուսաստանի դեմ հաղթանակից: Անհրաժեշտ է, որ Վրաստանի Կառավարությունը անի ամեն ինչ, որպեսզի Ուկրաինայի օկուպացման հարցին զուգահեռ մշտապես առկա լինի Վրաստանի թեման», -հայտարարել է Դավիթ Բաքրաձեն:

Բիձինա Իվանիշվիլին հիասթափված է գործող նախագահից: «Իմեդի» հեռուստաընկերության հետ զրույցում նախկին վարչապետը հայտարարել է, որ նախագահական ընտրություններից հետո Գիորգի Մարգվելաշվիլին ցուցաբերել է սկզբունքորեն նոր որակներ: «Ես որոշակի մակարդակում հիասթափված եմ: Մարգվելաշվիլու մոտ ի հայտ են եկել բնավորության սկզբունքային նոր որակներ, որոնք նա չէր ցուցաբերել մինչ նախագահ ընտրվելը», -մարտի 19-ին հայտարարել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Համերաշխության և Քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարը գտնում է, որ Բիձինա Իվանիշվիլին իրավունք ունի քննադատաելու վերին պաշտոնյաներին, քանի որ նա քաղաքացիական բաժնի ներկայացուցիչ է: «Նախկին վարչապետն այսօր քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչ է և նա կարող է ունենալ իր հայացքները: Փառք Աստծո,որ Վրաստանում եկան այնպիսի ժամանակներ,երբ կարելի է բացեիբաց և առանց վախենալու քննադատել վերին պաշտոնյաներին», -հայտարարել է Պաատա Զաքարեիշվիլին:

Իրավաբանական և Պաշտպանության ու Անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովներում քննարկել են փոփխություններ «Ռազմական պարտականությունների և ռազմական ծառայության» օրենքում: Պատրաստված փոփոխությունների համաձայն` պարտադիր ռազմական ծառայության պայմանագրային կատարման ժամկետը կկրճատվի և 18 ամսվա փոխարեն կդառնա 12 ամիս:

Ֆինանսների նախարարի տեղեկության համաձայն` հաստատված է տնտեսության 7,1% աճ: «2013թ.-ի փետրվարի համեմատությամբ հաստատվել է տնտեսության 7,1% աճ: Դա այն տեղեկությունն է, որը հայտնի է ֆինանսների նախարարությանը և բնականաբար վիճակագրությունը պետք է մշակի, ճշտի այդ տվյալները», -մարտի 20-ին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:

Ըստ Պետական (Ռեեստրի)գրանցման, Գյուղատնտեսության նախարարության և Վրաստանի Նոտարական Պալատի միջև ստորագրված եռակողմ համաձայնագրի` հեշտացվում է գյուղատնտեսական կոոպերատիվների գրանցման գործընթացը: Մեմորանդումի գործադրումից հետո գյուղատնտեսական կոոպերատիվների գրանցումը հնարավոր կլինի «մեկ պատուհանի» սկզբունքով. Կոոպերատիվի գրանցման համար ցանկացողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը. Հիմնադիրների համաձայնություն/ հայտարարություն, Գրանցման վճարի ստացական, դիմողի լիիրավությունը հաստատման փաստաթուղթ, օգտագործման կամ սեփականատիրության իրավունքը հաստատող փաստաթուղթ, գյուղատնտեսական կոոպերատիվի կանոնադրություն:

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունն ուրախություն է հայտնում Եվրոպայի հետ Ասոցիացիայի համաձայնության ստորագրման գործընթացի արագացման հետ կապված: «Մենք ուրախ ենք Եվրամիության կողմից արված վերջին հայտարարության առթիվ, որի վերջին պարբերությունը վերաբերում է Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը: Այդ պարբերության մեջ նաև ասված է, որ Եվրամիությունը պատրաստ է նաև Ասոցիացիայի մասին պայմանագիր կնքել նաև Վրաստանի և Մոլդովայի հետ: Այդ կերպ պայմանագրի ստորագրումը սպասվածից երկու ամսով առաջ է տեղափոխվել, ինչը չի կարող մեզ չուրախացնել: Մենք հուսով ենք, որ պայմանագրի ստորագրման արագացումը կապված է ոչ միայն նրա հետ , որ Եվրամիությունն է այդպես ուզում, այլև որ Վրաստանն էլ արդեն պատրաստ է համաձայնագրի ստորագրմանը: Վրաստանն արդեն սկսել է կատարել այն պարտականությունները, որոնք նա իր վրա է վերցրել Եվրամիության հետ Ասոցացման մասին պայմանագրի ստորագրման հայտատարության մեջ»,-մարտի 21-ին հայտարարել է Վրաստանի Արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:

Վրաստանի Գլխավոր դատախազությունը երկրի նախկին նախագահ Սահակաշվիլուն հարցաքնության է կանչել: Դատախազության տվյալ որոշման մասին հայտնի դարձավ դատախազի հատուկ ճեպազրույցի ժամանակ, որը կայացավ մարտի 22-ին: Հայտարարության համաձայն` Սահակաշվիլին հարցաքննության է կանչվում կապված այն անձանց համաներման հետ, որոնք հետաքննվում էին «Գիրգվլիանիի» գործով: Ինչպես նաև դատախազի հայտարարության համաձայն` Սահակաշվիլին պետք է պատասխանի շատ այլ հարցերի: Ինչպես հայտնել է Սահակաշվիլին, ինքը դեռևս չի պատրաստվում գալ Թբիլիսի և Դատախազությանը ցուցմունքներ տալ: Մարտի 23-ին հրապարակվել է Վրաստանի վարչապետի հետ հարցազրույցը, որտեղ նա կոչ է անում Սահակաշվիլուն գալ և Դատախազությանը ցուցմունքներ տալ: «Եթե Սահակաշվիլին ինքնագիտակից է, նա պետք է գա և ցուցմունքներ տա: Նա պարտավոր է գալ, քանի որ եղել է այս երկրի նախագահը 9 տարիների ընթացքում և Դատախազությունը բազմաթիվ հարցեր ունի նրան տալու, այդ թվում նաև ծանր գործերի շուրջ: Եթե Սահակաշվիլին չգա, ապա Դատախազությունը կգործի օրենքի շրջանակներում և կհայտարարի, որ նա հետապնդման մեջ է», - մարտի 23-ին հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Այս խորագրի վերջին նյութերը